Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նման անտարբերությունը, այս հարցն անտեսելը նոր հանցագործություններ է ծնելու». Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի առիթով քրեական գործ չհարուցելու դեմ բողոքի գործով դատավորին

Դեկտեմբեր 23,2021 14:11

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 25-ին շարունակվեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Աննա Մկրտչյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործ չհարուցելու դատախազության որոշման դեմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը բողոք են ներկայացրել:

Դատարանի դահլիճում Աննա Մկրտչյանի ներկայացուցիչ Արթուր Մանուկյանը հայտարարեց. «Քննիչի կողմից կայացված որոշումը՝ ՊՊԾ-ի կողմից իբրև ապօրինի բռնություն չի գործադրվել, նրանց գործողությունները եղել են իրավաչափ, հիմնավոր չէ: Մինչդեռ ԱԺ պատգամավորներն իրենց բացատրություններում հստակ և կոնկրետ տեղեկություններ են տրամադրում ՊՊԾ կողմից ապօրինի բռնություն գործադրելու մասին, ինչը վերահաստատվում է դատաբժշկի փորձաքննությամբ: ՊՊԾ պետի տեղակալ Սարգիս Հովհաննիսյանն ապօրինաբար ոտքով հարվածել է Աննա Մկրտչյանի ոտքին, ինչը ապացուցվել է դատաբժշկական փորձաքննությամբ, Արծվիկ Մինասյանի ճակատին հասցված հարվածերը ևս ապացուցվել են դատաբժշկական փորձաքննությամբ: Այս տվյալներն ակնհայտորեն բավարար էին քրեական գործ հարուցելու համար»:

Ըստ Աննա Մկրտչյանի ներկայացուցչի՝ պարզ չէ, թե ի վերջո ինչ հիմնավորմամբ է քննիչը պայմանավորում իր այդ որոշումը:

Արծվիկ Մինասյանի հաղորդմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ հարգարժան քննիչը և դատախազն այնքան ջանք են գործադրել ապացուցելու համար, թե իբր այդ օրն ամեն ինչ օրինական է տեղի ունեցել: Նա շարունակեց. «Սրբացրել են ԱԺ նախագահի, ՊՊԾ աշխատակիցների գործողությունները, վերագրել ու որակավորում են տվել երևույթների, որոնք իրենց իրավասություններից ոչ միայն դուրս են, այլև ոչ ճիշտ են: Ակնկալում ենք, որ լինի իսկապես Ձեր կողմից համապատասխան դիրքորոշում առ այն, որ սա աննախադեպ մի երևույթ է մեր իրականության մեջ, և վերջ պիտի տրվի ԱԺ-ում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից նման ապօրինի վարքագծին: Դա կարող է տեղի ունենալ, եթե հարուցվի քրեական գործը, պատշաճ քննություն իրականացվի և յուրաքանչյուր արարքին տրվի պատշաճ գնահատական, քանի որ մենք խոսում ենք բարձրագույն օրենսդիր մարմնի՝ միակ առաջնային մանդատով օժտված մարմնի՝ ԱԺ-ի մասին: Նման անտարբերությունը, այս հարցն անտեսելը նոր հանցագործություններ է ծնելու»:

Դատախազն էլ պնդեց՝ քննիչի կողմից կայացված որոշումն օրինական է և հիմնավորված. «Դրա դեմ բերված բողոքն անհիմն է, ուստի դատարանին խնդրում եմ այն մերժել»:

Կողմերին լսելուց հետո նախագահող դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022-ի փետրվարի 24-ին՝ ժամը 10.30-ին:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը ցավով նշեց՝ դատախազությունը շարունակում է մնալ իշխող քաղաքական ուժի ձեռքին պատժիչ գործիք։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031