Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, ով ուզում է՝ մասնակցի». Էդուարդ Շարմազանովը՝ Թուրքիայի հետ Հայաստանի բանագնացի մասին

Դեկտեմբեր 24,2021 17:21

«ՀՀԿ 17-րդ համագումարն առհավատչյան է նրա, որ ՀՀԿ-ն ազգային քաղաքական ուժ է եւ գործելու է կոշտ ընդդիմության դիրքերից: ՀՀԿ-ն տվեց այս իշխանության քաղաքական էպիկրիզը՝ սրանք կապիտուլյանտ իշխանություն են, չեն կարող սպասարկել ՀՀ-ի եւ Արցախի շահը, որ սրանք ձեռքերը լվացել են Արցախից եւ այսօր էլ գնում են թրքահպատակության, կեղծ խաղաղասիրության»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ «մեծ բլեֆ» որակելով Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու՝ գործող իշխանության ծրագրերը:

Նա կրկնում է՝ ապաշրջափակման անվան տակ, ՀՀ գործող իշխանությունն իրականացնում է պանթուրքիզմի դարավոր երազանքը, ինչի մասին երազել են թե Թալեաթը, թե Էնվերը, թե Քեմալ Աթաթուրքը, թե Օզալը, Դեմիրելը եւ Էրդողանը: Նա հիշեցնում է, որ Սյունիքը քաղաքագիտական գրականության մեջ թուրքերն անվանում են իրենց համար «անիծյալ սեպ» եւ ՀՀ-ում գործող կապիտուլյանտ ռեժիմը այն Թուրքիայի համար վերածում է «դրախտային ճանապարհի»՝ դեպի թուրքական աշխարհ:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՀՀ իշխանության որեւէ ներկայացուցիչ չի խոսում թուրքական ժխտողականությունից, ցեղասպանության միջազգային ճանաչումից, անգամ Շուշիի եւ Հադրութի բռնազավթված լինելուց, խոսում են միայն առեւտրից ու ստամոքսից, իսկ Եռաբլուրը՝ հայկականության հաղթանակի խորհրդանիշից վերածվել է պարտության խորհրդանիշի եւ ողբի վայրի: Նրա գնահատմամբ, այսօր շրջադարձային փուլ է մեր պետության եւ պետականության համար, Հայաստանը գնում է դեպի թրքացում, իսկ հանրության մեծ մասը քնած է կամ ապատիայի մեջ, ինչի արդյունքը եղավ այն, որ հունիսի 20-ի ընտրություններին «այո» ասվեց պարտության խորհրդանիշ իշխանությանը:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, Արցախի խնդրի շուրջ կարելի էր անվերջ բանակցել՝ պահպանելով նախկին իրավիճակը, ճիշտ այնպես, ինչպես 1974 թվականից ձգվում է Կիպրոսի խնդիրը, 1948 թվականից առ այսօր շարունակվում է արաբաիսրայելական խնդիրը եւ այդ երկրների որեւէ իշխանություն իր ազգային ու պետական շահերը չի զիջում: Մինչդեռ Թուրքիան այսօր շարունակում է 1915 թվականի իր գործը՝ վերացնելով հայկական գործոնը՝ կլինի քաղաքական, տնտեսական, թե մշակութային:

Էդուարդ Շարմազանովը նաեւ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, երբ հայտարարում է, որ 2018-ին՝ Արցախի հարցի բանակցային փաթեթում ինքնորոշման իրավունքի դրույթ չկար, որ համանախագահները հրաժարվել էին դրանից: Հորդորեց՝ այսօր կայանալիք առցանց ասուլիսում իր հայտարարությունը հավաստող փաստաթուղթ ցույց տալ:

Նաեւ հավելում է, որ 2018-ից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, բանակցային փաստաթղթերում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրույթին փոխարինեց «արդար լուծում» ձեւակերպումը: Այսօրվա իրավիճակում Թուրքիայի հետ որեւէ հարաբերությունն այս իրավիճակում, Էդուարդ Շարմազանովը որակում է «բռնաբարողի եւ բռնաբարվողի» հարաբերություններ:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հարցին. «Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, ով ուզում է՝ մասնակցի։ Այդ բանակցություններ վարողը պետք է իրականացնի Նիկոլ Փաշինյան կոչվածի քաղաքականությունը, նրա հրահանգները: Մարդիկ Ժիրայր Լիպարիտյանին բերեցին պառլամենտ, ասացին՝ էս է մեր քաղաքական դիվանագիտության հայրը»:

Բանախոսի կարծիքով, հայ-թուրքական բանակցությունների հիմքում դրված փաստաթղթում Հայոց ցեղասպանության մասին ձեւակերպումը լինելու է Էրդողանի բանաձեւումների տեսքով. «Պարզ է՝ ինչ փաստաթուղթ պետք է լինի․ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, Ցեղասպանության մասին այնպիսի լղոզված ձեւակերպում, ինչպիսին Էրդողանն է տալիս՝ եւ հայեր են կոտորվել, եւ թուրքեր են կոտորվել. դա մեր ընդհանուր ցավն է։ Այդպիսի մի ընդհանուր բան կասեն, կազդարարեն, թե տեսա՞ք՝ Էրդողանն ասաց՝ դա մեր ընդհանուր ցավն է։ Մի միջին դասի թուրք պաշտոնյա էլ կարող է գալ Ծիծեռնակաբերդ, մի ծաղիկ դնել, սրանք էլ կգնան Քեմալ Աթաթուրքի գերեզմանին ծաղիկ կդնեն, կդառնա «եղբայրություն»։

Նա նաեւ հիշեցրեց՝ Հայաստանն իրենց իշխանության շրջանում եղել է Ցեղասպանության միջազգային դատապարտման առաջամարտիկ երկիրը եւ Գերմանիան, որն առաջին աշխարհամարտում եղել է Թուրքիայի դաշնակիցը, ճանաչել է Ցեղասպանությունը:

Այսպիսի քաղաքականությամբ, ըստ բանախոսի, Հայ դատի ամբողջ պայքարը ՀՀ գործող իշխանությունը ոչնչացնում է, խզում է առաջացնում Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, ծնկածի հոգեբանությամբ իբր բանակցություններ է վարում՝ իրականում կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031