Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Մելքոնյան․ «Կառավարության թերացումների պատճառով ՀՀ-ն ԵՄ-ից դրամաշնորհներ չի ստանում»

Դեկտեմբեր 24,2021 16:27

2022-ի հունվարի 1-ից Հայաստանի համար դադարելու է գործել Եվրամիության արտոնյալ առեւտրի GSP+ ռեժիմը, իսկ այս ռեժիմը մեր երկրին հնարավորություն էր տալիս 2014 թվականից զրոյական կամ գրեթե զրոյական մաքսատուրքով ԵՄ երկրներ արտահանել 6200-ից ավելի անուն ապրանք։

«Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության առեւտրի գծով պատասխանատու Կարեն Ազարյանն ասաց` 2014 թվականից ընդամենը 42 մլն եվրոյի արտահանող օգտվել է GSP+ ռեժիմից, 2019-ին՝ 197 մլն եվրոյի։ Հիմնական ոլորտներն, 93%-ից ավելին, ըստ Ազարյանի՝ մետաղականն էր՝ պողպատ, մոլիբդենի եւ պղնձի խտանյութ եւ այլ մետաղական ապրանքներն էին, մնացածը պատրաստի արտադրանք էր՝ սնունդ, ժամացույցներ, ծխախոտ եւ այլն։

«2019-ին 9 միլիոն են խնայել արտահանողները, բայց ԵՄ-ում ներմուծողն է մաքսազերծում անում ու մաքսատուրք վճարում։ Այսինքն, ներմուծողն է խնայել գումարը»,-ասաց Ազարյանը։ Նրա խոսքով՝ GSP+ ռեժիմը դրական ազդեցություն թողեց ՀՀ տնտեսության զարգացման եւ արտահանման վրա, արտադրողները սկսեցին սովորել ԵՄ շուկային, ներկայացվող պահանջներին։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ GSP+ ռեժիմի դադարեցումը բացասական է անդրադառնալու մեր երկրից փայլաթիթեղի արտահանման վրա, տեքստիլի ոլորտն էլ որոշակի անկում կգրանցի։

«114 -146 մլն դոլարի արտահանման մասին է խոսքը։ ԵՄ արտահանման մոտ 20%-ը կրճատվելու է։ Օրինակ՝ հագուստի դեպքում միջին կշռված մաքսային դրույքաչափը զրոյից դառնալու է 11,4%։ Իսկ ի՞նչ է արել կառավարությունն իրավիճակը մեղմելու համար՝ հրապարակային ակտիվ քայլերի չենք հանդիպել»,-ասաց Ֆանյանը։

Կարեն Ազարյանն էլ նշեց, որ ալյումինի եւ մյուս մետաղների արտահանումը կարող է վերաձեւավորվի եւ շարունակի արտահանել ԵՄ, չնայած շահույթը կնվազի։

Հայաստանի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գարեգին Մելքոնյանն էլ նշեց՝ հունվարի 1-ից շատ տնտեսվարողներ բարձր մաքսատուրքերով են ապրանքն արտահանելու ԵՄ, եւ սա իհարկե, բացասական է անդրադառնալու տնտեսության վրա։ Մելքոնյանի ներկայացմամբ՝ կառավարությունը վերջին տարիներին իրավիճակը մեղմացնող գործիքներ գտնելու ու դրանք կիրառելու համար քայլեր չի արել։

Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ կառավարության թերացումների պատճառով ՀՀ-ն ԵՄ-ից չի ստանում դրամաշնորհներ․ «ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրված, վավերացված է։ Սա պետք էր ստորագրեին, դնեին դարակո՞ւմ, թե՞ պետք էր կիրառել, որ Հայաստանը օգուտներ ստանար։ Ճանապարհային քարտեզ ստորագրվեց, եւ կա բավական թերացում սրա կիրարկման գործընթացում։ 2019-20 թվականներին 45 կետ կար, որ պետք է կիրառվեր, 2019 -ի համար 9 կետից 3-4-ն է արվել, 2020 թվին քովիդի եւ պատերազմի պատճառով չէր էլ աշխատում, զգալի մասը թերակատարվել է։ Ինչո՞ւ հիմա ԵՄ-ն ու քաղհասարակությունը չեն խոսում սրա մասին։ Այս թերացումների պատճառով մեր պետությունը մեծ ծավալի դրամաշնորհներ է կորցնում, որ պետք է ստանար ԵՄ-ից, իսկ որպեսզի ստանար դրամաշնորհները, պետությունը պետք է աշխատանքներ տաներ ԵՄ-ի հետ։ Այսինքն, պետությունը պետք է որոշ բարեփոխումներ աներ, որի դիմաց ԵՄ-ից բյուջետային աջակցություն ստանար»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել