Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերը խիստ ձեւով վերահսկվում են իշխանությունների կողմից». Սերոբ Խաչատրյան

Դեկտեմբեր 24,2021 13:48

«Ընդհանրապես, բուհերի քաղաքականացումը լավ բան է, բայց մեզ մոտ քաղաքականությունն այնքան վարկաբեկված է, որ ինչ կապվում է քաղաքականության հետ, համարվում է վատ բան: Մինչդեռ արիստոտելյան իմաստով՝ քաղաքականություն բառը նշանակում է ունենալ այլընտրանքներ, ընտրելու հնարավորություններ»,- «Մեդիա կենտրոնի» «Բուհերը՝ հակառակ իշխանությունների խոստումների, քաղաքականացվում են» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նա միեւնույն ժամանակ փաստեց. «Մեզանում բուհերը դարձել են քաղաքական օրակարգերի սպասարկողներ եւ այդ իմաստով, շատ կուզենայի, որ բուհերն իսկապես քաղաքականացվեին՝ լավ իմաստով, լինեին այլընտրանքներ, որոշակի կոնցեպտուալ մոտեցում, սակայն մեզ մոտ բուհերը շարունակում են մնալ իշխանությունների վերահսկողության տակ: Մեր բուհերն ինքնավարություն չունեն, եւ շարունակում են բավական խիստ ձեւով վերահսկվել իշխանությունների կողմից»:

Կրթության փորձագետը նկատում է. «Վերջին տարիներին փոխվեցին խորհուրդների կազմերը, սակայն, եթե առաջ նախարարներն էին այնտեղ ներկայացված, վարչապետ, երկրի նախագահ, հեղափոխությունից հետո այդ մարդիկ փոխարինվեցին փոխնախարարներով, վարչության պետերով, փոխմարզպետներով: Պաշտոնյաների ռանգն իջեցվեց, բայց օպերացիոն համակարգը, ըստ էության չփոխվեց: Ճիշտ է՝ մենք ունեցանք բուհեր, որտեղ նույնիսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընտրվեցին խորհրդի նախագահ, ինչպես, օրինակ, Շիրակի պետական համալսարանում, Վանաձորի համալսարանում, Տնտեսագիտական համալսարանում, բայց ընդհանուր առմամբ, մոտեցումն այն էր, որ բուհերը պետք է վերահսկվեն»:

Սերոբ Խաչատրյանն ընդգծում է, որ իրավիճակը բավականին փոխվեց պատերազմից հետո. «Մի շարք բուհեր հայտարարություններով հանդես եկան՝ պահանջելով իշխանության հրաժարականը, ինչը փոխեց իշխանության օրակարգը: Իշխանությունը հասկացավ՝ քանի որ իր դիրքերը թուլանում են, նախկին որոշակի լոյալությունը բուհերի հանդեպ պետք է խստացնել: Այս տարվա մարտին ընդունվեց ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքը, որտեղ կառավարությունն ունի հոգաբարձուների խորհրդում ձայների մեծամասնություն, ինչը իսկապես շոկային էր անձամբ ինձ համար:

Ես հիշում եմ, որ մինչեւ 2018 թ. մենք պայքարում էինք այն բանի դեմ, թե ինչու պետք է ՀՀ վարչապետը հաստատի հոգաբարձուների խորհրդի կազմը, եւ դա համարվում էր որպես միջամտություն բուհերի ինքնավարությանը: Այսպիսի բաների համար պայքարող մարդիկ հետո որոշեցին, որ հոգաբարձուների խորհրդի կազմը պետք է ոչ միայն վարչապետը հաստատի, այլեւ կառավարությունն այդ կազմում պետք է ունենա մեծամասնություն:

Ինչպես արդեն նշեցի՝ ես այսպես եմ մեկնաբանում իշխանությունների այդ քայլը՝ քանի որ իրենց դիրքերը թուլացան, իշխանությունը մոռացավ իր սկզբունքները եւ փորձեց իրավիճակից ելնելով հարցը լուծել, իսկ իրավիճակը պահանջում էր խստացնել մոտեցումները: Իհարկե ՍԴ-ում այս օրենքը ճանաչվեց հակաիրավական, եւ նորից հետ գնաց: Սա մեծագույն ձախողում էր, ինչը նշանակում է, որ այսքան չարչրկելուց հետո ընդունվեց հակասահմանադրական օրենք»:

Կրթության փորձագետին մտահոգում է նաեւ այն, որ փոփոխությունների արդյունքում վերջերս բուհերում մեկական թեկնածուով ընտրություններ եղան՝ բժշկական համալսարանում, Երեւանի պետական համալսարանում եւ Մանկավարժական համալսարանում. «Ցավալին այն է, որ երեք բուհերում էլ կար ռեկտորի մեկ թեկնածու, այսինքն` մենք վերադարձանք այն հին ժամանակներին, երբ լինում է մեկ թեկնածու, եւ որեւէ մեկը չի ցանկանում դիմել՝ համարելով, որ անիմաստ է, քանի որ արդեն ամեն ինչ որոշված է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031