ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր, ինչպես հայտնել էինք, ՀՀ հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում արձանագրված խախտումները։ Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։ Լսելով հաշվեքննությունների արդյունքում բացահայտված խնդիրները՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձանագրեց՝ կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում։
Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանն ի պատասխան հայտարարեց․ «Մի բան արձանագրենք։ Այս ամենը հրապարակային ներկայացվում է։ Բոլորս քննարկում ենք դա։ Որեւէ մեկը հակված չի այստեղ ինչ-որ բան պարտակելու։ Եթե կասկածներ եք տեսնում, որ կոռուպցիոն նպատակներ են եղել, ապա հաշվեքննություններն ուղարկվում են իրավապահ մարմիններին»։
Թունյանն առաջարկ հղեց․ «Եկեք մարդկանց ի սկզբանե ինչ-որ միտումների մեջ չմեղադրենք։ Միշտ այսպիսի բաներ եղել են, միշտ գտնվել են անհամապատասխանություններ։ Եթե նման բաներ չլինեին, հաշվեքննիչ պալատի գոյության իմաստը չէր լինի։ Եկեք առանց լարվածության աշխատենք։ Մենք այստեղ դատարան չենք»։
Արթուր Խաչատրյանն ասաց, որ հաշվեքննիչ պալատի աշխատանքից շատ գոհ է․ «Իսկ ձեր ասածը, թե միշտ նման բաներ եղել են, իրականության հետ աղերս չունի։ Գոնե 2018թ․-ին նախարարությունում եղել է մի թափուր հաստիք, այն էլ՝ փոխնախարարի։ Այնպես որ, մի ասեք, թե միշտ եղել են նման բաներ»։
Կարդացեք նաև
Բաբկեն Թունյանը պարզաբանեց խոսքը․ «Ես ասում եմ, որ խախտումներ, շեղումներ միշտ եղել են։ Ժամանակները զարգանում են։ Պալատը միշտ գտնում է խախտումներ, թեեւ իմ կարծիքով՝ պալատի ֆունկցիան վերաբերում է ոչ թե չարաշահումներին, այլ կառույցների աշխատանքի արդյունավետությանը։ Այսինքն՝ ներքին աուդիտի ֆունկցիաներին բնորոշ մի բան»։
Ապա` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը շեշտեց․ «Այս նիստն իմ նախաձեռնությունն է։ Սա ցույց է տալիս, որ մենք որեւէ բան թաքցնելու մտադրություն չունենք։ Սա քաղաքական իշխանության կամքն է։ Հաշվեքննիչ պալատում միշտ եղել են ավելի հաստափոր խախտումներ, քան հիմա է, բայց նախկին իշխանությունն այդ մասին լռել է, որովհետեւ ցանկություն չի ունեցել, որ խախտումները ջրի երես դուրս գան։ Մեր համար ամեն մանրուք կարեւոր է։ Տասնյակ միլիարդավոր դրամների շեղումները մենք հասցրել ենք մի քանի միլիոն դրամի, բայց դա էլ չպետք է լինի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ