Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստին որպես գիտություն եմ մոտենում»

Դեկտեմբեր 24,2021 12:00

Ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը:

– Տարին ավարտին է մոտենում: Ի՞նչ եք հասցրել անել այս մեկ տարում, այն էլ՝ պատերազմից հետո:

– Ավելի ծանր եմ պատկերացրել ու չգիտեի՝ ոտքի կկանգնենք, թե ոչ: Հիշում եմ անցած տարվա այս ժամանակահատվածը, որ չէինք կարողանում ուժ գտնել փորձերի համար: Արմանն ու Վարշամը պատերազմից վերադարձան ու ասացին, որ ընդհանրապես չեն խաղալու: Երեւի, որ իրականությանն ես հանդիպում, այս գեղարվեստական ամեն ինչը սուտ եւ անիմաստ է թվում: Բայց ասեմ, թե ինչը փրկեց: Արցախում գնացինք ամանորյա ներկայացումներ խաղալու: Այդ ժամանակ ինքս իմ մաշկի վրա զգացի, որ մասնագիտությունս անհրաժեշտություն է: Երբ ծնողներից մեկն ասաց՝ բալիկիս դեմքին այսքան բանից հետո այսօր առաջին անգամ ժպիտ հայտնվեց, երեւի այդքան իմաստավորված իմ մասնագիտության կարեւորությունը չէի զգացել, ինչպես այդ օրը:

Պատերազմից հետո ամբողջ խաղացանկային քաղաքականությունը փոխեցի, որովհետեւ այն մոդեռն եվրոպական պիեսները մի պահ իմաստազրկվեցին: Խաղացանկ բերեցի այնպիսի պիեսներ, որոնք ավելի շատ կարեւորեցի: Ես Օ. Հենրի բեմադրեցի: Գուցե երբեք չդիմեի այս հեղինակին, եթե նախ չցանկանայի ուղղակի անձնազոհության ու սիրո մասին պատմել, հոգու գեղեցկության մասին, իրար համար լավագույնն անելու մասին: Եվ այդպես ծնվեց «…եւ նորից գարուն» ներկայացումը:

Հիմա մեկ այլ ներկայացման վրա եմ աշխատում, որը, ցավոք, այս տարի չկարողացա հանձնել հանդիսատեսի դատին: Ինքս արցախյան առաջին պատերազմի ականատես եմ: Տեսել եմ, թե ինչպես են մերոնք հոգով կոշտացել, ինչպես է պատերազմը կոպտացնում հոգիդ: Ես գտնում եմ, որ ոչ թե պետք է պատերազմից խոսենք, այլ այն մասին, թե ինչն է մարդու համար ամենակարեւորը:

Այն, ինչ նախատեսել էինք այս տարվա համար, տասնապատիկ իրականացվեց: Առաջին հերթին մենք շատ մեծ ու կարեւոր հրավեր ստացանք Չեխովյան փառատոնից: Շատ սիրեցին «Փափլիկը», չնայած մեզ համար էլ էր զարմանալի: Մենք այս տարվա ընթացքում պետությանը ներկայացման ֆինանսավորման համար չենք դիմել, այլ ֆինանսական մասը թատրոնն է պեղել եւ գտել, որ այսօր ամենալավ նվերը ստանայինք՝ մեր նոր թատրոնի ֆինանսավորումը: Ես ուզում եմ, որ մարդը թատրոն մտնելիս զգա, որ ուրիշ աշխարհ է մտել:

– Ձեր «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը վերջերս էլ խաղացիք, չնայած վաղուց եք բեմադրել: Սա վերհո՞ւշ է, արժեւորո՞ւմ, թե՞ այլ ենթատեքստ ունի:

– Օրինակ, հիմա ինձ համար շատ կարեւոր է այն փաստը, որ այն ժամանակ միասին են մարդիկ գոռացել «միացո՜ւմ», միասին են գնացել հրապարակ եւ ասել՝ իրար հետ լինենք: Միասին լինելը շատ է օգնում, եւ կարելի է ասել՝ հաղթանակի մի մասն է միասնությունը: Պատերազմի ժամանակ էլ, թեկուզ ցուրտ էր, բայց միասին էինք: Ցավոտ է լինում, երբ մենակ քեզ են ուղարկում փրկվելու: Լավ է, որ ընտանիքիդ հետ ես, թեկուզ ցավի մեջ: Բայց ավելի մեծ ցավ է, երբ քեզ պոկում են ընտանիքից, որ փրկվես: Այս շեշտը մոնոներկայացումը ստեղծելիս չի եղել, բայց հիմա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ ես առավել շատ հիմա անհանգստանում եմ մեր ոչ միասնականությամբ:

– Նաեւ խոսենք արվեստի ազատության մասին…

– Շատ ներկայացումներիս մեսիջն ազատության մասին է եղել, եւ ինքս կյանքում որոշ հարցերում կոնսերվատիվ լինելով, արվեստում անսահման ազատ եմ: Ես արվեստին որպես գիտություն եմ մոտենում, որ տեսնեմ՝ ինչ նոր բան կարող եմ հայտնագործել: Արվեստի ազատության ճանապարհին ինչքան էլ դժվար լինի, պետք է որոշ վախեր հաղթահարես: Բայց ազատության գնալու համար նաեւ բոլոր օրենքներն իմանալ է պետք:

– Արվեստում լավատեսության մասին ի՞նչ կասեք…

– Անհատականությունն է արվեստ ստեղծում: Եվ պարզ է, որ անկախ ամեն ինչից՝ որ դրամատուրգի պիեսն ինչպես կբեմադրեմ, ներսում իմ աշխարհայացքը կա, արտացոլվում է՝ ուզեմ թե չուզեմ: Գուցե հենց այդ աշխարհայացքն է, որ մարդիկ ներում են նույնիսկ «Փափլիկի» պատմության միջի ներքին ֆրանսիական հումորը, որ հայերը հնարավոր է՝ առօրյա իրականության մեջ այնպես չեն ընկալում:

– Արդի դրամատուրգիայից էլ զրուցենք: Ձեզ ոգեւորո՞ւմ է, արդյոք եւ ի՞նչ խնդիրներ եք նկատել:

– Մեր թատրոնում կա թատերայնացված ընթերցանություն ձեւաչափ: Վերցնում եմ բացառապես ժամանակակից դրամատուրգների գործերը, որոնցից են Թորնթոն Ուայլդերի, Ժոել Փոմրայի, Ֆլորիան Զելլերի, Մաթեյ Վիշնեկի, Իսրայել Հորովիցի, Դեյվիդ Այվզի պիեսները: Դրանց մեջ շատ գեղեցիկ մոտեցումներ կան: Հանդիսատեսը սիրեց այս ընթերցումները: Իսկ մեր հայ ժամանակակից դրամատուրգները, անկեղծ եմ ասում, հին ֆորամայով են գրում: Բայց կարելի է դուրս գալ կաղապարներից, տրվել ազատության: Լավագույն պիեսները գրվում են նկատի ունենալով հենց դերասանին, օրինակ, ինչպես գրել է Անուշ Ասլիբեկյանը «Թռիչք քաղաքի վրայով» պիեսը, կամ օրինակ Սառա Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիսը»։

Ես չեմ ուզում, որ իմ հիմնական խաղացանկում հոռետեսական պիեսներ լինեն:

Լինելով թատերական ինստիտուտում եւ տեսնելով, թե ինչեր են բեմադրում ուսանողները, ասենք՝ սովետական ռուս դրամատուրգների պիեսներ, անկեղծ տխրում եմ, որ իրենք տեղյակ չեն, թե այսօր ինչ է կատարվում թատերական դաշտում ընդհանրապես: Ինձ համար շատ կարեւոր է 21-րդ դարում լինելը:

– Կինոն՝ Նարինե Գրիգորյանի համար…

– Երեւի կզարմանաք, որ ասեմ՝ կինոն ավելի շատ եմ սիրում: Իրականում այդպես է: Երեւի նրանից է, որ կինոյում ավելի քիչ փորձառություն ունեմ: Կինոյում չեմ կարողացել անել այն, ինչ կուզեի անել: Թատրոնում շատ դերեր եմ խաղացել, բայց ահա կինոյում այդ ազատությունը չեմ ապրել: Կինոյում էլ կան դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել…

– Եվ որպես փոքրիկ ուղերձ:

– Ես ուզում եմ, որ թատերասերներն իրենց պահանջի մեջ բարձր նշաձող դնեն ու դա պահանջեն թատրոնում՝ մեզնից: Հայ անհատը, որ գալիս է թատրոն, պետք է ավելին ուզի, քան տեսնում է: Եկել է իսկապես ուժերը ճիշտ գնահատելու, սխալները հասկանալու եւ ճիշտ գնահատելու միջոցով գիտակցելու, թե ինչպես անել, որ վեր գնաս:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031