Արմավիրի մարզի Փարաքար համայնքում լարված վիճակը շարունակվում է։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»:
Իսկ երբ հաջորդ օրը Վոլոդյա Գրիգորյանը եկել էր արձանագրությունը կազմելու, պարզել էր, որ համայնքային կնիքը չկա։
Իսկ հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, երկու թեկնածուները երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենար. ժամը 10-ին՝ Դավիթ Մինասյանինը, 12-ին՝ Վոլոդյա Գրիգորյանինը։
Կարդացեք նաև
Այդ կապակցությամբ մի շարք քաղաքացիներ հավաքվել էին Փարաքարի համայնքապետարանի դիմաց։
Քաղաքացիներից մեկը ասաց, որ եկել է պահանջելու իր ձայնը. «Սոցապ նախարարի քայլերն է սա։ Սոցապ նախարարին կանչեք այստեղ։ Ինքը ստիպում է, ասում է, որ անպայման համայնքապետ պետք է լինի Դավիթը։ Իրար հետ ընկերներ են, ստիպում է, որ Դավիթը լինի։ Ստիպելով չի, թո՛ղ մեր ձայները չգողանան, մենք ՔՊ-ի հետ խնդիր չունենք, ոչ էլ ոստիկանների հետ խնդիր ունենք։ Այսքան ժողովուրդը՝ այս ութ համայնքը իր ձայների համար է եկել, ու հաղթել է Վոլոդյա Գրիգորյանը։ Չի կարելի ոտնահարել։ Փաշինյանը այս ժողովրդի շնորհքով է ընտրվել վարչապետ»։
Նա ասաց, որ պահանջում են բոլորին գալ Փարաքար՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանը ասաց, որ ոստիկանությունը իրենց արգելում է երդմնակալության արարողություն կազմակերպել և որևէ փաստաթուղթ ցույց չեն տալիս. «Օրենքի ո՞ր կետով է ոստիկանությունը այսօր այստեղ, և արգելում է այսօր մեզ մտնել ներս՝ համայնքապետարան, կամ կողքի շենք՝ մշակույթի տուն, որ մեր երդմնակալությունը կազմակերպենք»։
Նա հավելեց, որ ավագանու նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարել են, որ դեկտեմբերի 23-ին ժամը 12-ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը. «Որոշումը պատշաճ ծանուցվել է մարզպետարան, արձանագրությունը պատշաճ տարվել է մարզպետարան։ Նախորդ օրը պատշաճ ծանուցվել են տարածքային կառավարման նախարարությունը, մարզպետարանը, կաթողիկոսը՝ այսօրվա միջոցառմանը ներկա գտնվելու համար»։
Ոստիկանությունը թույլ չի տվել Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմակիցներին մտնել համայնքապետարան։ Նրանք քաղաքացիների հետ սպասում էին համայնքապետարանի շենքի դիմաց։
Ոստիկանները արգելեցին լրագրողների մուտքը համայնքապետարան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ