«Տասը վարչական շրջանում բոլոր գյուղապետարանները ինչպես կան՝ նույնությամբ մնում են, որեւէ փոփոխություն չկա: Դեռ կազմավորման փուլում է, խոշորացման գործընթացը գնում է, 2-3 ամիս բարդ խնդիրներ ունենք, բայց բոլոր գյուղական համայնքներում նստավայրերը սահմանվել են: Նստավայրերը մնում են նույնը. հետագայում կնշանակվեն վարչական շրջանների ղեկավարներ»,-այսօր հայտարարեց Սեւան համայնքի նորընտիր ղեկավար Սարգիս Մուրադյանը՝ համայնքի ավագանու նիստում:
Հիշեցնենք, որ Մուրադյանը ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր եւ գլխավորում էր «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը: Ուշագրավ է, որ լինելով ՀՀԿ անդամ՝ Սարգիս Մուրադյանի թեկնածությունը պաշտպանում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Կարդացեք նաև
Մուրադյանը Սեւան համայնքի ղեկավար էր 2016 թվականից: Սեւան համայնքում առաջադրվել էին եւս երկու քաղաքական ուժեր՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» ու «Հանրապետություն» կուսակցությունները: Ստանալով 21 մանդատ՝ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարի թեկնածուն՝ Սարգիս Մուրադյանն ընտրվեց Սեւան խոշորացված համայնքի ղեկավար:
Նախքան նիստի օրակարգի հարցերին անցնելը՝ պարոն Մուրադյանն ասաց, որ Սեւան համայնքն իր եկամուտները գերակատարել է գրեթե 110 տոկոսով, եւ, շնորհիվ աշխատակազմի՝ հավաքագրումները հասցրել են 230 միլիոն դրամի: Ասաց, որ սեփական եկամուտների գերակատարումը հնարավորություն է տվել չկուտակել պարտքեր, բոլոր նախատեսված աշխատանքները հասցնել իր տրամաբանական ավարտին: Նրա խոսքով, նախկին տարիների բոլոր պարտքերը զրոյացվել են, բայց ունեն ունենք մեկ վիճահարույց հարց, որն այս պահին դատարանում է, եւ խոսքը 10-15 միլիոն դրամի մասին է:
Ավագանու նիստի օրակարգում էր նաեւ Սեւան համայնքի ղեկավարի 2022 թվականի վարձատրության չափը հաստատելու մասին նախագիծը:
Սարգիս Մուրադյանն ավագանու անդամներին առաջարկեց իր աշխատավարձն առայժմ թողնել նույնը, քանի որ խոշորացման գործընթացը դեռեւս շարունակվում է:
«Այս պահին նպատակահարմար չեմ գտնում աշխատավարձի հետ կապված որեւէ բարձրացում, բայց մինչեւ փետրվար եւ մարտ ամիսները բյուջե ենք հաստատելու, եւ բյուջեով հաստիքացուցակը կհաստատվի, խմբակցություններում կքննարկենք եւ առաջարկություններ կներկայացնենք աշխատավարձերի վերաբերյալ»,-ասաց Սարգիս Մուրադյանը՝ նշելով, որ վարչական ղեկավարների եւ առաջին տեղակալի աշխատավարձերի բյուջեն եւս բյուջեն ավելացնելու են. «Բայց աշխատավարձերի մասին վերջնական կորոշենք եւ կհաստատենք մեր հաջորդ նիստերում»:
Նորընտիր ավագանին չառակեց նաեւ այն նախագծին, որով առաջարկվում էր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հողի հարկի եւ գույքահարկի գծով արտոնություններ սահմանել: Համայնքի ղեկավարը պարզաբանեց. «Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, եթե ժամանակին կատարում են իրենց հարկային պարտավորությունները, 5 տարիների ընթացքում ավագանու որոշում ենք ունեցել՝ բոլոր տույժերը զիջելու վերաբերյալ, հիմա կարծում եմ, նույն որոշումը կկայացնենք: Տույժերի հետ կապված որեւէ խնդիրներ չկա, բայց կհորդորենք մեր ազգաբնակչությանը ժամանակին, ճիշտ կատարել իրենց հարկային պարտավորությունները եւ տույժերի մասով որոշում կայացնելու որոշումը նորից կթողնենք անփոփոխ, բոլոր տույժերը կզիջվեն ավագանու կողմից: Սեւան համայնքում 5 տարի այդպես աշխատել ենք եւ նույնը կկատարենք նաեւ գյուղական համայնքներում»:
Սարգիս Մուրադյանն ասաց, որ վերահաստատում են այն քաղաքականությունը, որ մայր գումարի գծով զիջումներ չեն լինելու: Իսկ, եթե կլինեն շատ խիստ բացառություններ, կներկայացվի ավագանու կազմին, ավագանին կորոշի:
Օրակարգում էր նաեւ Սեւան համայնքին միավորված Նորաշենի ղեկավար ունենալ-չունենալու հարցը: Ըստ օրենքի, եթե տվյալ վարչական շրջանում բնակչությունը 500-ից պակաս է, ավագանին է որոշում՝ ունենա՞լ վարչական շրջան ու ղեկավար, թե՞ ոչ, բայց, ըստ Սարգիս Մուրադյանի, քանի որ խոշորացման գործընթացը նոր է եւ դեռեւս շատ հարցեր կան, Նորաշենը եւս կունենա վարչական շրջան ու ղեկավար:
Նիստի ընթացքում բոլոր հարցերն անցան միաձայն, ավագանու ո՛չ ՀՅԴ, ո՛չ «Հանրապետություն» խմբակցություններից որեւէ հարց չհնչեց նորընտիր համայնքապետին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ