Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային հավակնությունների անկում

Դեկտեմբեր 24,2021 10:00

Շնորհալի արվեստագետ Լիլիթ Պիպոյանը հայտարարել է, որ վայր է դնում Երեւանի ավագանու անդամի իր մանդատը: Ներկայիս իշխանության երկրպագուի մեկնաբանությունը՝ «Քափը մաքրվում է: Ինչքան դիմակներ պատռվեցին»: Այսինքն՝ «Իմ քայլը» կամ ՔՊ-ն ազատվում է ավելորդ շերտից, իսկ դրանից հետո մնալու են զուլալ «պողպատյա» հեղափոխականներ, որոնք մեր ժողովրդին տանելու են դեպի պայծառ ապագա:

Ես, օրինակ, որքան էլ Լիլիթի հետ շատ հարցերում համաձայն չեմ, եթե մտադրություն ունենայի նրա հետ վիճելու, անպայման հաշվի կառնեի նրա ստեղծագործական աշխատանքը եւ մտավոր հորիզոնը: Խնդիրն այն է, որ ֆեյսբուքյան լայն զանգվածների մոտ չկա այդ ակնածանքը, ենթադրում եմ անգամ, որ նրան «քափ» անվանողները չեն լսել նրա կատարումները:

Սակայն խնդիրը անձերը չեն: Հիշում եմ՝ վերջին ընտրություններից հետո հայտնի ՔՊ-ականի մեկնաբանությունը, որի իմաստն այն էր, թե՝ տեսա՞ք, ինչպես ժողովուրդը մտավորականների հախից եկավ: Եվ խնդիրը դարձյալ այն չէ, որ ես վիրավորվում եմ, այսպես ասած, «մտավորականների անունից»: Դա ավելի մեծ, ավելի երկարատեւ գործընթացի ցուցիչ է` գործընթաց, որը, բնականաբար, սկսվել է 2018 թվականից շատ ավելի վաղ: Եթե երեք բառով փորձեմ այդ գործընթացը բնութագրել, ապա այն կարելի է անվանել «ազգային հավակնությունների անկում»:

Եթե հետեւենք ռուս փիլիսոփա Լեւ Գումիլյովի տեսությանը՝ ապա ամեն մի ժողովրդի պատմության մեջ լինում է պասիոնար վերելք, բարձրագույն «ակմե» կետ, որից հետո գալիս է անկումը (пассионарный надлом): Այդ տրամաբանությամբ՝ 1988-91 թվականներին մեզ մոտ վերելք էր, 91-94 թվականներին՝ բարձրագույն կետը, իսկ դրանից հետո սկսվեց անկումը: Որո՞նք են անկման հատկանիշները. երբ ժողովուրդն ասում է՝ «հոգնել ենք մեծ երազանքներից եւ մեծ ջանքերից, թողեք հանգիստ ապրենք մեր առօրյա հոգսերով»: Այդ գործընթացը սկսվել էր, կրկնեմ, 1994 թվականին եւ իր ամրագրումը գտավ այս տարվա խորհրդարանական ընտրություններում: Քաղաքական շահեր կամ, առնվազն, նախասիրություններ ունեցող մարդիկ հակված կլինեն, իհարկե, մեղադրել այս կամ այն ղեկավարին կամ կուսակցությանը: Բայց պիտի ավելի տխուր բան ասեմ՝ դա բնական պրոցես է:

Եվ քանի որ գերիշխող տրամադրությունը հանգիստ առօրյա հոգսերով ապրելու ցանկությունն է, հասարակական պահանջ չկա ժամանակակից գիտություն, կրթություն, մշակույթ, զարգացած տնտեսություն եւ ուժեղ բանակ ունենալու: Հետեւաբար, որակյալ գիտնականների, ուսուցիչների, արվեստագետների, լուրջ գործարարների պահանջարկ չկա: (Ահա թե որտեղից է մտքի, ինտելեկտի նկատմամբ այս թշնամանքը): Իդեալը ասիական բազարն է, տոնավաճառը, որտեղ հնարավորություն կլինի թուրքական փալասներ գնելու եւ վաճառելու: Հիմա, ասում են, Թուրքիայի հետ սահմանները բացվում են, եւ դրա համար կստեղծվի լայն հնարավորություն:

Ի՞նչ անել այդ պարագայում՝ ինձ համար նույնպես պարզ է՝ պատրաստել հաջորդ վերելքը: Այնպես, ինչպես որ դա արվում էր Խորհրդային Հայաստանում՝ 1960-70-ական թվականներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իսկական երեւանցին իսկական երեւանցու հետ միշտ լեզու կգտնի, իսկական երեւանցիների (իսկական լոռեցիների, իսկական արցախցիների,իսկական ջավախցիների, ընդհանրապես’ իսկակական հայերի) ցավը տանեմ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031