Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է էկոնոմիկայի նախարարությունը 1 անձից պատվաստանյութի գնում կատարել․ հաշվեքննիչ պալատը գործն ուղարկել է դատախազություն

Դեկտեմբեր 24,2021 12:25

Էկոնոմիկայի նախարարությունը «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում «դաբաղ» եւ «ծաղիկ» հիվանդությունների պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով այս տարվա հունվարին հայտարարել է մրցույթ։ Գնային առաջարկ է ներկայացրել միայն «Ինովատոր» ՍՊԸ-ն՝ 346 միլիոն դրամ գումարի չափով, որը, սակայն, գերազանցել է նախահաշվային գինը 90 միլիոն դրամով, եւ գնման ընթացակարգը համարվել է չկայացած։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը՝ ներկայացնելով այս տարի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կատարված հաշվեքննության արդյունքները։

Նա տեղեկացրեց, որ մարտին նախարարությունը դիմել է ՌԴ կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնին՝ գնային առաջարկ ստանալու համար․ «Մարտին վերջինս 240 միլիոն դրամի առաջարկ է ներկայացրել, որի համար բյուջե վճարվելիք ԱԱՀ-ի գումարը կազմել է մոտ 49 միլիոն դրամ։ Այս գնային առաջարկը, բացառությամբ ԱԱՀ-ի, համապատասխանել է գնման պայմաններին։ Ապրիլին նախարարությունը հիմնավորումով դիմել է կառավարությանը՝ նշյալ երկու հիվանդությունների պատվաստանյութի գնման նպատակով հրատապության հիմքով մեկ անձից գնում կատարելու եւ լրացուցիչ գումար պահանջելու համար։ Որպես գումարի պահանջի հիմնավորում՝ նախարարությունը ներկայացնել է համապատասխան գնի մեջ ԱԱՀ-ի գումար չնախատեսելը։ Նախարարության կողմից գնի մեջ ԱԱՀ-ի գումարը չնախատեսելը եւ դրա հիմքով գումարի պահանջ ներկայացնելը հակասում է գնումների մասին ՀՀ օրենքի պահանջներին, այն է՝ առաջարկվող գինը ներառում է փոխադրման, ապահովագրության եւ այլ վճարների գնով ծախսերը»։

Պաշտոնյայի խոսքով․ «Այնուամենայնիվ, նախարարությանը թույլատրվել է նշյալ պատվաստանյութերի գնման նպատակով իրականացնել հրատապության հիմքով մեկ անձից գնում, հատկացվել է մոտ հիսուն միլիոն լրացուցիչ գումար։ Պատվաստանյութի գինը սահմանվել է 291-ի փոխարեն 247 միլիոն դրամ, որը համապատասխանում է դաշնային կենտրոնի գնային առաջարկին։ Սակայն նախարարությունը վերջինիս հետ պայմանագիր չի կնքել եւ ապրիլին կազմակերպել է մեկ անձից գնման ընթացակարգ՝ պատվաստանյութի ձեռքբերման նպատակով։ Հայտ է ներկայացրել միայն «Ինովատոր» ՍՊԸ-ն՝ 346 միլիոն դրամ գնային առաջարկով, որը գերազանցել է նախատեսված ֆինանսական միջոցը՝ 4,5 միլիոն դրամով։ Արդյունքում «դաբաղի» մասով գնման ընթացակարգը համարվել է չկայացած, եւ մայիսին նախարարությունը կրկին դիմել է գործադիրին՝ հիմնավորմամբ, որ «դաբաղի» պատվաստանյութ գնելու նպատակով ցանկանում է մեկ անձից՝ «Ինովատոր» ՍՊԸ-ից ուղիղ գնում կատարել եւ պատվաստանյութի քանակը կրճատել՝ նույնը թողնելով նախատեսված ֆինանսական միջոցները։ Արդյունքում նախարարությունը հիմնավորման մեջ ներկայացրել է միայն «Ինովատոր» ՍՊԸ-ի գնային առաջարկը եւ պատվաստանյութի քանակի կրճատման հաշվարկը՝ կառավարությանն առաջարկելով 3 միլիոն 410 հազար 950 միլիլիտր պատվաստանյութի փոխարեն դնել 3 միլիոն 12 հազար 770 մլ․՝ նշելով, որ այդ քանակով նույնպես կարելի է ապահովել կայուն անասնահամաճարակային իրավիճակ»։

Հակոբ Միհրանյանը հայտնեց, որ մայիսին նախարարությունը նշյալ ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, եւ պատվաստանյութի միավորի գինը կազմել է 80,66 դրամ, որը 9, 41 դրամով գերազանցում է նախորդ տարվա գինը եւ դաշնային կենտրոնի կողմից առաջարկված գինը․ «Արդյունքում այս տարում ձեռքբերված պատվաստանյութը նախորդ տարվա համեմատ ձեռք է բերվել 34 միլիոն դրամով ավելի թանկ գնով։ Հաշվեքննությամբ պարզվել է, որ «Ինովատոր» ՍՊԸ-ն «դաբաղի» պատվաստանյութը ձեռք է բերել ՌԴ Շոլկովոյի գեոկոմբինատից, որը հանդիսանում է պատվաստանյութն արտադրողը, եւ նախարարությանը հանձնված պատվաստանյութի միավորի գնի եւ «Ինովատորի» ձեռքբերման գնի տարբերությունը կազմում է 20,94 դրամ․ ընդհանուր քանակի համար տարբերությունը կազմում է 63 միլիոն դրամ, որից 10,5 միլիոն դրամն ԱԱՀ-ն է։ Հաշվեքննության արդյունքում գործ է առանձնացվել եւ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031