Լրահոս
Օրվա լրահոսը

«2022-ի բյուջեն չպետք է լինի 2025-ին Ադրբեջանին հանձնվելիք տարածքում ժամանակավոր գոյատեւման միջոց». Գագիկ Բաղունց

Դեկտեմբեր 23,2021 14:22

Արցախի 7-րդ գումարման խորհրդարանն այսօր շարունակեց չորրորդ նստաշրջանի աշխատանքները: Վերջնական ռեժիմում քննարկվեց եւ քվեարկվեց 2022 թվականի բյուջեի նախագիծը: Նախագիծն ընդունվեց՝ իշխող ուժի մեծամասնության շնորհիվ:

Նախագծի վերաբերյալ ԱԺԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը եւ հայտարարեց, որ 2022 թվականի բյուջեի նախագծին խմբակցությունում կքվեարկեն ազատ ռեժիմով: Նա նկատեց, որ նախագծում սոցիալական ապահովության ծրագրերից ակնկալվող արդյունքների անհստակություն կա, նաեւ՝ պետական կառավարման համակարգի ոչ արդյունավետ գործունեություն է ուրվագծվում, ինչը երեւակվել է նաեւ ընթացիկ տարում: Մտավախությունն այն է, որ տրամադրվող սոցիալական օգնությունները չգերադասեն սեփական աշխատանքով վաստակելու ցանկությանը: Իսկ պետական ապարատը ԱԺԿ-ում համարում են ուռճացված, ինչը նաեւ դանդաղկոտության է հանգեցրել:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն էլ նկատեց, որ թեեւ առաջնային խնդիր է անվտանգությունը, սակայն, բյուջեի ընդամենը 5 տոկոսն է այդ նպատակի համար ուղղված: Արցախի հանրապետության ճանաչման մասով էլ առաջարկներ, ծրագրեր, նախաձեռնություններ չկան: Առհասարակ, արտաքին հարաբերությունների մասով պասիվություն կա. բյուջեն մնացել է նույնը եւ այն ուղղված է արտաքին գերատեսչության աշխատավարձերի, ԱՀ արտերկրյա ներկայացուցչությունների ծախսերի սպասարկմանը: Երրորդ՝ պատերազմի հետեւանքների վերացման մասով էլ նախատեսված աշխատավարձերի, թոշակների մինչեւ 20 տոկոս բարձրացումը բավարար չեն համարում՝ առկա գնաճի պայմաններում. 9 ամսվա կտրվածքով պարենային ապրանքների գնաճը մոտ 12 տոկոս է կազմել եւ եթե հետագա բարձրացումներ չլինեն, աշխատավարձերի բարձրացումը շոշափելի չի լինելու: Նա նաեւ ընդգծեց, որ այս բարձրացումն էլ վերաբերում է միայն պետական համակարգում աշխատողներին, իսկ մասնավոր հատվածում աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացում չի եղել: ՀՅԴ խմբակցությունը դեմ կքվեարկի 2022 թվականի բյուջեի նախագծին:

«ՀՀ իշխանությունները վաղուց փակել են Արցախի հարցը եւ դրա իրավունքը փոխանցել են ռուս խաղաղապահներին: Եթե ԱՀ իշխանությունները լուռ ենթարկվում են ՀՀ իշխանություններին, փաստացի, վարում են նույն քաղաքականությունը: Թերևս, ամենանոր միտքը «միջանցք՝ միջանցքի դիմաց» բանաձեւն է, որն իր էությամբ, ծագմամբ եւ բնույթով արատավոր է եւ անընդունելի, քանի որ այն վերջնականապես կհեռացնի հակամարտող կողմերին՝ բուն արցախյան հիմնախնդրի գլոբալ-քաղաքական լուծումից, որտեղ ամենակարեւոր խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն է եւ ԱՀ վերջնական կարգավիճակը: Այսօր իրականությունն այն է, որ Արցախի հարցի հիմնական լուծումն այլեւս ՀՀ իշխանության տիրույթում չէ: Եթե ՀՀ իշխանությունը հրաժարվել է Արցախի հարցից, ապա ԱՀ իշխանությունը պարտավոր է հարցի լուծման բեռը վերցնել իրենց ուսերին եւ պայքարել: Արցախում իրականացվող ցանկացած միջոցառում պետք է ելնի այս տեսակետից եւ արտացոլի այս տեսակետը, մեր առաջարկները միտված էին հենց այդ խնդիրների լուծմանը, բայց կառավարությունից անհասկանալի պատասխաններ են տրվել դրանց (մեկ տասնյակից ավելի առաջարկներից միայն մեկն է ընդունվել, ապա երկրորդ ընթերցման ռեժիմում ևս մեկը՝ մասնակի-Ն. Գ): Ցավոք, այսօր մենք ունենք կառավարման խորը խնդիր»,- «Արդարություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ կառավարությունում կամ անձնական դրդապատճառներով չեն ընդունում իրենց առաջարկները, կամ չեն հասկանում դրանց էությունը՝ վարելով ՀՀ իշխանության կողմից վարվող քաղաքականությունը:

Այս համատեքստում, խմբակցությունում  այն կարծիքին են, որ որքան էլ բյուջեի նախագիծը լինի երազանքի, այն ոչինչ է, եթե չկան որակյալ կառավարիչներ եւ որակյալ կառավարում, եթե ընդդիմությունը չունի ինստիտուցիոնալ վերահսկողական գործառույթներ: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, իշխող ուժը պետք է գիտակցի, որ ստեղծված իրողությունները ստիպում են ներքին փոփոխությունների արդյունքում Արցախը տեղափոխել հետպատերազմյան փուլ՝ մեկտեղելով Արցախի, ՀՀ-ի, Սփյուռքի հնարավորությունները, քանզի մակերեսային մոտեցումներով կամ կեցվածք ընդունելով, թե ամեն բան կարգին է, Արցախի առջեւ ծառացած հարցերը չեն լուծվելու: Նա նկատեց, որ այսօր որոշում ընդունողները պետք է գիտակցեն՝ այսօր կայացված որոշումները չեն սահմանափակվելու գործող կառավարության պատասխանատվությամբ, նման որոշումները չունեն պատմական վաղեմության ժամկետ եւ դժվար են ջնջվում ազգային հիշողությունից: «Արդարություն» խմբակցությունը նույնպես կքվեարկի ազատ ռեժիմով:

Մետաքսե Հակոբյանի ելույթին արձագանքեց իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: Նա նկատեց, որ ընդդիմությունը ունի խորհրդարանական վերահսկողության հնարավորություն, որը սահմանված է ԱԺ կանոնակարգ-օրենքով եւ 7-րդ գումարման որեւէ պատգամավոր նման նախաձեռնություն չի ցուցաբերել. «Դրա համար ցանկություն է պետք»: Խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ այն համահունչ են համարում ԱՀ նախագահի նախընտրական ծրագրին, որը իր հերթին համարում են զարգացման ծրագիր:

«Միասնական հայրենիք» խմբակցությունը  ևս դեմ կքվեարկի նախագծին: Այդ մասին իր ելույթում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը: Ըստ նրա, 44-օրյա պատերազմի ժամանակ կորսվածի վերադարձը պետք է երկու հայկական պետությունների համար դառնա գերխնդիր: Հետպատերազմյան ռազմավարական զարգացման ծրագրերը այլընտրանք չունենան. «2022 թվականի բյուջեն պետք է դառնա կենսունակության եւ դեպի անվտանգ ապագան միտվածության խորհրդանիշ, սեփական հողի վրա հավերժ ու արժանապատիվ ապրելու պատրաստակամության անկոտրում կամքի յուրահատուկ մեսիջ, այլ ոչ թե 2025-ին Ադրբեջանին հանձնվելիք տարածքում ժամանակավոր գոյատեւման միջոց»: Գագիկ Բաղունցի կարծիքով, այս համատեքստում հիմնական ուշադրություն պետք է դարձվի գիտակրթական եւ զարգացման ծրագրերին, մինչդեռ այդ ուղղությամբ իրենց բոլոր առաջարկները մերժվել են: Ըստ նրա, ներկայիս ռազմաքաղաքական անորոշության պայմաններում, բյուջեի նախագծում գոնե երկրի զարգացման հիմնական ուղղությունները պետք է ուրվագծվեին, ինչ համար պետք է ոչ ստանդարտ լուծումներ լինեն, մինչդեռ դրանք չկան նախագծում. «Ադրբեջանի սեւ ոսկուն մենք պետք է հակադրենք գորշ ոսկի՝ մեր ազգի ինտելեկտուալ կողմնորոշումը»: Միաժամանակ, բյուջեի սոցիալական ուղղվածությունը խմբակցությունում բարձր են գնահատում, սակայն ամրագրում են, որ սոցիալական բեռի թեթեւացումը չի նախատեսվում հեռանկարային ծրագրերի հաշվին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031