Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից գրությամբ ստացվել է Արևշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հովհաննես Զաքարյանի, աշխատակազմի գլխավոր մասնագետ Վասիլ Կիրակոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Հալաջյանի եւ մի շարք այլ աշխատակիցների դիմումն այն մասին, որ Ս. Խ-ն իրենց վստահությունը չարաշահելով՝ 2019թ. հոկտեմբեր ամսին, իրենցից պարտքով գումարներ է վերցրել, ինչպես նաև իրենց անվամբ վարկեր է ձեւակերպել՝ մեկ ամսվա ընթացքում վճարելու պայմանով, սակայն ոչ գումարն է վերադարձրել, ոչ էլ վարկերը վճարել:
Ըստ մեր աղբյուրի, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2019թ. հոկտեմբեր ամսին Ս.Խ-ն բանկերից մեկից Հովհաննես Զաքարյանի անվամբ վերցրել է 4.000.000 դրամ, Վասիլ Կիրակոսյանի անվամբ 4.000.000 դրամ, Արտակ Հալաջյանի անվամբ՝ 5.000.000 դրամ, իր անվամբ՝ 5.000.000 դրամ, իսկ մյուս քաղաքացիները հանդիսացել են երաշխավորներ:
Ս. Խ-ն վերջիններիս հետ բանավոր պայմանավորվել է, որ մինչև 2020թ. հունվար ամիսը գումարն ամբողջությամբ կվճարի, սակայն չի վճարել, եւ այժմ վարկի գումարը կազմում է շուրջ 22.000.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ս. Խ-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: