Գավառ համայնքի ավագանու նիստին այսօր ավագանու 16 անդամի մասնակցությամբ Գավառ համայնքի նորընտիր ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի երդման արարողությունն էր:
Նա երդվեց ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նյութական եւ հոգեւոր վերելքին:
Կարդացեք նաև
Հետո երդման տեքստի տակ ստորագրեց: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ մասնակցում էր նաեւ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածու Լավրիկ Արևշատյանը, որը ՀՅԴ անդամ է: Գուրգեն Մարտիրոսյանը 9869 ձայն էր ստացել, ընտրողների 52,31%-ը եւ հաղթել:
Նիստին ներկա էր հոգեշնորհ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: Նա ասաց, որ Գավառ խոշորացված համայնքում բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ կան. «Մեր համայնքապետը անցնող տարիներին իր գործունեության ընթացքում վայելել է սերն ու հարգանքը ազգաբնակչության, կապը մշտապես պահել է իր բնակչության հետ: Այդ գործունեությունը մեր ազգաբնակչությունը ընտրություններին իր քվեով վկայեց ու հաստատեց, եւս մեկ անգամ վստահություն ընձեռեց պարոն Մարտիրոսյանին՝ հույսով եւ ակնկալիքով, որ ինչպես Գավառ համայնքը, այնպես էլ շրջակա համայնքները պիտի շարունակեն բարեզարդվել, բարեկարգվել, փողոցները ասֆալտապատվեն, դպրոցները վերանորոգվեն: Ձեր տեսանելի գործունեության արդյունքը այն պիտի լինի, որ ազգաբնակչությունը գոհացած լինի ու ազգաբնակչության կյանքը բարելաված լինի»:
Նա հորդորեց սերտ համագործակցության մեջ լինել հոգեւոր դասի հետ՝ համայնքի միասնական ու միաբան մթնոլորտ ստեղծելով, որը օրինակ կլինի բնակչության համար: Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանը հիշեցրեց աստվածաշնչյան խոսքը՝ ինչ ցանես, այն էլ կհնձես՝ հորդորելով այնպիսի գործունեություն ծավալել, որպեսզի մարդիկ հիշեն իրենց ղեկավարներին աղոթքով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ