Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գործողությունները պետք է լինեին անհամեմատ ավելի ծանրակշիռ. Եվրոպական կառույցները վաղուց պետք է ճնշում գործադրեին Ադրբեջանի վրա՝ դրանք ուղեկցելով պատժամիջոցների տարափով. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 23,2021 11:13

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումից հետո Բաքուն հայրենիք վերադարձրեց նոյեմբերի 16-ին Իշխանասարի հատվածում գերեվարված 10 հայ զինծառայողի: Վերջիններիս վերադարձն ուղեկցվեց եվրոպական կառույցի կողմից մեծ PR-ով, պաշտոնական Բաքուն էլ առիթը բաց չթողեց 10 գերու վերադարձն իր մե՜ծ հումանիզմի եւ քաղաքակիրթ վարքագծի հետեւանք ներկայացնելու համար:

Իհարկե, շնորհակալ լինելով եվրոպական կառույցին եւ նրա ղեկավարին միջնորդական ջանքերի համար, այնուամենայնիվ, անհրաժեշտ է արձանագրել, որ վերջիններիս գործողությունները պետք է լինեին անհամեմատ ավելի ծանրակշիռ եւ նպատակային: Եվրոպական կառույցները վաղուց պետք է իրենց գործուն լծակներով ճնշում գործադրեին Ադրբեջանի վրա՝ դրանք ուղեկցելով պատժամիջոցների տարափով եւ պահանջելով եռակողմ հայտարարության 9-րդ կետի անվերապահ ապահովումն ու բոլոր գերեվարված զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձը:

Եվրոպական կառույցների նման պահվածքն աղետալի միտումներ ունի: Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի եւ բանակցություններում գերեվարվածներին առեւտրի մանրադրամի վերածելու համար Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու փոխարեն քաղաքակիրթ Եվրոպան դրական ձեռքբերում է համարում պաշտոնապես հաստատված 51, բայց ըստ որոշ տվյալների՝ ավելի քան 90 պատանդներից 10-ի վերադարձը: Այստեղ տեղին է արձանագրելը եւ զուգահեռներ անցկացնելը մարդու իրավունքների պաշտպանության հարցերի՝ այլ դեպքերում նույն Եվրոպայի դրսեւորած շահագրգռվածության, նպատակամղված գործողությունների եւ Արցախյան պատերազմի հետեւանքների միջեւ: Պարզվում է, որ երբ Եվրոպային անհրաժեշտ է լինում, այդ ժամանակ նա ունենում է հզոր գործուն լծակներ եւ օգտագործում է դրանք: Օրինակ՝ Նավալնիի կամ բելառուս բլոգերի համար եվրոպական ողջ գործիքակազմն օգտագործվեց Ռուսաստանին եւ Բելառուսին պատժամիջոցներով մեծ տնտեսական վնասներ հասցնելու նպատակով, բայց հայ գերիների դեպքում, որոնք անմարդկային խոշտանգումների են ենթարկվում Բաքվի բանտերում, այդ նույն կառույցները տարօրինակ ձեւով ցուցաբերում են անատամ քաղաքականություն:

Ինչպես 44-օրյա ադրբեջանաթուրքական ագրեսիային եվրոպական կառույցները համարժեք գնահատական չտվեցին, ինչի հետեւանքը եղան արդեն ՀՀ սահմաններից ներս թյուրքական զույգի հրահրած ռազմական գործողությունները, այնպես էլ միջազգային հումանիտար, մարդու իրավունքների բոլոր նորմերի, գերիների ու պատանդների պահման վերաբերյալ կոնվենցիայի խախտմամբ ադրբեջանական բանտերում ազգությամբ հայերի ապօրինի պահման դեպքերի նկատմամբ անտարբերությունը կանաչ լույս է վառում Ադրբեջանի առաջ՝ հետագա նման սադրանքների համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031