Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այս Ազգային ժողովում ընդդիմությունը եղած, թե չեղած, մի հաշիվ է

Դեկտեմբեր 24,2021 13:00

Բոլոր երկրների խորհրդարաններն էլ համարվում են իրենց երկրների բարձրագույն օրենսդիր մարմինը, որոնք ունեն նաեւ վերահսկողական եւ որոշակի գործառույթներ: Նույն գործառույթներն ունի նաեւ ՀՀ Ազգային ժողովը: Մեր խորհրդարանն ունի թվով 105 պատգամավոր, որը բաղկացած է 70 պատգամավորներով իշխանական, 34 պատգամավորով ընդդիմադիր խմբակցություններից եւ մեկ անկախ պատգամավորից: Տեսնենք, թե նման կազմով ի՞նչ իրավիճակ է տիրում Ազգային ժողովում:

Միանգամից նշեմ, որ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ ըմբռնման գեթ մեկ կետ չկա, ավելին՝ նրանք ունեն թշնամական հարաբերություններ, տանել չեն կարողանում միմյանց, որը գալիս է վերջին արտահերթ ընտրությունների անցկացումից բավականին ժամանակ առաջ գոյացած հակասություններից եւ գնալով այդ հակասություններն ավելի են խորանում: Փաստացի, ԱԺ-ում իշխանությունն ունի պատգամավորների ընդհանուր թվաքանակի ուղիղ 2/3-ի չափով ձայն՝ 70 պատգամավոր եւ օգտվելով այդ հանգամանքից, վստահաբար անում է այն, ինչ ինքն է ուզում եւ ինչը միայն իրեն է հարմար: ԱԺ-ի նիստերը հիմնականում անցնում են լարված մթնոլորտում, քանզի շատ դեպքերում ընդդիմության առաջարկություններն ու էլի շատ մտքեր հունից հանում են իշխանական պատգամավորներին եւ հակառակը ու այդ իրավիճակները հաճախ ավարտվում են ձեռնամարտերով:

Փաստորեն, որպես մեծամասնություն, իշխանությունը հիմնականում ինքն է ձեւավորում նիստերի օրակարգերը, չհաշված որոշակի բացառություններ, երբ հազարից մեկ օրակարգ են մտնում նաեւ ընդդիմության որոշ անշառ առաջարկություններ, որին դեմ չի լինում նաեւ իշխանությունը: Կոնկրետացնենք, թե ինչպես են ընթանում ԱԺ-ի աշխատանքները լիագումար եւ մշտական հանձնաժողովների նիստերի ընթացքում: Ցանկացած հարց, որը դեմ է լինում իշխանության վարած քաղաքական գծին, որն ընդդիմության առաջարկով մտնում է մշտական հանձնաժողովի նիստի օրակարգ, քննարկվում եւ անպայման մերժվում է ու չի մտնում լիագումար նիստերի օրակարգ: Ընդդիմությունը որեւէ լուրջ հարց չի կարողանում մտցնել լիագումար նիստերի օրակարգ, առավել եւս անցկացնել այն հարցերը, որոնք հակառակ կլինեն իշխանական տեսակետին: Կախված իշխանության տրամադրությունից, նա կարող է նաեւ ձեռ առնել ընդդիմությանը (ներքուստ, թաքուն), թույլ տալ, որպեսզի հազվագյուտ դեպքերում՝ ընդդիմության կողմից արված որեւէ ոչ վտանգավոր առաջարկ հանձնաժողովի նիստում հաստատվի եւ մտնի լիագումար նիստի օրակարգ, սակայն, միեւնույն է, այդ հարցը հաստատ որոշում չի դառնում ու մերժվում է հենց առաջիկա լիագումար նիստում: Եվ դա իշխանությունը թույլ է տալիս նաեւ նրա համար, որ բացահայտորեն աչքի չզարնի այն իրողությունը, որ փաստացի ընդդիմության ցանկացած առաջարկություն ճանապարհի կեսին՝ մշտական հանձնաժողովի նիստում մերժվում եւ լիագումար նիստի օրակարգ չի մտնում: Այլ խոսքով, իշխանությունը ընդդիմության բարձրացրած ցանկացած առաջարկությանը կամ հարցին բլոկ դնելու հնարավորություն ունի եւ այդպես էլ վարվում է: Փաստացի ստացվում է, որ իշխանությունն ԱԺ-ում աշխատում է այնպես, ինչպես կաշխատեր, եթե ինքը միայնակ լիներ ԱԺ-ում: Իշխանության համար ընդդիմությունն ընդամենը շիրմա է, որն անհրաժեշտ է իշխանությանը, քանզի դա Սահմանադրության պահանջ է, որ ԱԺ-ում պետք է լինի նաեւ ընդդիմություն, որպեսզի ժողովրդավարություն խաղացվի, ինչը եւ արվում է այսօր: Կարճ ասած, նման Ազգային ժողովում ընդդիմությունը եղած, թե չեղած, մի հաշիվ է …

Չգիտեմ, ընտրություններին մասնակցած, «անշահ» ու «օբյեկտիվ» մեր ընտրողները, ընդդիմադիր պատգամավորները տեսնում են այս ամենը, թե ոչ, սակայն չի հասկացվում, թե այս ներկայացումները որքան ժամանակ դեռ պետք է շարունակվեն: Դա շատ նման է նրան, որ որեւէ միջոցառման հրավիրվեն մարդկանց երկու հակադիր խմբեր, որոնցից մեկին միջոցառման կազմակերպիչները կարգով, կանոնով ընդունեն, հարգեն, պատվեն, իսկ մյուս խմբի սեղանին ընդհանրապես ոչինչ չդնեն (անգամ՝ ջուր) եւ միջոցառման ընթացքում շարունակաբար կենացներ բարձրաձայնեն ու խմեն միջոցառման բոլոր մասնակիցների կենացը, ասելով. դուք բոլորդ՝ հավասարապես մեր հյուրերն եք, եւ միջոցառման ով ցանկանա, կարող է թամադայից ձայն վերցնել եւ իր սրտի ուզածը բարձրաձայնել, առավել եւս՝ իրավունք չունենք մոռանալու, որ բոլորս՝ հատկապես այս միջոցառման բոլոր մասնակիցներս ապրում ենք ժողովրդավարական երկրում: Բացառապես բոլորին հորդորում ենք ակտիվ լինել՝ պասիվություն չցուցաբերել, քանզի սա բոլորիս ուրախությունն է … Եթե մեր ժողովրդի մեջ կգտնվեն միջոցառման նման մասնակիցներ, ապա նրանց կարելի է ինչ-որ իմաստով համեմատել այս Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների հետ: Եթե չեն գտնվի նման մարդիկ, ապա Ազգային ժողովի սույն պատգամավորներին կառաջարկեմ՝ կամ վայր դնել մանդատները, կամ այլ ճանապարհ գտնել այս խայտառակությանը վերջ դնելու համար: Հաստատ, այս ճանապարհը միակը չէ եւ ստեղծված իրավիճակը փրկելու համար պետք է որոնել մեկ այլ՝ ճիշտ ճանապարհ …

Լավ, օգոստոս ամսից այս Ազգային ժողովն այս կազմով աշխատում է, եղե՞լ է գեթ մեկ դեպք, երբ ընդդիմությունը որեւէ լուրջ առաջարկություն անի, որն իշխող խմբակցության սրտով չէ եւ այն անցնի: Այդ դեպքում, ո՞րն է ընդդիմության դերակատարումն այս Ազգային ժողովում: Ընդամենը որոշակի՝ թեկուզ չափազանց կարեւոր հարցերի բարձրաձայնումը, որպեսզի ժողովուրդը լսի՞: Ասենք, լսեց, հետո, չէ՞ որ դրանից որեւէ վիճակ չի փոխվում եւ ամեն ինչ լինում է այնպես, ինչպես իշխանությունն է ուզում: Չեմ կարծում, թե պատգամավորի աշխատանքը միայն առաջարկությունների եւ որոշակի այլ հարցերի բարձրաձայնումն է: Միեւնույն ժամանակ, ես ընդդիմադիր պատգամավորներին չեմ մեղադրում, քանզի նրանք հայտնվել են ցուգցվանգային իրավիճակում եւ ոչինչ անել չեն կարող: Իմ կարծիքով, կամ պետք է նրանք վայր դնեն մանդատները, կամ ձեւականորեն մնան պատգամավորի կարգավիճակում եւ հայտարարությունների, կառավարության հետ հարց ու պատասխանի ու այլ պատեհ առիթների ժամանակ հարցեր ու հայտարարություններ հնչեցնեն, որն իհարկե՝ ոչինչ չանելուց ավելի լավ է:
Իրականում, սրանք շատ ցածր որակի ներկայացումներ են, քանզի ներկայացման դերակատարները պրոֆեսիոնալ դերասաններ չեն:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031