Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «Փաշինյանը Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովում փաստորեն ասաց, որ ինքը գտնվում է աշխարհաքաղաքական այն ուղղվածության վրա, որը թելադրում է ԱՄՆ-ը»

Դեկտեմբեր 24,2021 13:08

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշեց Գեղամյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի սրահում խոսել է աշխարհում քաղաքական ու էներգետիկ ճգնաժամի ֆոնին նախկին ԽՍՀՄ սահմանների, այդ թվում՝ Հայաստանի, շուրջ արեւմտյան երկրների ակտիվացման եւ աշխարհում անվտանգության համակարգի կառուցման մասին:

«Ծայրաստիճան պայթյունավտանգ վիճակ է աշխարհում: Հայտնի վերլուծաբանները հակված են պնդել, որ նման ծայրաստիճան վտանգավոր գլոբալ ճգնաժամի առաջ աշխարհը հայտնվել է 1961 թվականին՝ Կարիբյան ճգնաժամի ժամանակ:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես եկավ երկու հայտարարության նախագծերով, մեկը՝ ուղղված ԱՄՆ-ին, երկրորդը՝ ՆԱՏՕ-ին: Երկուսում էլ հստակ նշված են այն վտանգները, որոնք այսօր ծառացած են Երկիր մոլորակի վրա:

ՌԴ նախագահը մանրամասն ասել է, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի տագնապը: Այսօր ՆԱՏՕ-ն, հատկապես ԱՄՆ-ը, հակված են ուկրաինա-ռուսական սահմանում՝ Դոնեցկի եւ Լուգանսկի չճանաչված պետությունների ամբողջ սահմանով տեղադրել գերժամանակակից հրթիռներ, որոնք կարող են նաեւ միջուկային մարտագլխիկներ կրել: Դրանց թռիչքի ժամանակը մինչեւ Մոսկվա կազմում է հինգ րոպե: Այսօրվա ՀՕՊ սարքերը, ճիշտ է, 2-3 րոպեում դրանց թռիչքը կֆիքսեն, բայց ոչնչացնել չեն կարող:

Այս պարագայում կան ուժեր, որոնք հակված են ամեն գնով Ուկրաինային մատաղ տալ հանուն այն գաղափարի, որ Միացյալ Նահանգներում գիտակցում են՝ ձեւավորվում է նոր աշխարհակարգ առնվազն երկբեւեռ կամ երեք բեւեռով՝ Միացյալ Նահանգները եւ միացյալ Արեւմուտքը, Չինաստանը եւ Ռուսաստանը: Իսկ դա հղի է նրանով, որ ամերիկյան տարադրամը կկորցնի համաշխարհային գերիշխանությունը: Դրա համար անհրաժեշտ է ապակայունացնել իրավիճակը թե ՌԴ-ում, թե ՉԺՀ-ում: Ըստ որում, փորձեցին Ռուսաստանում ներսից ապակայունացնել իրավիճակը՝ Նավալնու միջոցով ստեղծելով կառավարելի քաոս, ինչը չհաջողվեց: Իսկ հիմա արեւմտյան համապատասխան երկրները ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը ապակայունացնեն իր ամբողջ սահմանային գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Անդրկովկասում Ադրբեջանը թուրքական վիլայեթի կարգավիճակում է, եւ որքան էլ Ալիեւը հոխորտա իրենց հաղթանակած լինելու պարագայով, նախ՝ չլիներ Թուրքիայի օժանդակությունը, Թուրքիայի գլխավոր շտաբի անմիջական ղեկավարումը 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմում, չլինեին այն զենքերը եւ զինամթերքը, որոնք հիմնականում որոշիչ նշանակություն ունեցան, խոսքս անօդաչու թռչող սարքերի մասին է, եւ շուրջ երկու հազար ահաբեկիչ զինյալները, որ Թուրքիան հավաքագրել էր Սիրիայից եւ Հյուսիսային Լիբիայից, պատերազմի ելքը այլ կլիներ:

Եվ պատահական չէ, որ հատկապես հիմա Հարավային Կովկասում անցուդարձերը, ասես, դարձել են աշխարհի, հավաքական Արեւմուտքի ուշադրության կիզակետը: Նոյեմբերի 16-ին, երբ արդեն տեղի էր ունեցել Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը, ընդունվել էր համապատասխան փաստաթուղթ, ԵԽ նախագահ Շարլ Միշելը Բրյուսելում հանդիպացրեց Փաշինյանին ու Ալիեւին եւ ընդունվեց համապատասխան հայտարարություն, որը բովանդակային առումով բացարձակապես ոչ մի բանով չէր տարբերվում արդեն ընդունված հայտարարությունից:

Բայց Հայաստանի հետ կապված վտանգները ճիշտ հասկանալու համար պետք է հիշել այն ծայրաստիճան դավաճանական գործողությունները, որը իրականացրեց Հայաստանի ղեկավարը, երբ ընդունեց Ջո Բայդենի հրավերը եւ իր մասնակցությունը բերեց «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին: Դավաճանական այն պարզ պատճառով, որ ԱՄՆ նախագահը այդ գագաթնաժողովին չէր հրավիրել ոչ ՌԴ-ին, ոչ ՉԺՀ-ին, ոչ Իրանին, այսինքն, այն երկրներին, որոնք մեր բարեկամն են: Այդ գագաթնաժողվում կար այդ երկրների դեմ ուղղվածություն:

Մենք միամտորեն մտածում էինք, թե Փաշինյանն այնտեղ կարող է ակնարկել, որ չէր կարելի այդ երեք երկրներին չհրավիրել եւ ի պաշտպանություն հայ-ուսական ռազմաքաղաքական դաշնության, մի խոսք ասեր: Մինչդեռ, նա կրկնեց այն թեզերը, որ իր ելույթում ասել էր ԱՄՆ նախագահը՝ դրանով իսկ փաստորեն ասաց, որ ինքն ամբողջությամբ գտնվում է աշխարհաքաղաքական այն ուղղվածության վրա, որը թելադրում է ԱՄՆ-ն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031