Լրահոս
Օրվա լրահոսը

275 մահ՝ մեկ տարվա ընթացքում․ քովիդի ողբերգական պատկերը Շիրակի մարզում

Դեկտեմբեր 24,2021 18:01

Շիրակի մարզում մեկ տարվա ընթացքում քովիդով վարակվել է 8068 մարդ, մահացել՝ 275-ը։

Այս տխուր պատկերն այսօր մարզխորհրդի ամփոփիչ նիստում ներկայացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Նա ասաց, որ Շիրակի մարզում կորոնավիրուսային ստացիոնար բաժանմունքներ չկան, փակվել են՝ պայմանավորված հանրապետությունով մեկ վիրուսի թվերի նվազմամբ, սակայն ամբուլատոր բուժում ստացող հիվանդների թիվը 92 է։

«2021 թվականի տարեսկզբից մինչև դեկտեմբերի 1-ը մենք մարզում արձանագրել ենք կորոնավիրուսային վարակի 8068 դեպք, որից 275-ը մահվան ելքով»-տեղեկացրեց մարզպետարանի պաշտոնյան։

Նա անդրադարձավ նաև պատվաստումներին։

«Առաջին դեղաչափով պատվաստված ունենք 68 հազար 728 մարդ, որը կազմում է 39 տոկոսը։ Երկրորդ դեղաչափով՝ 47 հազար 28, որը կազմում է 26,7 տոկոսը։ Տոկոսները հանված են վիճակագրական կոմիտեի ներկայացրած մարզի 18-ից բարձր ազգաբնակչության թվից ելնելով», -ասաց Լեյլի Ասլանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ պետական կառավարման մարմինների աշխատակիցների 95,5 տոկոսը պատվաստված է, առողջապահության համակարգի աշխատակիցների 95,2 տոկոսը, ուսումնական հաստատությունների աշխատակիցների 94,1 տոկոսը և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների 87,3 տոկոսը։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ, ամփոփելով այս տվյալներն, ասաց, որ փաստացի Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս անձանց 39 տոկոսը։

«Հուսամ՝ մինչև տարեվերջ ցուցանիշը կկարողանանք բարձրացնել։

Հարգելի՛ ներկաներ, մեր վիճակագրական տվյալները և հետազոտությունները ցույց են տալիս, որ կրկնակի պատվաստում ստացած անձանց շրջանակում հիվանդացության դեպքերը խիստ քիչ են, մահացության դեպքերը 0,5 տոկոս հանրապետության ցուցանիշով չեն գերազանցում։

Այն մարդիկ, որոնք որ երկրորդ պատվաստումը ստացել են վեց ամիս առաջ, հնարավորություն ունեն այսպես ասած բուստեր ստանալու, այսինքն՝ երրորդ չափաբաժինը, որոշ երկրներում քննարկվում է չորրորդ չափաբաժինը մտցնելու հարցը։

Պատվաստանյութերի առումով մարզում որևէ դեֆիցիտ չունենք, նաև հանրապետությունում, իսկ նախօրեին կառավարության որոշմամբ հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետությունը գնում կիրականացնի և կունենանք ևս մի տեսակի պատվաստանյութ, խոսքը «Ֆայզերի» մասին է։ Առաջիկայում էլ բավական մեծ խմբաքանակով նվիրատվություն է սպասվում», -ասաց Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ մարզխորհրդի մասնակիցների թիվն այս անգամ քիչ էր․ եթե նախկինում համայնքները դեռ խոշորացված չէին ու մեծ թվով համայնքապետեր էին մասնակցում, այս անգամ համայնքապետերից ընդամենը 6-ն էին։ Ներկա էին նաև ուժային կառույցների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզի դատախազը, ոստիկանապետը, որոնց Շիրակի մարզպետը հատուկ շնորհակալություն հայտնեց ընտրությունների ընթացքը պատշաճ վերահսկելու ու այն անցնցում ավարտին հասցնելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031