Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Դեռեւս դե յուրե ամրագրված չէ Հայաստանի պարտությունը, որովհետեւ դելիմիտացիա, դեմարկացիա տեղի չի ունեցել»

Դեկտեմբեր 24,2021 18:44

«Մոդուս Վիվենդի» ՀԿ նախագահ Արա Պապյանը այսօր խոսեց Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգային մարտահրավերի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծման եւ սահմանազատման, Թուրքիայի հետ սահմանները բացելու թեմայի շուրջ: Նա ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է գտնվել անվտանգային ծանր միջավայրում, որ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները սրվում են, ինչը եւս կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, որ Իրանը ավելի է մերձենում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ու դա եւս մեզ համար մարտահրավեր է: Այս ամենին նա հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է իր նկրտումները եւ փորձում է առավելագույնը պոկել:

«Ծանր տարի էր: Հետեւանքները կարող էին ավելի վատը լինել: Դեռեւս դե յուրե ամրագրված չէ Հայաստանի պարտությունը, որովհետեւ դելիմիտացիա, դեմարկացիա տեղի չի ունեցել: Ես դա դրական եմ համարում: Եթե դա պիտի տեղի ունենա անօրինական վարչական սահմանների եւ ընդհանրապես անօրինական հիմքի վրա, դա ընդունելի չէ: Հետեւաբար, քանի դեռ գործընթացը, կարծես, չի սկսվել եւ դրա վերաբերյալ ավելի շատ ցանկություններ են, հույս կա, որ կարող է մենք մի փոքր ավելի դյուրությամբ դուրս գանք այս վիճակից: Այսինքն, չարյաց փոքրագույն տարբերակով, այլ ոչ թե ինչ-որ բան կշահենք: Կարծում եմ, որ մյուս տարի  փետրվարից կսկսեն լուրջ խնդիրներ առաջանալ Ռուսաստանի հետ կապված, որովհետեւ այդ ժամանակ նախատեսվում է իշխանության հանձնման գործընթացի սկիզբը, Ռուսաստանում կլինի նաեւ տնտեսական վիճակի բավականին ծանրացում: Վերջերս սպառնալիքը Արեւմուտքին, մասնավորապես Միացյալ Նահանգներին պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն այլեւս այլընտրանք չունի, որովհետեւ հասկանում է, որ միջազգային զարգացումներն իր օգտին չեն: Ամեն ինչ, կարծում եմ, կախված կլինի առաջիկա 3-6 ամիսներին տեղի ունենալիք աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումներից»,- ասաց բանախոսը:

Արա Պապյանը խոսեց նաեւ միջանցքի տրամադրման խնդրից, ինչը հասարակությանը բաժանել է երկու հատվածի. մի մասը դրանից էյֆորիայի մեջ է, մյուսը երկյուղածությամբ է դրան սպասում: «Առեւտրի աճը տնտեսական զարգացման նշան չէ: Ադրբեջանին եւ Թուրքիային միջանցքի տրամադրումը եւ առեւտուրը առաջին փուլում կբերեն գների էժանացման: Կես տարի, մեկ տարի սպառողի համար լավ կլինի, որովհետեւ ապրանքի գինը կընկնի: Բայց դա կհանգեցնի նրան, որ մեր կիսամեռ տնտեսությունը, հատկապես փոքր եւ միջին բիզնեսը կսնանկանան, որովհետեւ չեն դիմանա մրցակցությանը: Ակնհայտ է չէ՞, որ բնական եղանակային պայմաններում գյուղատնտեսությունը, էլ չեմ ասում ջերմոցային տնտեսությունը, որը հիմնականում աշխատում է փետրվար-մարտ ամսվա համար, թուրքական գյուղմթերքը Հայաստան լցվելուց հետո սնանկանալու են: Այս մրցակցությանը մենք չենք կարող դիմանալ եւ սա շատ կարեւոր հանգամանք: Ոչ օրենքներով, ոչ մաքսերով, որ ասում են, կարգավորել չենք կարողանա, որովհետեւ մենք ԱՀԿ անդամ ենք եւ անդամագրվել ենք առանց որեւէ վերապահության: Հետեւաբար, մաքսային դրույքաչափերը մենք չենք կարող 10 %-ից ավել սահմանել: Իսկ թուրքերը ունեն վերապահություններ եւ կարող են:

Մյուս կողմից հնարավոր է՝ Թուրքիա պետությունը դեմպինգի քաղաքականություն իրականացնի: Այսինքն, այդ պետության համար $ 1 միլիարդը մեծ գումար չէ: Ինքը դոտացիա է տալիս սեփական արտադրողին Հայաստան արտահանելու համար՝ ապահովագրելով ռիսկերը, հետեւաբար, այս ամբողջը իրենց վրա էժան է նստում: Մտնելով հայկական շուկա՝ կարճաժամկետ առումով հայերին դուրս են մղում հայկական շուկայից եւ 2-3 տարի հետո կտրուկ կարող են գները բարձրացնել, որովհետեւ արդեն հայ արտադրողը չի կարողանա նույն արագությամբ վերականգնել իր տնտեսությունը:

Այնպես որ, ես չեմ կարծում, թե բաց սահմանները լավ են: Ընդհակառակը, դա պրոտեկցիոնիզմի քաղաքականություն է այսօր Հայաստանի համար: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես հայկական շուկա մտնելու քաղաքականություն է վարում միջնորդ բանկերի, միջնորդ կազմակերպությունների միջոցով: Եթե շուկան պաշտպանված չլինի, պետք է շատ զգույշ վարվել եւ այդքան լավատես չլինել հայ-թուրքական առեւտրի առումով: Կարող է տեղի ունենալ նաեւ այդ առեւտրի մոնոպոլիզացիա: Կհայտնվեն 2-3 օլիգարխներ, ամբողջը կվերցնեն իրենց ձեռքը եւ կհարստանան»,- սպասվելիք իրավիճակը ներկայացրեց Արա Պապյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031