Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչխար ենք մորթել»․ Արշակ Զաքարյանի եւ ընկերների կատակը՝ առաջին դատական նիստում

Դեկտեմբեր 24,2021 17:53

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հանրային գործիչներ Արշակ Զաքարյանի, Տիգրան Չոբանյանի, Իսրայել Հակոբկոխյանի, Արագած Ախոյանի, Վահագն Չախալյանի գործով առաջին դատական նիստն էր։ Նրանք մեղադրվում են նրանում, որ փորձել են իշխանությունը զավթել՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով փորձել են տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին, սակայն հանցանքն ավարտին չի հասցվել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով։ Միջադեպը եղել էր այս տարվա հունվարի 28-ին, երբ քաղաքացիները կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ բախում էր եղել։

Մինչեւ նիստի սկսվելը դահլիճ եկած տղամարդկանցից մեկին՝ Մկրտիչ Մկրտչյանին մեղադրյալները հարցրին, թե ինչու է նա տուժողի կարգավիճակում։ Նա պատասխանեց, որ կառավարության անցագրայինի մոտ իրեն հարվածել են։

Մինչեւ դատավորը կգար, Արշակ Զաքարյանը, նկատի ունենալով իրենց մեղսագրվող արարքը, կատակում էր․ «Ոչխար ենք մորթել»։ «Ես պետք է դատախազի կողմում նստեմ, ես տուժող եմ»,-իր հերթին ասում էր Իսրայել Հակոբկոխյանը։

Նիստը սկսվելուն պես՝ դատավորին զեկուցվեց, որ Վահագն Չախալյանը եւ նրա պաշտպանը չեն ներկայացել, որովհետեւ չեն ծանուցվել։ Պաշտպաններից երկուսն էլ հենց մեղադրյալներից էին իմացել նիստի մասին, այսինքն՝ չեն ծանուցվել, այլ բանավոր են տեղեկացել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ դատավարության բոլոր մասնակիցներին ուղարկվել են ծանուցագրեր։ Մյուս տուժողները եւս չէին ներկայացել։ Այս հիմքով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց 2022թ․-ի փետրվարի 25-ին՝ 16։00-ին։

Aravot.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանը հետեւյալ դիրքորոշումը հայտնեց մեղադրանքի առնչությամբ․ «Մենք այդ օրը խաղաղ ցույցի էինք մասնակցում։ Ոստիկաններն ամեն ինչ արեցին, որ սադրանք ու բախում լինի։ Սակայն դա տեղի չունեցավ։ Մեզ բերման ենթարկեցին հրապարակի շատրվանների մոտից՝ խաղաղ պայմաններում։ Մենք ուղղակի կանգնած էինք։ Ոստիկաններն եկան, ընկերներիս տարան։ Ասի՝ բա մե՞զ ինչու չեք տանում, պատասխանին՝ դե լավ, դու էլ արի․․․հետո արդեն ոստիկանությունում էինք, մեկը դուռը բացեց ասաց՝ 219։ Հետաքննիչը սառեց․․․հետո ասաց, որ ծանր հոդված է՝ շենք-շինություն գրավել, եթե չեմ սխալվում։ Ես էլ ապշեցի։ Մեզ թվաց, թե այս գործը կկարճեն, որովհետեւ չի եղել այն, ինչում մեզ մեղադրում են։ Բայց հետո պարզվեց, որ հոդվածը փոխել են՝ իշխանություն զավթել։ Դա աբսուրդ է։ Ծիծաղում ենք ուղղակի։ Տուժողներ են հայտնվել։ Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ հանգամանքներում են նրանք տուժել։ Մեկն էլ ասում է, թե քիթն է վնասվել։ Դա իմ համար նորություն է։ Այս մեղադրանքը մեզանից որեւէ մեկին չի վերաբերում։ Կառավարության մուտքի մոտ ոստիկաններ էին կանգնած։ Հետեւից մի խումբ հրում էր, արհեստական բախում էին ուզում ստեղծել, բայց չեղավ։ Անգամ ոստիկաններից մեկը Տիգրան Չոբանյանին առաջարկել էր դուռը բացեն, որ մտնենք։ Չոբանյանն էլ ասել էր՝ բայց ինչի՞ համար, մտնենք ի՞նչ անենք։ Մի խոսքով՝ սա հրահրված բան էր։ Կադրերում երեւում է, որ Իսրայել Հակոբկոխյանը ձեռքերը պարզած՝ ժողովրդին ասում է, որ հետ գնան, հանգիստ լինեն։ Այս հինգ հոգուս վրա նման մեղադրանք դնելը քաղաքական պատվեր է։ Երեւի Նիկոլ Փաշինյանը մտել է շշի մեջ ու որոշել, որ իր ձեռքի տակ եղած համակարգով թատրոն սարքեն՝ ամբոխին նման կեղծիքներով կերակրելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031