Ասում է գրող, կինոյի և թատրոնի դրամատուրգ, լրագրող Վովա Արզումանյանը
Վովա Արզումանյանը համատեղում է լրագրությունն արվեստի հետ: Սակայն, ինչպես նա է ասում` չի համատեղում, այլ ապրում է երկու իրականության մեջ, հաճախ էլ փորձելով այդ երկուսն ամբողջացնել: Հենց գրականությունը եղավ երկու ճյուղերն իրար կապողը։
«Գրականությունն ինձ տարավ արվեստ, ես երջանիկ եմ և այստեղ ազատություն եմ վայելում: Չկա ու չի եղել ոչ մի երևույթ, որ խանգարի իմ գրչին։ Միայն պատերազմն է, որը, թեև չի խանգարում, բայց նոթատետրիս մեջ կարմիր գիծ է քաշում»,-մեր զրույցում նշում է Վովա Արզումանյանը։
Թատրոնն ու կինոն նրա կյանքում դարձան անսահման շռայլ ու մեծ աշխարհներ, որտեղ էլ իրեն հրաշալի է զգում։ Ասում է՝ գուցե տարօրինակ կհնչի, բայց իր պարագայում կինոյի հանդեպ սերն օրհնել է թատրոնը, և վերջինս մեծ նշանակություն ունի արվեստը խորը ընկալելու գործում։
Կարդացեք նաև
Գրում է և՛ չափածո, և՛ արձակ ստեղծագործություններ, որոնք հիմնականում լույս են տեսնում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տպագիր մամուլում և էլեկտրոնային պարբերականներում։ Ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով, տպագրության է պատրաստ պոեզիայի անգլերեն ժողովածուն, ինչպես նաև հերթական` 5-րդ գիրքը, որում տեղ են գտել վերջին մեկ տարում գրած արձակ և չափածո գործերը։ Երկու գրքերն էլ լույս կտեսնեն 2022 թվականի առաջին եռամսյակում։
Երիտասարդ գրողի գրչին են պատկանում նաև Արցախի բարբառով մեծ սեր վայելած պոեզիայի շարքեր։ Վստահեցնում է` պետք է ճիշտ մատուցել բարբառը, որ սիրվի ու գնահատվի։
Հարցին` սերը ինչպե՞ս է նաև տող դառնում, զրուցակիցս պատասխանել է. «Սիրո մասին խոսելիս մտքերդ տաքանում են, չգիտես` ինչ գրես, որ միայն դու չհասկանաս, այլ նաև շատերը փորձեն իրենց գտնել տողերիդ մեջ։ Ես հասկանում եմ, որ անկեղծությունից այն կողմ ուրիշ գրիչ չկա, որը կգրի այն տողը, որտեղ պոեզիան կտիրի հոգուն ու մտքին։ Այդ անկեղծությունից է սկիզբ առնում սերը…»:
Մեր զրույցը Վովա Արզումանյանի հետ արվեստից անցնում է գրականություն և ճիշտ հակառակը։ Զրուցակիցս կարծում է, որ այսօր արվեստում շատ խնդիրներ կան։ Այդ խնդիրները հնարավորինս վերացնելու համար յուրաքանչյուր արվեստագետ, ինչու ոչ` ամեն անհատ պետք է յուրովի և գիտակցված մոտենա արվեստի ցանկացած ճյուղի, նրա մեջ իմաստ և գաղափար դնի, փնտրի, գտնի, արմատից սկսած ուսումնասիրի։
Ասում է` մակերեսային պատկերացումների արդյունք է, որ այսօր էկրանին ունենք այն, ինչ ունենք, որոշ թատրոններում բեմադրվում են այնպիսի ներկայացումներ, որոնք չարժե բեմ բարձրացնել, երգել այնպիսի երգեր, որոնք պարզապես ստվեր են գցում և կեղտ թողնում ազգային իրականության մեջ։
Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ բազմադարյա մշակույթ ունեցող ազգը իրական արժեքներ գնահատել պետք է կարողանա, հասկանա արվեստի ուժն ու նրա ներգործությունը սեփական ներաշխարհի վրա։
«Ցավոք, մեզ շատ դեպքեր են հայտնի, որ բիզնեսը «ժամանակակից արվեստ» ձևակերպման քողի տակ գերադասվում է բազմիցս։ Ճիշտ է, ժամանակակից արվեստ կա, ավելին` ամեն օր նոր ու հետաքրքիր բացահայտումներ են լինում, բայց չպետք է մոռանանք հինը, որի վրա կառուցվում է մերօրյա արվեստը»-ասաց նա:
Վերջին շրջանում ամբողջովին կենտրոնացել է թատերագիտության, կինոյի և թատրոնի դրամատուրգիայի վրա։ Իր գրասեղանին պոեզիայի և արձակ գրքերի մոտ հիմա ավելի շատ թատերագիտական գրքեր են ու պիեսներ։ Մի քանի մոնոպիես ունի, հիմա էլ երկու նոր պիեսի վրա է աշխատում։ Ամեն բացվող օր նոր փոփոխություն է պահանջում։ Իսկ իր գրչի ու մտքի պահանջները միանգամայն ուրիշ են։
«Ցավալի է, որ տեսական գիտելիքները հաճախ մղվում են երկրորդ պլան։ Շատ մարդիկ, ովքեր տեղյակ չեն թատրոնից, չեն հասկանում իրական թատրոնի ներգործությունը հասարակական կյանքում, պիեսներ են գրում, այսպես ասած` անազատության մեջ։ Մի՞թե դրամատուրգիան սիրում է բանտարկված մնալ։ Միանշանակ կասեմ` ոչ։ Եվ խնդիրը գալիս է այստեղից, որ պաթետիկ ու սահմանափակ շարադրանքները չեն կարող դառնալ բեմի կամ կինոկադրի մասնիկ։ Երբ տողն ու բառը, միտքն ու հոգին ազատություն է վայելում, նույնը փոխանցվում է հանդիսատեսին։ Եվ չկարծեք, թե բոլորը պետք է հավանեն քո ազատությունը։ Սա շատ նուրբ, վիճելի թեմա է»:
Մյուս տարի նրա առաջին կարճամետրաժ ֆիլմի նկարահանումներն են սպասվում, որին անձամբ շատ է սպասում։ Ֆիլմի սցենարում փորձել է այնպես անել, որ խճճված և ծեծված թեմաներ չլինեն, ամեն ինչ լինի անսպասելի ազատ, հոգեհարազատ, կարելի է ասել` «ապրված»։
Ապրումները հաճախ ներկայացվում են պաթոսախառն ձևակերպումներով, բայց նա հակադարձում է դրան, ասելով, որ ապրումների շղթան կարելի է ձևավորել նորովի, անգամ առանց գործող անձի խոսքի, օրինակ` միայն նրա դեմքի կամ ձեռքի մեկ-երկու շարժումով, տեսարանային ու իրավիճակային ինքնատիպ լուծմամբ։
Կարծում է, որ 2022-ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու այն։
ԻԶԱ ԱՍԾԱՏՐՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի
Աղջիկ ջան, կինոյի դրամատուրգ չի լինում, հետո տեղից վեր կացողին չեն ասում դրամատուրգ, քանի թատրոնում է բեմադրվել երիտասարդը, քանի հաջող ներկայացում է ստացվել, որ հիմա էլ ասում ես դրամատուրգ: Հոդված գրելուց առաջ հակավոր է գոնե մի քիչ գրագետ լինել: