«2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չինել» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս իշխանությունից որեւէ ակնկալիք այլեւս չունի, իր ակնկալիքը խորհրդարանական ընդդիմությունից է. «Հետադարձ երբ նայում ենք, հասկանում ենք, որ միգուցե ընդդիմության ամենամեծ սխալը արտահերթ ընտրություններին համաձայնելն էր: Ամենակաշմառային երազում անգամ ես չէի պատկերացնում, որ հանրությունը կգնա եւ պատերազմը տանուլ տված, Ալիեւի առջեւ ծնկի եկած քաղաքական ուժին կվերարտադրի: Ես ասում էի՝ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի նաեւ մեզանից ավելի արմատական ուժեր լինեն խորհրդարանում: Այսօր խորհրդարանում ինձ զարմացնում է երկու խմբակցությունների հայտարարությունը Անդրանիկ Քոչարյանի մասին: Սարքում են գործոն Անդրանիկ Քոչարյանին: Ես չեմ հասկանում, ՊՇՌ թեստի շուրջ ընդդիմության երեկվա խրախճանքը: Հասել ենք դրա՞ն: Այս խորհրդարանը Եռաբլուրի արյան ծնունդ է:
Մենք պետականության կորստի առջեւ ենք կանգնած: Լիկվիդացիոն գներով Հայաստանը հանված է գեոպոլիտիկ աճուրդի: Այն ժամանակ մեզ տալիս էին մենյու, ասում էին՝ այս ճաշատեսակներն են, խնդրեմ, ընտրեք սա: Հիմա անգամ այդ մենյույից մեզ ասում են՝ դու ոչինչ ես, քո փոխարեն որոշումը կկայացնենք, մենյույից կհանենք այս լափը, կտանք քեզ, կեր: Հայաստանը դադարել է սուբյեկտ լինել: Սոչիում, Բրյուսելում կայացնում են որոշումներ»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, խորհրդարանական ընդդիմությունը փակուղում է հայտնվել, չկա դրսի աջակցությունը, որովհետեւ կտրվել է իրենց ու ժողովրդի պորտալարը. «Անգամ վերջին հանրահավաքին էներգետիկան չկար, պորտալարը չկար, թեեւ բավականաչափ մարդիկ կային: Եթե չի լինելու դրսում ժողովուրդ, դուք խորհրդարանում ինչքան ուզում եք ամենախելահեղ հարցերը տվեք, չեք կարողանալու Նոբելյան մրցանակի արժանի մանիպուլյատորին նեղը գցել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ