Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան դատական գործընթացների փուլում տնօրեն է դարձել, իսկ դատարանն էլ բերման որոշում է կայացրել

Դեկտեմբեր 24,2021 13:30

Տնօրենը նույն արարքի համար Հասմիկ Խաչատրյանին ենթարկել է 2 կարգապահական պատասխանատվության՝ 57/Կ հրամանով հայտարարել է նկատողություն, իսկ 58/Կ հրամանով աշխատանքային պայմանագրի լուծում:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն. «Կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը եւ դրա հետեւանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները եւ աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը», իսկ 225-րդ հոդվածի համաձայն՝ «Աշխատանքային կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ»:

Հասմիկ Խաչատրյանի գործով նրա ներկայացուցիչը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Աբովյանի նստավայր):

«Ձեր վարույթում է գտնվում թիվ ԿԴ/2895/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Հասմիկ Խաչատրյանի՝ ընդդեմ «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության` կարգապահական տույժի ենթարկելու մասին թիվ 35/Կ հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Սույն գործով, դատարանի որոշմամբ, Հովհաննես Աբրահամյանը հրավիրվել է որպես վկա, սակայն մի քանի անգամ, տարբեր միջոցներով դատարանը չի կարողացել վերջինիս ծանուցել դատարան ներկայանալու վերաբերյալ: Հայտնում եմ, որ հայցվոր կողմը պարզել է, որ Հովհաննես Աբրահամյանն աշխատում է ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրեն»,-գրել էր փաստաբանը, որպեսզի չասեին, թե վկայի գտնվելու վայրն անհայտ է:

Դեկտեմբերի երեքի դատական նիստում դատավոր Հ. Ջալալյանը որոշում է կայացրել նրան բերման ենթարկելու մասին: Երեկ ժամը 11-ին նշանակված էր դատական նիստը: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ի դեպ, դեռ այս տարվա հուլիսի տասնհինգին դատարանը որոշում էր կայացրել այլ վկաների էլ հարցաքննելու վերաբերյալ, նրանք էին՝ Սեդրակ Մարտիկյանը, Սամվել Սուքիասյանը… նրանցից մեկն էլ վերջին ՏԻՄ ընտրություններում ավագանի է դարձել:

Հիշեցնեմ, որ Հասմիկ Խաչատրյանը 2018թ. հուլիսի 2-ին պատասխանող կողմ ճանաչված «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության հետ կնքել է թիվ N 113 աշխատանքային պայմանագիրը, որի հիման վրա ընդունվել է աշխատանքի՝ որպես օպերատոր-գործավար: 2020թ. դեկտեմբերի 14-ին պատասխանող ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլ. Աբրոյանը հայցվոր Հասմիկ Խաչատրյանին հրավիրել է իր գրասենյակ եւ առաջարկել գրել ազատման դիմում՝ առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, ասելով՝ «այդպես է որոշված»: Հայցվորը դիմում չի գրել, Վլ. Աբրոյանը սպառնացել է Հասմիկ Խաչատրյանին. «Եթե ինքնակամ դիմում չգրի, ապա ինքը կստեղծի հիմքեր Հասմիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու համար»: Հետեւել է տնօրենի ժ/պ Վլ. Աբրոյանի պահանջագիրը. «Ես՝ «Կոտայք» ՋՕԸ-ի տնօրենի ժ/պ Վլ. Աբրոյանս, ընկերության աշխատակից Սամվել Սուքիասյանից տեղեկացա, որ նա 21.01.2021թ.-ին, աշխատանքային ժամին, առանց նախապես թույլատվություն ստանալու, մտել է տնօրենի սենյակ՝ պատճառաբանելով, որ ընդունարանում տվյալ պահին մարդ չի եղել: Այդ պահին եւ դրանից 5-10 րոպե հետո եւս ներքին հեռախոսակապով զանգահարել եմ ընդունարան, սակայն գործավար-օպերատորը կրկին տեղում չի եղել: Իմ նախնական բանավոր պահանջին տալ բացատրություն՝ գործավար-օպերատոր Հասմիկ Խաչատրյանը մերժել է»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փետրվարի 2-ին Հասմիկին հայտարարել էր նկատողություն, առաջնորդվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով եւ 223-րդ հոդվածի 1-ին մասով՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար:

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը (լուսանկարում) դիմել էր նաեւ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին:

Փաստաբանի՝ տեսչությանը հայտնածը հաստատվեց վերջերս կայացած ՏԻՄ գործընթացների ժամանակ. «Տվյալ դեպքում մենք գործ ունենք աշխատանքային հարաբերություններում խտրականության դեպքի հետ, երբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ունենալով որոշակի քաղաքական հայացքներ եւ կուսակցական պատկանելություն, ցանկացել է ազատվել այն աշխատակիցներից, որոնք թեպետ աչքի չեն ընկել այս կամ այն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ, սակայն չեն հանդիսացել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համակուսակիցը»:

Փաստաբանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հասմիկ Խաչատրյանին աշխատանքից ազատման հրամանը տալուց առաջ արդեն իրեն փոխարինող աշխատողը եղել է ընկերությունում ու դրանից հետո անցել է աշխատանքի («Ինչ է ստացվում. կին աշխատակցին տույժ են տվել՝ աշխատանքային օրվա ընթացքում զուգարանից օգտվելու համար», հուլիսի 21, 2021թ. «Առավոտ»):
Հասմիկը դատարանում էլ հայտնել էր, որ աշխատանքի ներկայանալուց առաջ ունեցել է առողջական խնդիրներ, որի պատճառով առավոտյան աշխատանքի ներկայանալու փոխարեն՝ դիմել է «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոն» բուժօգնության: Հիվանդի բժշկական քարտից քաղվածքի համաձայն՝ նրա մոտ ախտորոշվել է ծանր սթրեսի հանդեպ ռեակցիա եւ հայցվորին բժշկի կողմից խորհորդ է տրվել խուսափել նյարդային լարվածություն բերող առիթներից՝ նշանակելով դեղամիջոցներ 1-ամսյա բուժման կուրսով:

Այս կապակցությամբ, Հասմիկը ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հայտնել է, որ պետք է անցնի բուժման կուրս, ինչպես նաեւ գրավոր դիմումով խնդրել է իրեն տրամադրել հասանելիք արձակուրդը: Սակայն տնօրենի ժ/պ Վլ. Աբրոյանը ոչ միայն Հասմիկին չի տրամադրել արձակուրդ, այլ նրա աշխատանքի ուշ ներկայանալը դիտարկել է որպես աշխատանքային կարգապահության խախտում եւ 23.02.2021թ.-ին ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով եւ 223-րդ հոդվածի 1-ին մասով՝ կայացրել է թիվ N 57/Կ հրամանը՝ հայցվորին կարգապահական տույժի ենթարկելու մասին եւ վերջինիս հայտարարել է նկատողություն: Նույն օրը տնօրենի ժ/պաշտոնակատարի կողմից արձակվում է թիվ N 58/Կ հրամանը՝ Հասմիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին: Այսինքն, գործատուն, ըստ էության, չի կարող ենթարկել նույն արարքի համար իր աշխատակցին կրկնակի պատասխանատվության:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031