Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ավելի քան 128 մլն դրամ կուղղի մի շարք հուշարձանների ամրակայման և վերականգնման համար

Դեկտեմբեր 23,2021 15:20

Աջակցություն կտրամադրվի ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ. կառավարությունը հաստատել է դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը: ՀՀ գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է։ Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ (որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ)։ Կարգի համաձայն աջակցությունը նշանակվելու է, եթե ծնողը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, և երեխաները, այդ թվում՝ շահառու երեխան, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով և դիմելու օրվա դրությամբ այդ ծնողը և շահառու երեխան գտնվում են ՀՀ-ում:

Սահմանվել է նոր ծնված երեխայի կարգաթիվը հաշվի առնելու կարգը: Կարգով սահմանված են նաև աջակցության համար դիմելու ժամկետները, դիմելու կարգը (թղթային կամ առցանց) շահառու երեխայի կարգաթիվը որոշելու առանձնահատկությունները, աջակցությունը նշանակելու ժամկետները, աջակցությունը մերժելու հիմքերը։ Նախատեսվել է, որ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։ Կարգով սահմանված են նաև դրամական աջակցություն ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման հիմքերը, ինչպես նաև վճարման դադարեցման և վերականգնման հիմքերը, չվճարված կենսաթոշակը վճարելու և ավելի վճարված կենսաթոշակը վերադարձնելու կարգերը։ Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։ Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5 տոկոս և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3 տոկոս աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ. 10131-ի դիմաց կավելանա տարեկան 8.14 տոկոսով կազմելով՝ 2022թ.՝ 10956, 2023թ.՝ 11844, 2024թ.՝ 12804, 2025թ.՝ 13848 և 2025թ.՝ 14976։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա: «Երրորդ երեխայի դեպքում արդեն նախատեսված է 1 միլիոն դրամի միանվագ աջակցություն: Այս որոշումը չի ազդում նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա, որը հատկապես գյուղական համայնքներում ավելի բարձր է՝ ավելի քան 50 000 դրամ: Վերջերս էլ մի քիչ բարձրացրեցինք այդ նպաստը»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այն ազդում է միայն աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագիրն արդյունավետ կիրականացվի: «2025 թվականին մենք նորից կանդրադառնանք ծրագրին՝ այն գնահատելու և հետագա շարունակության վերաբերյալ հարցը լուծելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս ծրագիրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումներից է:

Կառավարությունն ավելի քան 128 մլն դրամ կուղղի ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 128,439.6 հազար դրամ ուղղել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար անհրաժեշտ պեղումների իրականացման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման, Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման գծով ծախսերին:

Նախատեսվում է նաև 17,500.0 հազար դրամ ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Մասնավորապես, առաջարկվում է վերը նշված աշխատանքներից Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի բերդ ամրոցի պարսպապատի հարավ-արևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումների, ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի պարիսպների ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդի բաղնիքների ամրակայման և մասնակի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Տավուշի մարզի «Սրվեղ» վանական համալիրի ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցի պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման, ՀՀ Լոռու մարզի Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցու ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման իրականացման համար նախատեսվում է գումարը դրամաշնորհային պայմանագրով հատկացնել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին, որի գործառույթներից է օրենքով սահմանված կարգով՝ պատմամշակութային վտանգված և վերականգնվող անշարժ հուշարձանների պեղումների կատարումը: Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի պեղումների աշխատանքների իրականացման համար առաջարկվում է գումարը դրամաշնորհային պայմանագրով հատկացնել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին: Նախատեսվում է նաև Հայաստանի պատմության թանգարանին գումար հատկացնել՝ թանգարանում պահպանվող աշխարհում բացառիկ հնագիտական գտածո կաշվե ոտնամանի (Արենի-1 քարանձավից գտած, մ.թ.ա. 3600-3500 թթ.) պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար: Ոտնամանը գտնված օրվանից լիարժեք վերականգնման և ամրակայման գործընթաց չանցնելու, ինչպես նաև ցուցադրության մեջ համապատասխան ջերմախոնավային պայմաններ չապահովելու պատճառով կաշին չորացել է, կրել որոշակի արտաքին փոփոխություն և դեֆորմացվել։ Այս փոփոխությունները կարող են հանգեցնել կաշվի քայքայման։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատմության հուշարձանների պահպանման խնդիրներին անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: «Մենք 2020 թվականից մի ծրագիր պիտի սկսեցինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց: Խոսքը մեր պետականությունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգման ծրագիր իրականացնելու մասին է: Այս դեպքում խոսքն ամրոցների և բերդերի մասին է: Մենք ամրոցների, բերդերի և քաղաքացիական ու պետական նշանակության կառույցների բավականին հարուստ ժառանգություն ունենք: Բայց հարուստ ժառանգությունը բավարար չափով պահպանված և մատչելի չէ հանրությանը՝ սկսած ճանապարհներից. դեպի այդ ամրոցներ տանող պատշաճ ճանապարհներ չկան: Հաջորդ խնդիրն այն է, որ դրանք շատ երկար ժամանակ ընդհանրապես որևէ վերականգման, ամրացման աշխատանքների չեն ենթարկվել: Այս ծրագրի շրջանակում նաև Ամրակից համայնքի տարածքում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցու վերականգման համար ենք գումար հատկացնում, այս ուղղությունը նույնպես շատ կարևոր է»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարևորել է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը նաև տնտեսության և զբոսաշրջության զարգացման համատեքստում: «Պետք է խոստովանենք, որ մեր պատմամշակութային ժառանգության ամբողջ շրջանակը չէ, որ պատշաճ մակարդակով կարողանում ենք մատուցել զբոսաշրջային բիզնեսին և ինչու չէ նաև մեր հանրությանը: Այս առումով շատ կարևոր է Արենի քարանձավի գտածոն: Այն, իհարկե, համաշխարհային պատմության համար բացառիկ գտածո է, որը բացառիկ ուշադրության և պահպանության պետք է արժանանա»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ծրագիրը պետք է լինի շարունակական:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրների վերականգման խնդրին և նշել, որ այդ հարցի վերաբերյալ մի շարք քննարկումներ են անցկացվել: «Մայր Աթոռի հետ համատեղ ծրագիր պետք է առաջարկենք, որպեսզի փորձենք համատեղ վերականգնել և զարգացնել վանական այն համալիրները, որոնք համարվում են պատմամշակութային արժեքներ: Գաղափարն այն է, որ կառավարության, եկեղեցու և բարերարների համատեղ ջանքերով պատմամշակութային ժառանգությունը պետք է բոլոր չափանիշներին համապատասխան վերականգնվի: Երբ մեր եկեղեցիները գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում կամ խոշոր բնակավայրերին մոտիկ տարածքներում, այդտեղ շատ, թե քիչ բարվոք վիճակ է, բայց մենք ճարտարապետական գլուխգործոցներ ունենք, որոնք նաև շատ մեծ հոգևոր նշանակություն ունեն, գտնվում են բանուկ ճանապարհներից հեռու: Գաղափարն այն է, որ կառավարությունն իր վրա վերցնի ենթակառուցվածքների ստեղծումը, Հայ առաքելական եկեղեցին, բարերարները ներդրում անեն եկեղեցու, վանական համալիրի վերականգման գործում»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հրատապ ջանք պետք է գործադրել պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության կարևոր այն համալիրների վերականգնման ուղղությամբ , որոնք վտանգված են: «2019 թվականին մենք մի ծրագիր էինք սկսել, որը դարձյալ ՔՈՎԻԴ-ի և պատերազմի պատճառով ընդհատվեց: Խոսքը Խորհրդային Միությունից որպես ժառանգություն ստացած և ժամանակի ընթացքում վերացված մշակութային կոթողների մասին է: Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ Չարենցավանի խաչմերուկի մոտ գտնվող «Հավերժության ժապավեն» կոչվող համալիրը վերականգման վերջին փուլում է»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով նման արձանների պատշաճ պահպանություն իրականացնելու կարևորությունը:

Հաստատվել են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Երևանի պետական համալսարանների ռեկտորների ընտրությունների արդյունքները

Կառավարության որոշումներով հաստատվել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի և Երևանի պետական համալսարան ռեկտորի պաշտոնում Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի ընտրությունների արդյունքները:

Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵՊԲՀ-ին աջակցություն ցույց տալու համար: Նորընտիր ռեկտորը հավելել է, որ բժշկական համալսարանը նախատեսում է մի շարք հավակնոտ ծրագրեր իրականացնել: Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշել է, որ ԵՊՀ-ում բարեփոխումների շարք է սկսվել:

Առողջապահության նախարարությանը կհատկացվի 1,2 մլրդ դրամ՝ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի 200000 դեղաչափ ձեռքբերելու համար

Հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի հետ կապված ներկայում առկա իրավիճակով, կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել Առողջապահության նախարարությանը: Մասնավորապես, դեռևս 2021 թվականի հուլիսին Առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայումս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում: 200000 դեղաչափ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,2 մլրդ դրամ:

Կառավարության նիստում այսօր քննարկվել է նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ այս պահին այն կայուն է. «Երեկ գրանցվել է 129 դեպք, ընդհանուր առմամբ, 6885 թեստավորումից: Ցավոք ունենք մահվան 15 դեպք: Վերարտադրության ցուցանիշը կազմում է 0.56 տոկոս, ինչը նշանակում է, որ մեր այս բարենպաստ իրավիճակը պահպանվելու է: Եվ եթե նախատոնական և տոնական օրերին էլ փորձենք պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա այս իրավիճակը կկարողանանք կայուն վիճակում պահպանել»:

Ըստ նախարարի՝ Հայաստանում «Օմիկրոն» նոր շտամը դեռ հայտնաբերված չէ: «Կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, պատվաստումները պաշտպանության բավական բարձր շեմ են ապահովում նաև այս շտամի հանդեպ, ինչը, իհարկե, շատ կարևոր է: Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է, և մենք այդպես էլ կշարունակենք հետագայում:

Ներկայացնեմ նաև Հայաստանում պատվաստումների վերջին ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, մենք իրականացրել ենք 1 591 809 պատվաստում: 920 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը և երկրորդ դեղաչափը ստացել են 670 710 քաղաքացի: Մոտ 500 քաղաքացի արդեն ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Երեկ իրականացրել ենք ընդհանուր 14007 պատվաստում»,-ասել է նախարարը՝ մեկ անգամ ևս հորդորելով քաղաքացիներին պատվաստվել:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է պատվաստումները շարունակել կորոնավիրուսի հաջորդ ալիքին դիմագրավելու համար: «Մենք այս հերթական ալիքն ավելի սահուն կերպով հաղթահարեցինք: Եվ սրա համար կա երկու հիմնական պատճառ: Պատվաստումների, այնուամենայնիվ, որոշակի շեմից հետո մենք զգացինք դրա ազդեցությունը ընդհանուր գործընթացի, համաճարակային իրավիճակի վրա: Իհարկե, նախորդ շրջանում հիվանդացությունների արդյունքում որոշակի, այսպես ասած, իմունիտետի ձևավորման պրոցեսը նույնպես կարևոր է եղել: Բայց բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է, և այստեղ մեր միասնական խնդիրը պետք է լինի պատվաստումները շարունակել այնպես, ինչպես անում էինք այն ժամանակ, երբ նոր դեպքերի օրական թվերը հասնում էին 1500-ի, մահվան 70 դեպք էր արձանագրվում: Շատ կարևոր է, որ մենք այս հանդարտ փուլում էլ հետևողականորեն շարունակենք պատվաստումները: Ես ինքս էլ երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ, և բոլորին էլ խորհուրդ եմ տալիս ու կոչ եմ անում: Այսօր արդեն երկրներ կան, որ քննարկում են չորրորդ դեղաչափ պատվաստանյութի մասին: Մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք, որպեսզի COVID-ի նոր ալիքները մեր հանրային, սոցիալ-տնտեսական կյանքի վրա որևէ ազդեցություն չունենան: Այսինքն՝ դրանք արդեն այնքան սովորական դառնան, որ մենք նույնիսկ այս ձևաչափերում նման հարցեր չքննարկենք»,-ասել է վարչապետը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի գործող բժշկական հաստատությունների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։ Ըստ հիմնավորման՝ Հայաստանի մարզերի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում ՀՀ կառավարության գերակա խնդիրներից է բարելավել առողջապահական համակարգի կազմակերպչական կառուցվածքը` բնակչությանը, հատկապես սոցիալապես անապահով խմբերին, առավել մատչելի և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով: Այդ նպատակով ՀՀ հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների արդյունավետության և որակի շարունակական բարելավումն իրականացվում է լրացուցիչ թվով մարզային բժշկական կազմակերպությունների օպտիմալացման, ինչպես նաև ընտրված ենթակառուցվածքների և բուժման հնարավորությունների բարելավման գործընթացներին աջակցություն ցուցաբերելով: Որոշմամբ առաջարկվում է վերակազմակերպել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում գործող 2 բժշկական կազմակերպություն՝ ծննդօգնության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցվող «Էջմիածին» բժշկական կենտրոնը միացնելով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող Վաղարշապատի հիվանդանոցին։ Այնուհետև, առաջարկվում է վերանվանել Վաղարշապատի հիվանդանոցը «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս այսուհետ պետք է մատուցի նաև առողջության առաջնային պահպանման և ծննդօգնության ծառայություններ։ Առաջարկվում է նաև վերակազմակերպել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում գործող 2 բժշկական կազմակերպություն՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող պոլիկլինիկան միացնելով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող Գավառի բժշկական կենտրոնին։

Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի նպատակն է կանոնակարգել և հստակեցնել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերը, վերանայել օրենսգրքի առանձին դրույթներ, ինչպես նաև սահմանել նոր կարգավորումներ: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու դրույթները: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև hսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 2-րդ և ավելի անգամ խախտումների հիմքով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները, միաժամանակ, հանել նաև գործունեությունը կասեցված հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հրապարակելու պահանջը, հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին սահմանելու վերաբերյալ դրույթը: Նախատեսվում է հստակեցնել, որ հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող է հանդիսանալ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին ուսումնասիրության հանձնարարագիր չի պահանջվում: Օրինագծով առաջարկվում է սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից, ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից: Քանի որ որևէ արարքի համար պատասխանատվության միջոցի սահմանումն առաջին հերթին պետք է նպատակաուղղված լինի տվյալ արարքի կանխարգելմանը, միաժամանակ ապահովելով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ պատասխանատվության համաչափության սկզբունքի պահպանումը և հաշվի առնելով այն, որ նախատեսվող պատասխանատվությունը որքան համաչափ լինի իրավախախտման ծանրությանը, այնքան արդյունավետ կլինի դրա կանխարգելիչ նշանակությունը, առաջարկվում է բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը (1-ին դեպքի համար՝ 200 հազար դրամի փոխարեն սահմանել 500 հազար դրամ, 2-րդ դեպքի համար՝ 500 հազար դրամի փոխարեն՝ 2 միլիոն դրամ, 3-րդ և ավելի դեպքերի համար՝ 1 միլիոն դրամի փոխարեն 10 միլիոն դրամ):

Հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման, եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքերը կանխելու և հարկային հաշվառման որոշ հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ։ Հաշվի առնելով ագրեսիվ հարկային պլանավորման և եկամտային հարկի վճարումից խուսափելու նկարագրված իրավիճակները` նախագծով առաջարկվում է վերանայել փոխառությունների և ոչ հրապարակային եղանակով տեղաբաշխված պարտքային արժեթղթերի դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը և սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված դրույքաչափին համապատասխան, իսկ եկամտային հարկի ընդհանուր դրույքաչափից տարբերվող՝ առավել ցածր դրույքաչափը (տվյալ դեպքում՝ 10 տոկոս) կիրառել միայն բանկային ավանդների և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսների մասով։ Եկամտային հարկի հաշվարկումից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց ստացման ենթակա պասիվ եկամուտները դրանց հաշվեգրման (եկամտի ստացման իրավունքի ձեռքբերման) հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստացվելու դեպքում, դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկել 12-րդ ամիսը ներառող հաշվետու ժամանակահատվածում՝ 20 տոկոս դրույքաչափով։

Միջազգային համագործակցություն. հնարավորություն կստեղծվի հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» 2013 թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման ՝ստորագրմանը նախապատրաստվող արձանագրության նախագծով` նախատեսվում է տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումարի վճարում «Գազպրոմ Արմենիա»-ին, որպես՝ վերջինիս պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Արձանագրությամբ սահմանված պայմանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար (7900 կկալ/խոր.մետր)։ Բացի վայդ, արձանագրությամբ նախատեսվում է «Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի շրջանակում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը սահմանվում է 15 տարի: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում: Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ) և տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով: Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021թ. մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:

Հավանություն է տրվել 2021 թ. հոկտեմբերի 4-ին Բեռլինում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծին: Համաձայնագրով նախատեսվում է, ի շարունակություն հայ-գերմանական համագործակցության զարգացման քաղաքականության, գերմանական կողմից հայկական կողմին տրամադրել 116 մլն 400 հազար եվրո՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով։ Համաձայնագրով նախատեսվում է մինչև՝ 3.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում – Հայաստան» ծրագրի իրականացման համար, 40.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Վերականգնվող էներգիայի զարգացում (II փուլ) DKTI (Կլիմայի և տեխնոլոգիաների գերմանական նախաձեռնություն)»՝ Վերականգնման վարկերի բանկի կողմից զարգացման հանրային քաղաքականության շրջանակներում, 70.000.000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում III» ծրագրերի իրականացման համար, 3.400.000 եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել վերոնշյալ երկու ծրագրերի իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար։

Կխթանվի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացել Էկոնոմիկայի նախարարությանը: Հիմնավորման համաձայն՝ Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ-ի կողմից փայերի ձեռքբերում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ում: Ծրագրի շրջանակներում «Ամբեր Կապիտալ» ՓԲԸ-ն ծանուցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ի փայերին բաժանորդագրման մասին՝ ընդհանուր 59,914.0 հազ. ՀՀ դրամ արժեքով, որի վճարումն անհրաժեշտ է իրականացնել մինչև 2021թ. դեկտեմբերի 29-ը: Նշված գումարը «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ի կողմից ներդրվելու է սննդի վերամշակման (հյութեր և պահածոներ) առաջատար «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում։ Վերջինիս հետ ներդրումային պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերին և ընդհանուր ներդրումը կազմելու է 2.1-2.8 միլիոն ԱՄՆ դոլար։ Ըստ այդմ անհրաժեշտ է Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ միջոցառմամբ ներգրավել 59 914 000 ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ: Արդյունքում՝ ՀՀ տնտեսության համար վերը նշվածը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ, ինչպես նաև կնպաստի այլ ներդրողների ներգրավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցների ՀՀ տնտեսության մեջ ընդգրկելուն։ Ակնկալվում է նաև, որ ներդրումը կխթանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը:

Գործադիրը հավանություն է տվել «Նոր փրոջեկտս» ՍՊԸ-ի ներկայացրած գործարար ծրագրին: Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին և զբաղվում է խանութների համար նախատեսված կահույքի արտադրությամբ: Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս և Հենդերսոն համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և ասիական երկրներում: Արդեն իսկ իրականացվել է 235 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, որի արդյունքում ստեղծվել է անհրաժեշտ արդի սարքավորումներով հագեցած կահույքի արտադրամաս և 70 աշխատատեղ՝ 342,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի կապիտալ և շրջանառու միջոցների ձեռքբերման համար նախատեսված ներդրում և մինչև 2026 թ. ստեղծել 286 նոր աշխատատեղ։

Սյունիքի մարզի Կապանում կկառուցվի Թումո շարժական կենտրոն

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Կապանում գտնվող անշարժ գույքից չափագրման արդյունքում ստացված 0.01095 հողամասը հետ վերցնել Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով:

Գործադիրի որոշմամբ առաջարկվում է սուբվենցիոն ծրագրերի ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել 1,359,943,3 հազար դրամ:

Այլ որոշումներ

Կառավարության որոշմամբ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Նախատեսվում է նաև պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ զորացրել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2022 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: Ըստ այդմ՝ կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ Սյունիքի մարզում ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով` շինարարության և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ առաջարկվում է 1,979,770,100.0 ՀՀ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լճեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն իրականացնող կապալառուին կանխավճար տրամադրելու համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031