Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանը պնդում է՝ ՀՀ-ում ապրելն ապահով է եւ համեմատում է․ «ԱՄՆ-ում 2 կոնգրեսականի են թալանել»

Դեկտեմբեր 23,2021 21:00

Դեկտեմբերի 2-ին «Մեդիա կենտրոնում» հարցազրույցի ժամանակ  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել էր․ «Հայաստանն անվտանգ երկիր է՝ անկախ ամեն ինչից: Ես հասկանում եմ, որ պատերազմի այս ուրվականը շատ է խաթարել այդ զգացողությունը, թեև որպես երկիր, միևնույն է, ամենօրյա կյանքում շատ անվտանգ երկիր է ՀՀ-ն․․.»։

Պարոն Սինանյանի այսօրվա առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը խնդրեց պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված իր այդ համոզմունքը, եւ «անկախ ամեն ինչից» ասելով՝ ի՞նչ նկատի ունի, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն ու նախապայմաններն անկա՞խ են մեր անվտանգային միջավայրից, թե՞ որ մայիսից ադրբեջանական զորքը չէ, որ մտել է մեր տարածք ու պարբերաբար սահմանային միջադեպեր է հրահրում, գերեվարում ու սպանում հայ զինծառայողներին։

Զարեհ Սինանյանն ի պատասխան ասաց․ «Հարցը ցիտում է ինչ-որ բաներ, որոնք բոլորին հայտնի են եւ որոնց մասին ես այդ նույն հարցազրույցի ժամանակ մանրամասն խոսել եմ։ Նորից սիրով կպատասխանեմ․ խոսքը նրա մասին էր, որ ամենօրյա կյանքում ՀՀ-ում ապրելն ինքնին ապահով երեւույթ է։ Մի հասարակ օրինակ բերեմ։ Այսօր առավոտյան կարդում էի, որ ԱՄՆ-ում վերջին 24 ժամում մի կոնգրեսական կնոջ փողոցում թալանել էին, մեքենան վերցրել ու հեռացել։ Վերջին շաբաթում նա երկրորդ օրենսդիրն է, որին փողոցում պարզապես թալանում են։ Հիմա ես դա ցիտում եմ, որովհետեւ դրա հետ եմ համեմատում։ ՀՀ-ում ապրելը հարաբերականորեն շատ ավելի զարգացած ու ապահով պետություններից ավելի անվտանգ է»։

Զարեհ Սինանյանը շարունակեց․ «Նույն հարցազրույցում ես ասել եմ, որ պատերազմի ուրվականը խաթարել է մարդկանց անվտանգության զգացումը։ Այսինքն, մեկը մյուսին չի հակասում։ Այդ երկու զգացողությունները կան։ Դրանք իրար բախվող երեւույթներ են, սակայն մեր կյանքի մի մասին են։ Դրա մասին էի խոսում։ Ես, որպես հայր, անվտանգ եմ զգում իմ երեխաների համար, երբ նրանք առավոտյան դպրոց են գնում կամ ընկերներով գնում են առեւտրի կենտրոն ու կինոթատրոն։ Հետեւաբար, իմ ասածը դրա մասին էր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031