Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, բայց մենք չենք կորցրել մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը». Արայիկ Հարությունյան

Դեկտեմբեր 23,2021 15:37

«Քայքայված տնտեսություն եւ ենթակառուցվածքներ, հոսանքազրկված բնակավայրեր, գազի մատակարարման կեսից ավելի կորուստներ, ավելի քան ութ հազար վնասված օբյեկտներ, դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ից բացակա հայրենակիցներ, կապի կայանների անսարք վիճակներ… »,- գնահատելով 2021 թվականը` Արցախի հանրապետության խորհրդարանում, 2022 թվականի բյուջեի նախագծի եզրափակիչ քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա, 2022 թվական Արցախը մտնում է 19.500 աշակերտով, ինչը խոսում է ավելի քան 115 հազար բնակչության եւ ընդամենը մոտ 33 հազար բացակա բնակչության մասին, այն պարագայում, երբ ունեցել ենք մոտ 40 հազար տեղահանված: Գլխավոր մարտահրավերն, ըստ նրա, առաջիկա տասնամյակների համար լինելու է ժողովրդագրությունը եւ կրկին հայտարարում է, որ Արցախի խնդիրը կա ու կլինի այնքան ժամանակ, քանի մենք ունենք բնակչության ժողովրդագրական աճի խնդիր: Վերականգնվել են ենթակառուցվածքները եւ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ասֆալտապատման ողջ ծրագիրն ավարտվելու է: Նույն ժամկետներում կավարտվի նաեւ ջրամատակարարման ծրագիրը. սկսված է Բադարա ջրամբարի կառուցումը, որը Ստեփանակերտը կապահովի անխափան ջրամատակարարմամբ եւ ինչի արդյունքում հրաժարվելու են արտեզյան ջրամատակարարումից: Շուտով կավարտվի Հիլիսի ջրամբարի վերանորոգումը, որը ջրով կապահովվեն հարակից բնակավայրերը: Արայիկ Հարությունյանի արձանագրմամբ, Արցախում այժմ կա համարյա անխափան աշխատող էներգոհամակարգ, գազամատակարարում, խնդիր կա կապի բնագավառում, քանի որ ադրբեջանական կողմը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, խլացնում է կապը, հարցը խաղաղապահների օգնությամբ չի հաջողվել լուծել, բայց նոր ներդրողը խոստացել է Արցախում ապահովել ամենաժամանակակից կապը՝ ամենաէժան սակագներով: Նոր ներդրողը «Ղ-տելեկոմը» ձեռք է բերել սեպտեմբերին եւ աշխատանքները հունի մեջ գցելու համար դեռ 1-1,5 ամիս պետք է գալու: Սկսված է մոտ երեք հազար բնակարանների կառուցման ծրագիրը, նախատեսվում է ևս 1000-1500 բնակարանների կառուցում եւ այլն:

Արցախի 7-րդ գումարման խորհրդարանն այսօր շարունակեց չորրորդ նստաշրջանի աշխատանքները: Վերջնական ռեժիմում քննարկվեց եւ քվեարկվեց 2022 թվականի բյուջեի նախագիծը: Նախագիծն ընդունվեց՝ իշխող ուժի մեծամասնության շնորհիվ:

Ամենակարեւորը, որն արձանագրում է Արայիկ Հարությունյանը, այն է, որ Արցախին հաջողվել է երկրի մայր օրենքով շարունակել կյանքը. «Այո, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, բայց մենք չենք կորցրել մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը: Այսօր Սահմանադրության համապատասխան ենք գտնվում այստեղ եւ քննարկում երկրի բյուջեն: Մենք ենք ընտրում դա»:

Այն, որ հետպատերազմյան այս իրավիճակում հաջողվել է երկրում կարգ ու կանոն ապահովել, Արայիկ Հարությունյանը ևս կարեւորում է: Նա փաստում է, որ ռուսական խաղաղապահ զորամիավորման եւ ՊԲ-ի ջանքերի շնորհիվ Արցախում հաջողվում է հարաբերական կայունություն ապահովել, ինչը հնարավորություն է տալիս ապագայի տեսլական ունենալ:

Նա, ի թիվս հայ եւ ռուս զինվորականների, շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի ջանքերի շնորհիվ կասեցվել են տարածաշրջանում թուրքական նկրտումները եւ հայտարարեց, որ ռուսական խաղաղապահության առաքելությունն Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ:

Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ բանակի վերակազմավորման անհրաժեշտության մասին, իբրեւ անվտանգության հիմնական երաշխավորի, ասաց, որ ԱԱԾ եւ ոստիկանական զորքերը ևս համապատասխանեցվում են առկա իրողություններին, քանի որ երաշխավորված չէ ահաբեկչական, դիվերսիոն գործողությունների իրականացումը: Ասաց, որ պետք է ընդունել մեղքի սեփական բաժինը, քանի որ Ճարտարի, Շուշիի միջադեպերը կարող էինք կանխել, բայց բավարար ջանքեր չեն գործադրվել: Գլխավոր եւ անզիջում նպատակ համարեց Արցախի ճանաչումը եւ բռնազավթված տարածքների վերադարձը: Հավաստիացրեց, որ 2022-ին Արցախի ինքնորոշման իրավունքը լինելու է հիմնական եւ առաջնային հարց:

Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ անվճար կրթություն եւ առողջապահություն ապահովելու եւ այլ սոցիալական աջակցության մասին, անդրադառնալով գնաճին էլ, ասաց, որ պարենային զամբյուղը թանկացել է, բայց, սպառողական զամբյուղն, ընդհանուր առմամբ, շատ չի բարձրացել: Արցախում 0-18 տարեկան երեխաները ստանալու են սպառողական նվազագույն զամբյուղին համապատասխանող նպաստ: Երեք տարվա ընթացքում նվազագույն թոշակն էլ պետք է համապատասխանեցվի նվազագույն սպառողական զամբյուղին: Առավելագույնը 1,5 տարում ավարտվելու է սպայական կազմին բնակարաններով ապահովելու խնդիրը: 2025 թվականից Արցախում նոր ամուսնացող զույգերին բնակարաններ կտրամադրվեն, իսկ հետագայում, երեք երեխայի առկայության պարագայում, բնակարանային բարելավվում կլինի: Տարեկան 500-1000 բնակարան էլ կկառուցվեի վերաբնակեցման, հայրենադարձության համար, ինչը ևս կնպաստի ժողովրդագրական աճին: Այս ամենը Արայիկ Հարությունյանը համարում է սոցիալական պետության հիմքեր եւ հայտարարում, որ աշխարհում երկրորդ նման պետություն չկա: Նաեւ հավելում է, որ այս ամենին աջակցել են ՀՀ իշխանությունները:

Արայիկ Հարությունյանի հավաստմամբ, մեծ ներդրումային ծրագրեր կան Արցախում՝ ՀԷԿ-երի կառուցում, այգիների հիմնում, թեթեւ արդյունաբերության եւ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում եւ այլն: Ամենամեծ ֆինանսական հոսքերը, ըստ նրա, շինարարության ոլորտում է. 237 կազմակերպություն է աշխատում: Հորդորեց՝ միասին պայքարել չարաշահումների եւ յուրացումների դեմ, ինչը եղել է, կա եւ լինելու է:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ համեմատաբար կայուն մեկ տարի են ունեցել, կոչ արեց քաղաքական ուժերին համատեղ մտածել երկրի ապագայի մասին, ասաց, որ պատրաստ են կիսել պատասխանատվությունը, ոչ թե իշխանություն զիջել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031