Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինքը գոնե փոքրիկ ապացույց ունենար մեր թողած վատ ժառանգության, ապա վաղուց թմբկահարել էր»

Դեկտեմբեր 24,2021 14:30

Հայկ Մամիջանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած պնդումները ցածրորակ մանիպուլյացիաներ են

«Հերթական աբսուրդն է։ ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ չի կարելի գործընթացները դիտարկել կոնկրետ պահով։ Անհրաժեշտ է վերլուծել դրան նախորդող իրադարձությունները»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք, որ կառավարության եւ ազգային ժողովի միջեւ հարցուպատասխանի ժամանակ դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բղավեց ընդդիմադիր խմբակցությունների վրա՝ պնդելով, թե Արցախը հանձնածներն իրենք են՝ նախկինները։ «Պատերազմը կանխելու միակ ձեւը տարածքները տալն էր առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման։ 2018թ.-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն։ Ավելին՝ 2016թ.-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, եւ Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները»,- պնդում արեց Նիկոլ Փաշինյանը։

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն էլ իր հերթին ասել էր. «2019թ.-ի առաջարկներում նորություն չի եղել։ Սկզբից 5, հետո՝ 2 շրջան վերադարձնելը՝ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման. յոթ շրջանի վերադարձ՝ կարգավիճակի հարցի հստակեցման հետաձգմամբ։ Ուզում եք Լավրովի պլան կոչեք, ուզում եք՝ Մինսկի խմբի առաջարկ կոչեք։ Փաստաթղթի բովանդակությունը 2016թ. հունվարից հետո չի փոխվել»։

Այս առիթով Հայկ Մամիջանյանը հիշեցրեց. «2018թ.-ին Ալիեւ-Փաշինյան ուղիղ կապի միջոցով Փաշինյանի՝ Ալիեւին կատարած խնդրանքը՝ չբարձրացնել սահմանային լարվածության աստիճանը, խուսափել սահմանային միջադեպերի հրահրումից, քանի որ ինքն ունի ներպետական, ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակ։ Այսինքն, Ալիեւին բերել էր ՀՀԿ-ի «վրա»։ Պարզ է, որ դա տեղի է ունեցել ինչ-որ խոստման դիմաց։ Ինչո՞ւ պետք է Ալիեւը համաձայներ դրան։ Պարզ է, որ Փաշինյանը նրան ինչ-որ բան էր խոստացել։ Տրամաբանությունը հուշում է, որ խոստում է եղել»։

Մեր զրուցակիցը շարունակեց. «Հիշեցնեմ նաեւ նրա անհեթեթ, ներքաղաքական դաշտի համար արած հայտարարությունը, թե որ դեպքում է ինքը բանակցելու։ Խոսքն Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին է։ Բնականաբար, դա յուրաքանչյուրիս երազանքն է, բայց եթե Արցախի նախագահը գալու է նստի բանակցություններին, ներկա է լինելու Արցախի դրոշը, ինչպե՞ս եք պատկերացնում, որ Ալիեւն Արցախի նախագահի հետ բանակցի Արցախի կարգավիճակի հա՞րցը։ Դա բանակցություն չի, դա կայացած փաստ է։ Ուստի նախապայման դնել ոչ թե Ադրբեջանի, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջ, թե որ պարագայում Նիկոլ Փաշինյանը կբանակցեր, ու արժանանալ համանախագահ երկրների վատագույն գնահատականներին, որ նման նախապայմանները տորպեդահարում են բանակցային գործընթացը, նույնպես մոտեցրին պատերազմը»։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ տավուշյան դեպքերի ժամանակ, երբ տեղի ունեցած սահմանային միջադեպում հայկական զինված ուժերը հաջողություն գրանցեցին, կատարվածն իշխանությունը ներկայացրեց որպես երրորդ համաշխարհային պատերազմ, բաժանեց 80-ից ավելի մեդալ. «Ակնկալել, թե դա անհետեւանք կանցներ, անհնար է։ Խնդրում եմ ասածս ճիշտ հասկանալ. այո, 44-օրյա պատերազմի նախաձեռնողն ու ագրեսորն Ադրբեջանն է, կամ, այլ կերպ ասած՝ թուրք-ադրբեջանական տանդեմը։ Դա ես որեւէ կերպ կասկածի տակ չեմ դնում։ Այո, ագրեսորն Ադրբեջանն է, բայց մինչեւ պատերազմի մեկնարկը տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք անհնարին են դարձրել պատերազմից խուսափելը։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից։ Միանշանակ՝ այո։ 2018-20թթ. իշխող խունտայի գործելաոճն անխուսափելի դարձրեց պատերազմը, որը, կրկնեմ, մեկնարկեց Ադրբեջանը, որպեսզի իշխող խունտայի որոշ ներկայացուցիչներ չփորձեն ասել, թե մենք կասկածի տակ ենք դնում Ադրբեջանի՝ ագրեսոր լինելը։ Բացի այդ, պատերազմի ընթացքում քանիցս հնարավոր էր խուսափել նմանօրինակ մարդկային կորուստներից։ Այդ մասին նախագահ Սերժ Սարգսյանն էլ է խոսել։ Ուստի այո՝ պատերազմի հետեւանքները ամբողջությամբ իշխող խունտայի ուսերին են»։

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, կատարելով նշյալ պնդումները, սուտ է ասում կամ կարդալ չգիտի, որովհետեւ ՀՀԿ-ն թողել է բանակցային հետեւյալ ժառանգությունը. «Նախ, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին շփման գծում դիտորդների թվի ավելացմանն ու վերահսկողական մեխանիզմների կիրառմանը, որոնք կբացահայտեին ագրեսոր կողմին։ Դա փոզմիշ արեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ նա դարձել է բանակցող, այդ պայմանավորվածությունների մասին խոսք չի եղել։ Հիշատակում եղել է 2019թ. դեկտեմբերին՝ առաջին անգամ։ Այսինքն, այդ ընթացքը կորսված էր հայկական կողմի դիվանագիտության համար։ Կազանի հիմնադրույթներն աշխատանքային միայն փաստաթուղթն էր, որը պահվել է ԵԱՀԿ պահոցներում։ Դա հայկական կողմի համար լավագույն լուծումն էր։ ՀՀ ԱԳՆ-ն, ՌԴ համանախագահողն էլ են ասել, որ Շուշիի հարցը երբեք չի եղել բանակցային սեղանին. միշտ քննարկվել է Արցախի կարգավիճակը՝ որպես փոխկապակցված կետ։ Այսինքն, քննարկվող լուծումը եղել է փաթեթային տրամաբանության մեջ»։

Հիշեցրինք Փաշինյանի պնդումը, որ ինքն ասածներն ապացուցելու է։ Հայկ Մամիջանյանն ի պատասխան հիշեցրեց Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը. «Այ այսպիսի ժառանգություն ենք թողել։ Գլխավոր կապիտուլյանտին հիշեցնեմ Արմեն Աշոտյանի՝ բանավիճելու եւ այդ փաստաթղթերը ներկայացնելու առաջարկը։ Այդ փաստաթղթերը մենակ Էդմոն մարուքյաններին չէ, որ պետք է ներկայացնի, որ հետո էլ սուրճ խմեն ու ասեն, որ ամեն ինչ նորմալ է, որ ինչ պետք է՝ բանակցում են, իսկ ամիսներ հետո աղետաբեր պատերազմ սկսվի։ Եթե ինքը գոնե փոքրիկ ապացույց ունենար մեր թողած վատ ժառանգության, ապա վաղուց թմբկահարել էր։ Ինքը թքած ունի գաղտի փաստաթղթերը գաղտնազերծելու վերաբերյալ ՀՀ-ի միջազգային պարտավորության վրա, ինքը վաղուց դա արել է։ Հնարավոր է՝ նա գտնի ինչ-որ փաստաթուղթ, որն առաջարկվել է հայկական կողմին, վերջինս էլ այն մերժել է, այսինքն՝ այն չի դարձել աշխատանքային, քննարկվող փաստաթուղթ։ Նման փաստաթղթեր, լուծումներ նաեւ հայկական կողմն է առաջարկել, եւ դրանք բխում էին մեր շահերից, եւ, բնականաբար, դրանք չեն ընդունվել Ադրբեջանի կողմից։ Մենք պատրաստ ենք նման մանիպուլյացիայի։ Բայց վստահ եմ, որ ինքը որեւէ բան չունի ցույց տալու»։

Հայկ Մամիջանյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի նշյալ պնդումները ցածրորակ մանիպուլյացիաներ են. «Անգամ նրա մանիպուլյացիաների որակն է ընկել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031