Պռոշյան համայնքում գտնվող Հերոսների Վերականգնողական քաղաքն արդեն իրականություն է, իսկ դեկտեմբերի 25-ին նախագծի բացման պաշտոնական արարողությունն է՝ օրհնության ծեսով, հանդիսավորությամբ, հյուրերի ներկայացուցչական կազմով: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը՝ «Նախապես հայտարարված երկու բուժական վայրից բաժի, կբացվի նաեւ երրորդը, որն աննախադեպ է տարածաշրջանում: Խոսքը վախերի կառավարման եռաչափ սենյակի մասին է: Սարքավորումները բերվել են դրսից, մասնագետները վերապատրաստվել են եւ արդեն որոշակի թվով զինվորների համար բուժման կուրս է իրականացվում: Սենյակն անվանակոչել ենք Քյարամ Սլոյանի անունով»:
Նա հավելեց, որ բացման օրը տրվելու է նաեւ եւս երեք օբյեկտի բացման մեկնարկ, առաջինը՝ հացատունն է, որի շինարարությունը կավարտվի գարնանը, երկրորդը գրադարան է, որը կոչել են հերոս Արեն Մեհրաբյանի անունով, իսկ երրորդն այն է, որ IT տեխնոլոգիաների շենքի հիմքն է դրվելու:
Սուրեն Արեենցը հավելեց, որ դեկտեմբերի 25-ից սկսած կենտրոնն ամեն ամիս 100-150 զինվորի կընդունի եւ կապահովի նրանք հոգեկան առողջության համալիր բուժումը. «Եթե այլ կենտրոններում մեկ-երկու մասնագետ է աշխատում, եւ մի քանի ուղղություններով բուժում է իրականացվում, մենք բազմաթիվ ուղղություններով ենք աշխատելու եւ համալիր վերականգնում ենք ապահովելու, կենտրոնի բազմաթիվ մասնագետները ճշգրիտ սարքավորումների միջոցով առաջին անգամ Հայաստանում զինվորներին համար կապահովեն համալիր բուժում եւ վերականգնում»:
Հարցրինք, թե ինչպես են ընտրվելու բուժառուները, ինչպես են որոշելու, թե զինվորներից ում պետք է տրվի առաջնահերթությունը: Սուրեն Արեենցն ասաց, որ հոգեկան առողջության կենտրոնը ամենասկզբում կընդունի այն զինվորներին, որոնք փաստաթուղթ կունենան, որ մասնակցել են պատերազմին եւ ունեն որոշակի խնդիրներ: Կենտրոնի շահառուները կհանդիսանան նաեւ ինքնակամ դիմողները, նրանց թվում կլինեն զինվորների, զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները եւ այն մարդիկ, որոնք շինարարության ընթացքում օգնել են իրենց, եղել են պատերազմի մասնակից, սահման օգնություն են ուղարկել կամ որեւէ առնչություն են ունեցել պատերազմի հետ:
Կարդացեք նաև
«Մտածում ենք՝ եկող տարի բացել նաեւ մանկական հոգեբանական սենյակ, որտեղ զոհված զինծառայողների ու ազատամարտիկների երեխաներն անվճար բուժում կստանան,նրանց հետ կաշխատեն հոգեբաններն ու այլ մասնագետներ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Ասաց, որ կենտրոնի բացմանը ներկա կգտնվեն պետության ներկայացուցիչներ, զինվորների ու պատերազմում անմահացածների հարազատներ, իսկ Կոտայքի թեմի առաջնորդը օրհնության ծես կանցկացնի: Ներկա կլինեն նաեւ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի կինն ու մայրը, որի անունն է կրում Հերոսների վերականգնողական քաղաքը, կմասնակցի Դավիթ Ամալյանը, որի որդու՝ Վարդանի անունով պուրակն է անվանակոչվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ