ԵԱՏՄ-ի մասով Ադրբեջանի հանրության շրջանում դրական տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ 2018 թ. ամռանը ՌԴ կառավարությանն առընթեր վերլուծական կենտրոնի կողմից անցկացված հարցման համաձայն՝ Ադրբեջանի գործարար համայնքի գրեթե 40 տոկոսը կողջունի ԵԱՏՄ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների սերտացումը։ Այս մասին «հանկարծ» հիշել են Բաքվում, որի վերաբերյալ դեկտեմբերի 21-ին բավականին ընդարձակ նյութ է հրապարակել «Sputnik Ազերբայջան» լրատվական գործակալությունը՝ թվարկելով ինտեգրացիոն ասոցիացիային միանալու դեպքում Բաքվի համար սպասվող տնտեսական օգուտները, որը, որպես մաքսային միություն, լայն հնարավորություններ է ստեղծում անդամ երկրների համար ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի ընդհանուր շուկաներ ստեղծելու ուղղությամբ։ Որպես գրավիչ հեռանկար՝ նշվում է նաեւ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի (EFSD) անդամ դառնալու հնարավորությունը։
Ադրբեջանում ԵԱՏՄ-ի հանդեպ որոշակի հետաքրքրության աճը, թերեւս, կարելի է բացատրել մի շարք հանգամանքներով, նախ՝ դա հնարավորություն կտա Ադրբեջանին տնտեսական առումով որպես այլընտրանք որոշ անկախություն ունենալ Թուրքիայից, քանի որ վերջինիս ազդեցությունը հատկապես 2020 թ. Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առավել ակնհայտ եւ համապարփակ է դարձել։ Ադրբեջանում անգամ մտահոգություններ են հնչում, որ թուրքական տնտեսությունը կուլ է տալիս իրենց երկրի հնարավորությունները, իսկ թուրքական լիրայի անկումից տուժում է Ադրբեջանի տնտեսությունը։ Մասնավորապես՝ Էրդողանի վարած քաղաքականությունը՝ թուրքական լիրայի արժեզրկման ուղղությամբ, ավելացնում է ապրանքների արտահանումն այլ երկրներ։ Արդյունքում մեծանում է թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկը, այդ թվում՝ Ադրբեջանում, հատկապես Նախիջեւանում։ Սա մի կողմից նպաստում է առեւտրի աշխուժացմանը, սակայն մյուս կողմից՝ ներքին արտադրողը կորցնում է իր հաճախորդին, քանի որ նախընտրում են գնումների մեկնել Թուրքիա կամ օգտվել թուրքական անհամեմատ էժան ապրանքներից։ Այսինքն՝ ԵԱՏՄ շուկան հնարավորություն կընձեռի Ադրբեջանին հավասարակշռելու թուրքական կապիտալի ներհոսքով պայմանավորված տեղական արտադրանքի պահանջարկի նվազեցումը։
Ադրբեջանի հետաքրքրվածությունը ԵԱՏՄ-ով կամ ցանկացած այլ ուղղությամբ, որտեղ Հայաստանն ունի ազդեցության լծակներ եւ գործիքակազմ, լրացուցիչ հնարավորություններ են այս երկրին կառուցողական դաշտ բերելու համար։ Սրանք գործիքներ են քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական ճանապարհներով ազդելու ադրբեջանական նկրտումների վրա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: