ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները նախատեսված խնայողություններից 2021թ․-ի վեց ամսում պարգեւատրվել են մոտ 121 միլիոն դրամ գումարի չափով․ խնայողություններն առաջացրել են նույն թվականի վեց ամիսների ընթացքում նախարարության հաստիքացուցակով նախատեսված թափուր պաշտոնները համալրված չլինելու արդյունքում։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը՝ ներկայացնելով էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների պարգեւավճարների ուսումնասիրության արդյունքները։
Պաշտոնյան հիշեցրեց, որ «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածով նախատեսված խնայողություններից պարգեւատրվելը հակասում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի՝ 2007թ․-ի հունվարի իննի հրամանի հավելվածի պահանջներին։ Միհրանյանի խոսքով՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ աշխատավարձի ֆոնդի միջոցներից պետական ծառայողը պարգեւատրվում է հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքի կատարման համար՝ մինչեւ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով։
«Սակայն նախարարության աշխատակիցների որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանք կատարելու վերաբերյալ հիմնավորումները բացակայում են»,-հավելեց Հակոբ Միհրանյանը։
Հիշեցնենք, որ Հակոբ Միհրանյանն այսօր նաեւ հայտարարեց, որ ըստ հաշվեքննության արդյունքների՝ նախարարությունը մեկ անձից գնում է կատարել, գործն ուղարկվել է դատախազություն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ