«Չեմ պատկերացնում՝ սփյուռքին ինչպե՞ս համոզեմ սատարել մի գործընթացի, որի մասին շատ բան չգիտեմ»,-առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է սփյուռքին համոզելու սատարել հայ-թուրքական գործընթացին։ «Մեր անվտանգությունից է բխում, որ հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենանք, բայց դրանք չպետք է կառուցվեն մեր ազգային պատվի, ազգի ապագայի, ինքնության հաշվին։ Սա հասկանալի է»,-համոզմունք հայտնեց Զարեհ Սինանյանը։
Նա նշեց․ «Մինչեւ այս պահը չեմ տեսել որեւէ նշան,որ Թուրքիայի հետ ինչ-որ արվում է՝ արվում է մեր ազգային խնդիրների, պատմության հաշվին։ Հետեւաբար, ես սփյուռքին չեմ կարողանա համոզել սատար կանգնել Թուրքիայի հետ հարաբերություններին, եթե դրանք կարհամարհեն որոշ փաստեր, ճշմարտություններ, որոնք Թուրքիան պարտավոր է ընդունել, եթե ուզում ենք ունենալ մարդկային, նորմալ հարաբերություններ։ Դժվար, ծանր հարց է։ Ամեն դեպքում համոզված եմ, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ հարաբերություններ չի կառուցի իր ազգի շահերի ոտնահարման հաշվին։ Ես չեմ հավատում դրան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ