Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն իր պաշտպանյալի հետախուզման մասին այս տեղեկությունը մանիպուլյացիա որակեց՝ մանրամասնելով.
«Հետախուզումը հայտարարված էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ կալանքի միջնորդությամբ մտել էին դատարան, սակայն դատարանի կողմից մերժվել էր: Վերաքննիչ դատարանն այս որոշումը թողել էր նույնը, սակայն Վճռաբեկ դատարանն ապօրինաբար բեկանել է և հետ է ուղարկել հիմքերի մասով նոր քննության:
Այդ ընթացքում մենք բողոքարկել էինք նաև հետախուզում հայտարարելու մասին որոշումը, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբեր ամսվա որոշման հիման վրա վերացվել է, և ճանաչվել է Հասմիկ Պողոսյանի իրավունքի ակնհայտ և էական խախտում: Եվ այս պահի դրությամբ նշել, որ Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված դատարանի նման որոշման առկայության պայմաններում՝ նախաքննական մարմնի մանիպուլյացիան է՝ ընդամենը հանրային որոշակի շրջանակների ականջներին «լապշա կախելու» համար, որպեսզի փորձեն ձեռք բերել էժանագին հեղինակություն, թե նայեք՝ ինչ գործեր ենք քննում, ում նկատմամբ՝ ինչ ենք արել»:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Հասմիկ Պողոսյանը Ռուսաստանի Դաշնությունում է, և վարույթ իրականացնող մարմնին հայտնի է նրա գտնվելու վայրը, հասցեն:
Կարդացեք նաև
«Ինքն ամբողջ տեղեկությունները տրամադրել է քննչական մարմնին, և այդ մեկ տարվա մեջ բացարձակ անգործություն է դրսևորվել այդ մասով ևս, նույնիսկ միջնորդել ենք, որ պատրաստ ենք հեռակա կարգով մասնակցել քննչական գործողությունների: Այսինքն՝ Հասմիկ Պողոսյանը որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը, ընդհակառակը՝ իր ներկայությունն ամեն կերպ փորձել է ապահովել»,– ասաց Գեորգի Մելիքյանը։
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում