Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր առցանց մամուլի ասուլիսում անդրադառնալով սփյուռքում հայագիտական կենտրոնների փակման խնդրին՝ կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն շահագրգռված է այդ կենտրոնների պահպանմամբ եւ ֆինանսավորմամբ, բայց հնարավորությունները սահմանափակ են։ Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է պատրաստի որակյալ հայագետների, թուրքագետների եւ ադրբեջանագետների, որոնք կաշխատեն նաեւ արտերկրում։
«Անհանգստացած եմ, որ մենք մեր թշնամիներին չենք ճանաչում։ Պետք է հասկանանք մեր թշնամիներին, որպեսզի հասկանանք, թե ինչպես իրենց հետ վարվենք։ Խնդիրն այն է, որ խորքային իմաստով հայ ժողովուրդը չի ճանաչում թուրքերին»,-նշեց Զարեհ Սինանյանը։ Նա շարունակեց․ «Նրանց հետ ապրում ենք դեռեւս 11-րդ դարից, երբ սելջուկները սկսեցին ասպատակել Վասպուրականը, սակայն մինչեւ օրս չենք հասկանել, թե ում հետ գործ ունենք, թե ինչ հետաքրքիր երեւույթի հետ գործ ունենք՝ մեր համար վտանգավոր, եւ ինչպես գտնել իրենց հետ հարաբերվելու բանալին։ Մինչեւ այժմ դա չենք արել եւ դրա պատճառով կարծես անընդհատ հարված տակ ենք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ