Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկվում է նախադպրոցական հաստատություններում ատեստավորման համակարգի ներդրման հարցը». Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբեր 23,2021 12:08

«Առաջին ուղղությունը, որ կուզենայի շեշտադրել, նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացումն է, կառավարության ծրագրով էլ ունենք սահմանված հստակ թիրախներ, որ պետք է հնգամյա ծրագրի ավարտին ապահովենք երեխաների առնվազն 85 % ընդգրկվածություն՝ նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաեւ բոլոր բնակավայրերում պետք է հասանելիություն ապահովենք… Այս տարի ունեցել ենք մի քանի նոր ծրագրեր այս ուղղությամբ »,- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացած ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով 2021թ. հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում կատարված աշխատանքները:

Նա անդրադարձավ մոդուլային մանկապարտեզների ծրագրին, որի շրջանակում կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկ, որտեղ կառուցվում են մոդուլային մանկապարտեզներ:

Երկրորդ կարեւոր ուղղությունն, ըստ նախարարի տեղակալի, նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների միջոցով բնակավայրերում նման հնարավորությունների ստեղծումն է. «Սա այն բնակավայրերի համար է արվում, որտեղ երեխաների թիվն այնքան փոքր է, որ ծախսարդյունավետ չէ առանձին մանկապարտեզ ունենալը…Ունենք 10 բնակավայր, որտեղ արդեն ստեղծվել են այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ»:

Նա նաեւ ընդգծեց, որ կառավարությունը հաստատել է պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգը, ինչը Ժաննա Անդրեասյանի խոսքով, հնարավորություն է տալու պետական բյուջեից ֆինանսավորում հատկացնել որոշ խմբերի երեխաների համար, եւ արդեն 2022թ-ից նախատեսված է ֆինանսավորել կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը: «Ավելի քանի 1600 երեխա կդառնա այս ծրագրի շահառու»,-ասաց նախարարի տեղակալը:

Ի թիվս այլնի, խոսեց բովանդակային բարեփոխումներից, նախադպրոցական կրթության չափորոշչի հաստատումից, նախադպրոցական կրթական ծրագրի մշակման աշխատանքներից եւ վերապատրաստումներից: «Նախատեսում ենք, որ Երեւանի եւ մարզերի 60 հաստատություններում ծրագրերը կփորձարկվեն, կլրամշակվեն, այնուհետեւ կներդրվեն»,-ասաց նախարարի տեղակալը:

Հավելեց, որ քննարկվում է նաեւ նախադպրոցական հաստատություններում ատեստավորման համակարգի ներդրման հարցը, ինչը, նրա ձեւակերպմամբ, թույլ կտա բարձրացնել աշխատավարձերը: «Մենք սահմանեցինք նաեւ լիցենզավորման պահանջը, որը ամրագրվել է օրենսդրական փոփոխությունների միջոցով, ինչը նշանակում է, որ տարաբնույթ զարգացման կենտրոնները, որոնք, ըստ էության, գտնվում էին որեւէ կառույցի վերահսկողությունից դուրս, արդեն պետք է լիցենզավորվեն, եւ այժմ լիցենզավորման կարգերի մշակման գործընթացում ենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031