Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքարում Վոլոդյա Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ. ոստիկանները արգելեցին նրա մուտքը համայնքապետարան

Դեկտեմբեր 23,2021 14:55

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի ունեցավ երկու ընտրված համայնքապետերից մեկի՝ Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «​​Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»:

«Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։

Վոլոդյա Գրիգորյան

Երդմնակալության արարողությանը մասնակցում էր նաև Փարաքար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պարթև քահանա Աշուղյանը։ Տերունական աղոթքից հետո Վոլոդյա Գրիգորյանը երդվեց պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները։ Ինչից հետո քաղաքացիները ուղեկցեցին Վոլոդյա Գրիգորյանին իր աշխատասենյակ։ Սակայն, համայնքապետարանի մուտքի առաջ կանգնած ոստիկանները թույլ չտվեցին մտնել համայնքապետարան։

A protest action on the results of the local self-government elections took place in Parakar community of Armenia

Ոստիկանները բացատրեցին, որ մուտքը համայնքապետարան ժամանակավորապես սահմանափակված է։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հիմք էր պահանջում, սակայն ոստիկանները հորդորում էին գրավոր դիմում ներկայացնել։

Մեսրոպ Առաքելյան

Կուսակցության մյուս համահիմնադիր Մանե Թանդիլյանն էլ ասաց. «Հարգելի՛ ոստիկան, դուք հիմա իրականացնում եք տեղական ինքնակառավարման մարմնի իշխանության զավթում։ Դուք թույլ չեք տալիս, որ անցնեն ավագանիները իրենց գործառույթներին»։

Մանե Թանդիլյան

Ոստիկանն էլ հորդորեց բողոքարկել իրենց գործողությունները։ Բանակցությունները շարունակվում էին, Մանե Թանդիլյանը հորդորում էր ոստիկաններին թույլ տալ, որ ավագանու 10 անդամները ներս մտնեն։ Ոստիկանն էլ պատասխանեց, որ Վոլոդյա Գրիգորյանի հետ բանավոր պայմանավորվածություն ունեն։ Վոլոդյա Գրիգորյանն էլ լրագրողներին ասաց, որ պարզապես պայմանավորվել էին, որ այսօր չմտնեն համայնքապետարան, սակայն բնակչությունը այլ բան է պահանջում։ Սակայն, ոստիկանը հերքեց, թե ընդհանրապես ինչ-որ բան է պայմանավորվել

Ոստիկանները շարունակում էին հրաժարվել մուտքը բացել կամ էլ որևէ հիմք ներկայացնել։

Մանե Թանդիլյանը ասաց, որ իրենք պատրաստվում են սպասել, և այդ ընթացքում համայնքում երթ կիրականացնեն։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031