Դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքում առավոտից մի շարք իրադարձություններ եղան։
Նախ` համայնքում ընտրված երկու թեկնածուները այսօր նշանակել էին իրենց երդմնակալության արարողությունը, սակայն ոստիկանությունը չէր թողնում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուին, ավագանու անդամներին և լրագրողներին մտնել համայնքապետարանի շենք։ Այնուհետև նրանք թույլ տվեցին մտնել Մշակույթի տուն և ոստիկանությունը հայտարարեց, որ «Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ոստիկանությունը իրավունք չունի խոչընդոտել իրենց թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի մուտքը համայնքապետարան, դա կհամարվի իշխանության զավթում։ Տեղի ունեցավ Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը, սակայն ոստիկանները նրան և ավագանու անդամներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարան։ Այնուհետև «Ապրելու երկիր» կուսակցության անդամները և նրանց համակիրները փակեցին օդանավակայն տանող ճանապարհը, տեղի ունեցավ քաշքշուկ քաղաքացիների և ոստիկանների միջև, ոստիկանությունը բերման ենթարկեց քաղաքացիներին։
Այս ամենից հետո քաղաքացիները կրկին հավաքվեցին Փարաքարի համայնքապետարանի շենքի առաջ։ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ոստիկանությունը որոշում է կայացրել հնարավորություն տալ ավագանու անդամ, ընտրված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին մտնել համայնքապետարանի շենք և անցնել իր լիազորությունների կատարմանը։
Վոլոդյա Գրիգորյանը ծափողջույնների ներքո ներս մտավ համայնքապետարանի շենք։ Նա ողջունեց համայնքապետարանի աշխատակիցներին։ Սակայն համայնքապետի սենյակի դուռը փակ էր:
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատակազմը կկազմակերպի, որ դուռը բացվի. «Մենք ընտրություններից հետո էլ մյուս կողմերին էլ էինք կոչ արել, որ համերաշխությամբ աշխատենք, քանի որ անկախ ամեն ինչից, բոլոր երեք ուժերը ներկայացված են ավագանիում, և մենք բոլորի հետ համերաշխ ցանկանում ենք աշխատել։ Եվ օր առաջ, առավել ևս, որ խոշորացված համայնք է, համատեղ ջանքերով զարգացնենք համայնքը։ Շարունակելու ենք, և այս պահին էլ հրապարակային ենք կոչ անում մնացած երկու ուժերին նստել, հենց այսօրվա ընտրություններից հետո էլ երեք օր է անցել, չի ստացվում նույն Դավիթ Մինասյանի հետ որևէ ձև հանդիպել։ Տարբեր միջնորդավորված ձևով ես ինքս էլ իրենց թիմի ավագանիների միջոցով հանդիպենք, համատեղ քննարկենք, թե ինչպես ենք այս խնդրից դուրս գալիս։ Մեր խնդիրը, մեր վեճը երբեք ոստիկանների հետ չէ, քաղաքական է, թող գան, նստենք լուծենք։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին այս լարվածությունը կավարտվի, և օր առաջ կանցնենք աշխատանքի»։
Իսկ Վոլոդյա Գրիգորյանը հավելեց. «Ոչ մի խնդիր չկա, ոչ մի խնդիր չի կարող լինել»։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ