Լույս է տեսել երիտասարդ հեղինակ Թադևոս Ծպնեցյանի հեղինակային երկրորդ «Ան_Րիա» գիրքը։ Դեկտեմբերի 23-ին Երևանում կայացավ գրքի շնորհանդեսը։
Գրքի խմբագիր Գայանե Մկրտչյանն իր բացման խոսքում նշել է, որ Թադևոսի գիրքը սիրագիր է և ընթերցողը հեղինակի պոեզիայում կգտնի սեր` ամենատարբեր նկարագրերով հագեցած։
Գրքի նախաբանում Գայանե Մկրտչյանը գրում է.
Կարդացեք նաև
-Աննկարագրելի ու անբացատրելի հրաշք է սիրո մասին գրելը, երբ գրում ես ոչ թե թղթին, այլ կնոջ սրտում… Թադևոս Ծպնեցյանի բանաստեղծությունները սրտագրեր են՝ ներշնչված սիրելի աղջկա ժպիտից ու աչքերից: Նա գրում է՝ ապրելով սիրո հրաշքը և այդ ապրումը բառե հանդերձով ներկայացնում ընթերցողին: Այդ հանդերձն անկաշկանդ է և մինչև լուսին հասնող թևեր ունի: Դրանով նրա զգացմունքն ազատ ճախրում է տողերի մեջ և տողերից դուրս՝ դեպի սիրելիի բաղձալի պատուհանը: Սիրուց ծնված ամեն բան հաճելի է մարդկային սրտին ու մտքին, իսկ երբ ծնվածը բանաստեղծություն է, այն վկայում է հեղինակի նրբազգաց հոգու մասին և դառնում կրկնակի գնահատելի ու փայփայելի,-ապա հաստատում` Թադևոսի գիրն ամբողջովին ներծծված է սիրով ու երկրպագությամբ:
-Պաշտելով սիրելիին՝ նա իր երախտիքն է հայտնում Տիրոջը՝ նրա օրհնությանն ու մեծագույն պարգևին արժանանալու համար: Չէ՞ որ սերն է կյանքը ոսկեզօծում, իմաստավորում իր կենսաբեր թրթիռներով ու մղում առաջ՝ նվաճելու անիմանալին ու անհասը,-գրում է գրքի խմբագիրը։
Սցենարիստ Արմինե Բոյաջյանն իր ելույթում նշեց, որ արձակից պոեզիա անցումն անսպասելի էր երիտասարդ հեղինակի մոտ, սակայն նրա չափածո գրվածքներում ստեղծագործական ձեռագրի աճ է նկատվում։ Նույն կարծիքը կիսեց գրող Արմինե Մուրադյանը, հավելելով, որ Թադևոս Ծպնեցյանի ստեղծագործությունները ինքնաորոնումների ճանապարհին են։
Նշենք, որ Թադևոսը սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։
Առաջին գիրքը` «Մեռնող սլաքներ» վերնագրով, տպագրել է 2019 թվականին։ Այն արձակ է, գրված բանակային տարիներին, ապրիլյան պատերազմի մասին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ