Ինչպես գրել ենք, Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Արևշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Զաքարյանն, աշխատակազմի գլխավոր մասնագետ Վասիլ Կիրակոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Հալաջյանը, առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Յայլոյանը և մի շարք այլ աշխատակիցներ ու բնակիչներ (այս պահին թվով 7-ն են) դիմել են ոստիկանության Արթիկի բաժին՝ հաղորդում ներկայացնելով առ այն, որ Ս. Խ․-ն իրենց վստահությունը չարաշահելով՝ 2019թ. հոկտեմբեր ամսին իրենցից պարտքով գումարներ է վերցրել, ինչպես նաև իրենց անվամբ վարկեր է ձեւակերպել՝ մեկ ամսվա ընթացքում վճարելու պայմանով, սակայն ո՛չ գումարն է վերադարձրել, ո՛չ էլ վարկերը վճարել:
Դեռ երկու տարի առաջ Ս․Խ․-ն բանկերից մեկից Հովհաննես Զաքարյանի անվամբ վերցրել է 4.000.000 դրամ, նույնչափ գումար Վասիլ Կիրակոսյանի անվամբ, Արտակ Հալաջյանի անվամբ՝ 5.000.000 դրամ, իր անվամբ՝ 5.000.000 դրամ, իսկ մյուս քաղաքացիները հանդիսացել են երաշխավորներ:
Ս. Խ․-ն վերջիններիս հետ բանավոր պայմանավորվել է, որ մինչև 2020թ. հունվար ամիսը գումարն ամբողջությամբ կվճարի, սակայն չի վճարել, եւ այժմ վարկի գումարը կազմում է շուրջ 22.000.000 դրամ:
Բացի այդ, Ս.Խ․-ն Հովհաննես Զաքարյանից պարտքով վերցրել է 2.000.000 դրամ, Վասիլ Կիրակոսյանից 4000 ԱՄՆ դոլար, իսկ Ստյոպա Գրիգորյանից՝ 1.850.000 դրամ գումար, որոնք դարձյալ չի վերադարձրել:
Կարդացեք նաև
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ խոսքը Արևշատ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանի մասին է, որը, ըստ ոստիկանությանը հասցեագրված բողոքների, գումարներ վերցրել է ոչ միայն համայնքապետարանի աշխատակիցներից, այլ ծանոթ-բարեկամներից, համագյուղացիներից ու հարակից գյուղերի բնակիչներից, որոնցից թիվը տասնյակից ավելի է։
Պարտքատերերը բողոքել են, որ խանութ ու ռեստորան ունեցող համայնքապետը նրանցից մի քանի օրով է գումար խնդրել՝ ասելով՝ կոնֆետ, նարինջ կամ այլ ապրանք եմ ներկրում, մաքսայինում հարկեր պիտի մուծեմ, պարտքով տվեք, մի քանի օրից կվերադարձնեմ, սակայն այդպես էլ չի վերադարձրել․ 2 շաբաթը կամ 10 օրը դարձել են օրեր, ամիսներ, տարիներ։ Վերջիններիս այդպես էլ անհայտ է մնացել, թե ինչ է արել գյուղապետը խաբեությամբ վերցված այդ գումարները։
Ի դեպ, նա 16 տարի ղեկավարել է այս համայնքը, Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջում նշված է՝ 2005 թվականից համայնքապետ է, այժմ ժ/պ է։
Դեկտեմբերի 5-ին Արթիկն ու հարակից 23 գյուղերը միավորվել են։ Խոշորացված Արթիկ համայնքի նորընտիր ղեկավար Անանիկ Ոսկանյանի երդմնակալությունը երեկ է տեղի ունեցել, որից հետո նա գյուղական համայնքներում կնշանակի վարչական ղեկավարներ։
Ոստիկանության կողմից միջոցառումներ են ձեռնարկվում Սայադ Շալիկոյի Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ, նախապատրաստվում են նյութեր։