Վերջերս ԱԺ-ում քննարկված եւ ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն՝ ՀՀ վարչապետը նշանակելու է հանձնակատարների՝ այլ երկրներում հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով, որոնք չեն վարձատրվելու եւ տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն։ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում է գործընթացը, կա՞ն երկրներ, որտեղ հանձնակատարներն արդեն նշանակվել են, ովքե՞ր են նրանք, ի՞նչ սկզբունքով են ընտրվել եւ հեռանկարում ի՞նչ արդյունք են ակնկալում։
Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Մենք դեռ չունենք նշանակված հանձնակատարներ, կան թեկնածուներ։ Այս պահին պլանավորման փուլում ենք, թե երկրներն աշխարհագրական տեսանկյունից ինչպես բաժանենք։ Նպատակը հետեւյալն է՝ մեր գրասենյակը փոքր մարմին է, նախարարություն չի։ Անգամ, եթե նախարարության քանակի հասնենք եւ 90-ից ավելի աշխատակից ունենանք, միեւնույնն է, դա բավարար չի լինելու՝ 7 միլիոնանոց սփյուռքի հետ որակապես, լիովին, խորապես համագործակցելու համար։ Այդ թիվը չի ապահովում այն հնարավորությունները, որոնք կապահովվեին, եթե տեղում ունենայինք հանձնակատար։ Հետեւաբար, ունենալով հանձնակատար, մենք սփյուռքի տվյալ համայնքում տեղում ներկայություն կարող ենք ապահովել։ Այդ անձը զբաղվելու է ՀՀ-սփյուռք գործակցությամբ, լինելու է համայնքում ազդեցիկ, ճանաչված անձնավորություն։ Հանձնակատարները պատրաստ են լինելու մեզ աջակցել ՀՀ-սփյուռք կապերն ամրապնդելու գործում։ Այս կերպ ինչ-որ չափով բեռնաթափելու ենք նաեւ մեր դիվանագիտության գործառույթները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ