Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ. «Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Դեկտեմբեր 23,2021 13:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լարված իրավիճակ է Արմավիրի Փարաքար համայնքում։

Նշանակվել էր երկու համայնքապետերի երդմնակալության արարողությունը և ոստիկանությունը չէր թողնում, որ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները մտնեին համայնքապետարանի շենք։

Այնուամենայնիվ, «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին թույլատրեցին ներս մտնել Մշակույթի տուն։ Շուտով թույլատրեցին նաև լրագրողների մուտքը։

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները. «Այդ կապակցությամբ մենք արգելել ենք, որ երկու կողմն էլ երդմնակալության արարողություն իրականացնեն, մինչև բողոքի վերջնական արդյունքը։ Ով դրական պատասխան կստանա, ով դրական դատական ակտ կունենա, մենք որևէ ասելիք չունենք»։

Սակայ, նա նշեց, որ թույլատրելու են Վոլոդյա Գրիգորյանին կատարել երդմնակալության արարողությունը. «Հաշվի առնելով բազմաթիվ մարդկանց խնդրանքը՝ 12-ին իրենց նշանակածը, մենք հնարավորություն կտանք։ Դե, եթե իրենք չեն սպասում բողոքարկման արդյունքներին, իրավական գնահատականը ես չեմ տալու։ Իրենք իրավաբաններ են, պետք է հասկանային, որ դա որևէ իրավական հետևանք չունի։ Դրա համար, որ ընդհանուր իրավիճակը չբորբոքենք, չլարենք, մենք այդքան բացատրեցինք, իրենք չընդունեցին այդ բացատրությունը»։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «​​Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031