Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն պատվաստվել է։ «Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները եւ սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան եւ քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին»։ Նախարարի համոզմամբ, սա շատ կարեւոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձեւավորման մասով:
Նախարարն, ի պատասխան հարցի, ասաց, որ պարտադիր չէ երրորդ՝ խթանիչ պատվաստումը նույն պատվաստանյութով իրականացնել՝ ինչ նախորդ երկու դեղաչափը: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը եւս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որեւէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի»:
Նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք փետրվարից չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ բուժումը վճարո՞վի է լինելու է, եւ որքան կկազմի վճարը: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հաշվարկներ են անում, թե դեպքի համար կորոնավիրուսային վարակի արժեքը որքան պիտի կազմի. «Այո պետությունը բոլոր միջոցները ներդրել է, որպեսզի ապահովի նաեւ մեր քաղաքացիների բուժման գործընթացների համար, բայց հանրային իմունիտետի ձեւավորման արդյունքում մենք պետք է հասկանանք՝ այն քաղաքացիները որոնք, որ չեն ուզում օգտվել շատ արդյունավետ եւ հարյուր անգամներով նվազ ծախս կատարելու արդյունքում պահապանել իրենց առողջությունը պիտի դիտարկենք նաեւ դա վճարովի դարձնելու հարցը։ Այս պահին մենք հաշվարկներ ենք իրականացնում, թե մեկ դեպքի արժեքը ինչքան կկազմի»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ