Դատախազությունում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով վերջին մեկ տարում կատարվել է շուրջ 240 ուսումնասիրություն, որից ամփոփվել է 10 գործ։ Այդ շրջանակներում բացատրություններ տալու են կանչվել մի շարք նախկին պաշտոնյաներ՝ իրենց ընտանիքի անդամներով հանդերձ, եւ նրանց գույքի վրա դրվել է կալանք։
Մասնավորապես, դատախազություն են հրավիրվել (նյութերին ծանոթանալու նպատակով) պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ կնոջ հետ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` կնոջ եւ դստեր հետ, Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը` ընտանիքի անդամների հետ, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը` զավակների հետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը` կնոջ եւ զավակների հետ, հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանը, Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը՝ ընտանիքի անդամների հետ։
Դատախազությունից փորձեցինք ճշտել՝ նշված անձինք բոլորն էլ արդեն եկել եւ նյութերին ծանոթացել կամ պարզաբանումներ ներկայացրե՞լ են։ Ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, թե քանի որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը ոչ թե քրեաիրավական վարույթ է, այլ քաղաքացիաիրավական, հետեւաբար, այդ անձինք ոչ թե հրավիրվում են հարցաքննության, այլ իրազեկվում են այն մասին, որ իրենց գույքերի հետ կապված ուսումնասիրություններն ավարտվել են, կարող են գալ դատախազություն` անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ծանոթանալ նյութերին, դիրքորոշում հայտնել: Ապա հավելեց, որ նշված բոլոր անձանց պարագայում այս գործընթացն իրականացվել է, այսինքն` բացատրություններ տրվել են, բացառությամբ Գագիկ Բեգլարյանի եւ նրան փոխկապակցված անձանց, քանի որ նրանք նոր են իրազեկվել: Մյուսներն իրենց իրավունքն իրացրել են:
Ճշտող հարցին՝ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանն ու Լեւոն Սարգսյանը նույնպե՞ս ներկայացել են դատախազություն, Աբրահամյանն ասաց, որ նրանց ներկայացուցիչն է ներկայացել, իրենք անձամբ՝ ոչ։ Լեւոն Սարգսյանի դեպքում անձամբ ինքը չի ծանոթացել, այլ նրա զավակներն են ծանոթացել նյութերին, դրանք առկա են նրանց տրամադրության տակ, այդ թվում՝ նաեւ Լեւոն Սարգսյանի մասով: Դատախազությունից ասացին, որ «նա ցանկացած պահի կարող է դրանց ծանոթանալ», իրենք` օրենքով սահմանված կարգով, պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակի միջոցով կողմին պատշաճ ծանուցելու իրենց պարտականությունը կատարում են:
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: