Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին պրակտիկան իներցիայով դեռ շարունակվում է». Ավետիք Մեջլումյանը բուհերի քաղաքականացվածության մասին

Դեկտեմբեր 24,2021 14:34

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը «Մեդիա կենտրոնի»՝ «Բուհերը՝ հակառակ իշխանությունների խոստումների, քաղաքականացվում են» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց իրենց հետազոտության արդյունքները, որոնց նպատակն էր Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության շրջանակում գնահատել 2018թ. Հայաստանին ներկայացված հակակոռուպցիոն միջոցառումների, առաջարկությունների կատարումը: Ավետիք Մեջլումյանը նշում է, որ հինգ խոշոր առաջարկություններ՝ 16 բաղադրիչներով, նվիրված էին բարձրագույն կրթության ոլորտին: «Ցավոք, որեւէ բաղադրիչի առնչությամբ դրական առաջընթաց չունենք: Նույնիսկ, եթե կան որոշակի դրական արդյունքներ, դրանք պայմանավորված են այլ հանգամանքներով կամ շատ ավելի վաղ էր մեկնարկել դրանց իրականացումը»:

Ավետիք Մեջլումյանի խոսքով, ըստ բաղադրիչներից մեկի՝ պետք էր ապահովել բուհերի ապաքաղաքականացումը, ու միայն Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծում կան որոշակի փոփոխություններ. «Բայց այստեղ էլ խնդիրն այն է, որ ՀՀ նախագահը չստորագրեց Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքը, վիճարկեց Սահմանադրական դատարանում, եւ օգոստոսին ՍԴ-ն բուհերի կառավարման հետ կապված դրույթները ճանաչեց հակասահմանադրական: Այս տարվա հոկտեմբերին լրամշակված տարբերակում կարծես որոշակի լուծումներ գտնվել են՝ բուհերի խորհրդի կազմը ոչ թե 9, այլ 12 անդամից է բաղկացած լինելու, եթե նախկին տարբերակում վիճարկված դրույթն ասում էր, որ 5 ներկայացուցիչ ունենալու է հիմնադիրը կամ կառավարությունը, այս դեպքում 12-ից 6-ին առաջադրում է բուհը, մյուս 6-ին հիմնադիրը»:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենը այլ սահմանափակումների էլ անդրադարձավ. «Եվս երկու կարեւոր բան կա նախագծի լրամշակված տարբերակում՝ բուհի կառավարման խորհրդի անդամ չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմիններով ներգրաված մարդիկ եւ քաղաքական պաշտոն զբաղեցնողները: Եվ օրենքը, եւ կարգավորումներն ուժի մեջ չեն մտել, բայց ինքնին արդեն դրական հանգամանք է, որ կան նման սահմանափակումներ: Եվ եթե կարգավորումները սկսեն գործել, նկատելի փոփոխություններ կտեսնենք:

Օրինակ` հիմա ԵՊՀ խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանն է, որը միաժամանակ նաեւ Քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահն է: Առնվազն այս մի ակնհայտ դեպքով սահմանափակում կլինի առաջիկայում: Սակայն, առայժմ միայն կարգավորումների առումով ենք քայլ կատարել, դրանք էլ դեռ ուժի մեջ չեն մտել, ու նախկին պրակտիկան իներցիայով դեռ շարունակվում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն ՀԿ-ի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031