Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչների 47,8 %-ը կստանա կամ արդեն ստացել է 30-50% հավելավճար». ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Դեկտեմբեր 23,2021 13:34

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով հանրակրթության ոլորտի մասին, նշեց, որ միայն 2021 թ ԿԳՄՍ նախարարության բյուջեով տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցման, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել 88 դպրոց, ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել:

Ի թիվս այլնի, նա տեղեկացրեց, որ 107 ավագ դպրոցների տրամադրվել են 335 բնագիտական ուղղություններով լաբորատորիաներ, ներկայումս ընթացքում է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը՝ նոր չափորոշիչների փորձարկմանն ու ներդրմանն ընդառաջ: Հավելեց, որ կառավարությունը հաստատել է նաեւ Կապան խոշորացված համայնքում եւս 14 ինժեներական լաբորատորիաների ստեղծման հարցը:

Նախարարի տեղակալն ասաց, որ փոփոխություններ են տեղի ունեցել հանրակրթության բովանդակության տեսանկյունից. «Այս տարի կառավարությունը հաստատել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որը հիմնված է կարողունակությունների վրա, ինչը նշանակում է, որ գիտելիքից անցում ենք արել դեպի գիտելիք, արժեք, հմտություն, դիրքորոշում, համակարգ՝ դրանով սահմանելով մեր պահանջը դպրոցից, որ երեխային բավարար չէ միայն գիտելիք տալը, պետք է կարողանանք նաեւ կիրառական դարձնել այդ գիտելիքը, ինչպես նաեւ պատասխանատվություն ենք կրում արժեքների, դիրքորոշումների դաստիարակության համար»:

Հավելեց, որ չափորոշչի հաստատումից հետո անցում է կատարվել առարկայական ծրագրերի եւ չափորոշիչների հաստատմանը, ապա տեղի են ունեցել աշխատանքներ՝ ուսումնական նյութերի մշակման, Տավուշի մարզի բոլոր դպրոցների երկրորդ, հինգերորդ, յոթերորդ եւ տասներորդ դասարանների ուսուցիչների, ինչպես նաեւ վարչական աշխատակազմի վերապատրաստումների մասով: Իսկ սեպտեմբերից Տավուշի մարզում սկսվել է նոր չափորոշիչների փորձարկումը:

«Չափորոշչով պարտադիր է դառնում նախագծային ուսուցումը, պարտադիր են դառնում մասնագիտական կողմնորոշման ակումբները, առողջ ապրելակերպի խմբակները, հստակ սահմանվում է ԲՏՃՄ բնագավառի ուսուցման որակի աճը, այս նպատակով է կարեւորվում լաբորատորիաների ստեղծումը»,- հավելեց Ժաննա Անդրեասյանը;

Անդրադարձավ կամավոր ատեստավորման ծրագրին: Ասաց, որ 1372 ուսուցիչ էր հայտ ներկայացրել, որոնցից 996-ն է մասնակցել. «Ըստ ատեստավորման արդյունքների ուսուցիչների 47,8 %-ը կստանա կամ արդեն ստացել է 30-50% հավելավճար»:

Նա հավելեց, որ դաշտն ազատականացվել է, եւ երաշխավորվել է 48 կազմակերպություն եւ շուրջ 30 դասընթաց, ու ուսուցիչները հնարավորություն ունեն ընտրել կազմակերպություններից որեւէ մեկը կամ դասընթացների միջոցով ինքնուրույն հավաքել կրեդիտներ, դիմել եւ ատեստավորվել:

Ընդ որում, արդեն ավելի քան 7000 ուսուցիչ վերապատրաստվել է, իսկ եկող տարի կվերապատրաստվի շուրջ 14000-ը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031