Ուշագրավ է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հաջորդ իսկ օրը կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է Երեւան քաղաքի համար ավտոբուսներ ներկրելու հարցը: Նախագիծը զեկուցվողների թվում է:
Ինչպես տեղեկանում ենք որոշման նախագծից, Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով ՎԶԵԲ-ն համաձայնում է վարկային համաձայնագրով սահմանված պայմաններով Հայաստանին տրամադրել 20 միլիոն եվրո գումար, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը ձեռք բերի մինչեւ 100 միավոր ժամանակակից, 12 մետրանոց, ցածր հատակով, ՍԲԳ աշխատող ավտոբուսներ: Նախագծից նաեւ տեղեկանում ենք, որ ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2025 թվականի օգոստոսի 31-ը:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 22-ին իշխող ուժի ավագանու «Իմ քայլի» անդամները նախագիծ էին բերել, որով անվստահություն էին հայտնում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Մարությանը 44 կողմ, 10 դեմ ձայներով զրկվեց քաղաքապետի պաշտոնից, 3 քվեաթերթիկ էլ համարվեց անվավեր: «Իմ քայլն» իր բերած նախագիծը պատճառաբանեց Հայկ Մարությանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու հանգամանքով:
Իր վերջին ելույթում Հայկ Մարությանը նշել էր, որ իրեն հեղինակազրկելու համար կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք ավագանիներին հրահանգել են քվորում չապահովել ավտոբուսների գնման վերաբերյալ նախագծին, որպեսզի այն տապալվի:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային