«Պատերազմից հետո հին սփյուռքի ինստիտուցիոնալ որոշ կառույցներ քաղաքական պատճառներով որոշել են թշնամաբար վերաբերվել ՀՀ-ին, ՀՀ կառավարությանը, ինչի համար շատ եմ ցավում»,-առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Դա պարզապես մեծ սխալ է իրենց կողմից, դա վնասում է մեր ազգային գործին։ Իրենք շատ երկար պետք է մտածեն դրա մասին եւ հասկանան, թե որտեղ են գտնվում այս պահին։ Դրան գումարած՝ ՀՀ-ում շատ ակտիվ է թուրքական 5-րդ շարասյունը, ցավոք, եւ ամեն կերպ թունավորում է հայաստանյան հասարակական կյանքի բոլոր բնագավառները, ներառյալ՝ ՀՀ-սփյուռք հարաբերությունները»,-նշեց Զարեհ Սինանյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակի երկրորդ կողմն ինստիտուցիոնալ, հին սփյուռքի մենաշնորհային կարգավիճակն է․ «Տասնամյակներ շարունակ այդ կազմակերպությունները մենաշնորհ են ունեցել ՀՀ-ի հետ հարաբերություններում։ Հիմա մեր գործելաոճն այլ է։ Որեւէ մեկին չենք պատրաստվում մենաշնորհ տալ եւ աշխատում ենք բոլոր սփյուռքյան կառույցների ու անհատների հետ։ Անգամ պատրաստ ենք աշխատել նրանց հետ, որոնք քաղաքական պատճառներով վատ դիրքորոշում են որդեգրել ՀՀ-ի հանդեպ 2018թ․-ից հետո։ Բոլորը մեր համար հավասարապես սիրելի են, բայց մենաշնորհներ չեն լինելու։ Որքան շուտ սա ընդունեն բոլորը, այդքան շուտ եւ արդյունավետ կկարողանանք համագործակցել»։
Սինանյանի խոսքով՝ մենաշնորհային կարգավիճակը ոչ մի լավ բանի չի բերել․ «Երեսուն տարին դա փաստեց։ Եկեք բոլորս պետության, ազգապահպանության գաղափարի շուրջ միավորվենք, եւ ազգապահպանությունը ՀՀ-ում է, ոչ թե սփյուռքում։ Որքան կլինի ՀՀ-ն, այնքան կհարատեւի սփյուռքը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ցավոք թուրքական հետախուզությունը հաջողեց 3 տարի առաջ ՀՀում իշխանության բերել իր 5րդ շարասյանը։ Ուրիշ տեղ մի փնտրեք պարոն Սինանյան թուրքական գործակալների, նրանք բոլորը ՀՀ կառավարության մաս են ներառյալ Թուրքիայում կրթություն ստացած ու կիսատ թողած հատուկ բանակցողը….