Այս պահին ունենք բավական լավ համաճարակային իրավիճակ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ երեկ կորոնավիրուսի 129 դրական դեպք է արձանագրվել, իսկ մահվան՝ 15 դեպք։
«Վերարտադրողականության ցուցանիշը 0,56 տոկոս է, ինչը նշանակում է, որ այս բարենպաստ իրավիճակը պահպանվելու է: Եթե տոնական օրերին էլ պահպանենք հակահամաճարակային կանոնները, ապա վիճակը կկարողանանք կայուն պահպանել»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ «օմիկրոն» նոր շտամը Հայաստանում դեռ հայտնաբերված չէ, բայց կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ պատվաստումները պաշտպանության բավական բարձր շեմ են ապահովում նաեւ այս շտամի դեպքում։
Անահիտ Ավանեսյանի տվյալներով՝ արդեն պատվաստվել են 1 միլիոն 591 հազար 809 քաղաքացի, 920 հազար 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, իսկ երկրորդ դեղաչափը՝ 670 հազար 710 քաղաքացի։
Ըստ նրա, արդեն երրորդ խթանիչ դեղաչափը եւս քաղաքացիները ստանում են, եւ 500 քաղաքացի արդեն ստացել է երրորդ դեղաչափը:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հերթական ալիքը ավելի սահուն կերպով ենք հաղթահարել եւ դրա առաջին պատճառը պատվաստումների որոշակի շեմի ազդեցությունն է, իսկ երկրորդ պատճառը նախորդ շրջանում հիվանդացությունների արդյունքում որոշակի իմունիտետի ձեւավորումը։ Նրա խոսքով՝ հաջորդ ալիքը եւս անխուսափելի է. «Բոլորի միասնական խնդիրը պետք է լինի պատվաստումները շարունակելը։ Ես ինքս էլ երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ, այսօր երկրներ կան, որ քննարկում են չորրորդ դեղաչափի պատվաստման մասին»:
Վարչապետի տեղեկացմամբ, կորոնավիրուսից մահացած քաղաքացիների 90 եւ ավելի տոկոսը պատվաստված չեն եղել։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ