Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. Որևէ ոստիկան չի կարող խոչընդոտել Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությանը

Դեկտեմբեր 23,2021 13:49

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարաքարում լարված վիճակ է։ Համայնքում իրենց ընտրված են հայտարարել երկու թեկնածուներ, և երկուսն էլ ազդարարել են, որ հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, երդմնակալության արարողություն են իրականացնելու։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «​​Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»:

Փարաքարում էր նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է իրավիճակին ծանոթանալու. «Առնվազն բանավոր տեղեկություն ենք ստացել, որը կճշտվի և իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում կհայտնվի, որ Դավիթ Մինասյանը երկու օրով պաշտոնավարում է իրականացրել, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 15-ին և 16-ին։ Այդ ժամանակ էլ կնիքը անհետացել է, ինչ-որ գործողություն է կատարել որպես համայնքապետ, որի իրավունքը ընդհանրապես չի ունեցել»։

Նա նշեց, որ որևէ ոստիկան չի կարող խոչընդոտել Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությանը. «Դա իրավունքների չարաշահում է, վերազանցում է և իշխանության զավթում։ Այնպես, որ որևէ ոստիկան դա անել չի կարող»։ Նա հավելեց. «Մենք կարձանագրենք ոստիկանության կողմից իշխանության զավթում, որը արդեն շատ լուրջ հոդված է ոստիկանության և ոստիկանապետի համար։ Այնպես, որ հորդորում եմ, որ խոչընդոտ չառաջացնեն, իրենց շահերից է դա բխում»։

Մանե Թանդիլյանը հայտնեց, որ տեղեկություն չունի այն մասին, որ «Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները. «Մենք պաշտպանելու ենք մեր իրավունքները, և որևէ խնդիր կամ անհանգստություն այդ առումով չունենք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031