Տարվա ընթացքում օրենսդրական տարբեր փոփոխություններ եղան կրթական ոլորտում, որոշ նախագծեր էլ ընթացքի մեջ են: Դրանք թիրախայի՞ն էին, տալի՞ս էին լուծումներ առկա խնդիրներին: «Օրենսդրական բոլոր փոփոխությունները տանում են իշխանության կենտրոնացման: Հայաստանն, ըստ էության, հրաժարվում է ապակենտրոնությունից: Նախկինում օրենսդրությունն ավելի լիբերալ էր, բայց դա, իհարկե, չէր նշանակում, որ հենց այդպես էլ լինում էր: Օրինակ՝ նախօրոք որոշում էին, թե ով պետք է դառնա դպրոցի տնօրեն կամ բուհի ռեկտոր, հետո խորհուրդները վավերացնում էին: Բայց խորհրդի բուն կառուցվածքն ավելի ժողովրդավարական էր: Հիմա ամեն ինչ գնում է դեպի կենտրոնացման, խոսք կա այն մասին, որ դպրոցների տնօրեններին կարող են նշանակել: Ներկայացված նախագծով՝ դպրոցում ուսումնական մասի տնօրենը պետք է զբաղվի ուսումնական հարցերով, ինչպես նաև լինի վարչական, ֆինանսական համակարգող: Սա էլ իշխանության կենտրոնացման օրինակ է:
Այսինքն՝ ստեղծվում է մարդկանց մի խումբ՝ կազմված մի քանի հարյուր հոգուց, ովքեր իրենց ձեռքում կկենտրոնացնեն դպրոցների ֆինանսական ռեսուրսները, իսկ այդ մարդկանց նշանակելու է նախարարը: Բուհերի խորհուրդներում էլ փորձեցին այնպես անել, որ կառավարությունը մեծամասնություն ստանա՝ անդամների թվի առումով, բայց Սահմանադրական դատարանը թույլ չտվեց: Իշխանության կենտրոնացումը Հայաստանի նման երկրի համար այնքան էլ վատ բան չէ, գուցե մեզ պետք է այս ճանապարհով փոխել իրավիճակը: Բայց ինչո՞ւ եմ սա խնդրահարույց համարում:
Ներկա իշխանություններն այս կարգախոսով չեն եկել իշխանության: Այդ մարդիկ եկել էին, որ իբր ժողովրդավարություն լիներ, բուհերում դասախոսներն ու ուսանողները ռեկտոր, իսկ ուսուցիչները և ծնողները դպրոցի տնօրեն ընտրեին, նման մտքեր էին անգամ հնչում: Եթե եկել ես ժողովրդավարական կարգախոսներով, բայց անում ես հակառակը, այդտեղ խնդիր եմ տեսնում, այսինքն՝ փորձում ես իրավիճակը հարմարեցնել քեզ: Եթե ի սկզբանե հայտարարեին, որ Հայաստանում կրթության կառավարումը պետք է կենտրոնացնել, որպեսզի փոփոխություններն արագ անենք, դրան մասնագիտական տեսանկյունից նորմալ կվերաբերվեի: Բայց չգիտենք, թե ինչ գաղափարախոսությամբ են այս փոփոխությունները լինելու, երկրորդ՝ մեզ խոստացել էին ժողովրդավարական կառավարում»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում