Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ւր է տանում «լռության պարուրագիծը»

Դեկտեմբեր 23,2021 10:00

Երեկ սոցցանցերում հանդիպեցի մի տեսանյութ, որում Հայկ Մարությանի ելույթն էր՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակ: Հիստերիկ ճչոց, որին հետեւում է ներկաների հրճվալից ոռնոցը:

Ոճական զուգահեռը նացիստական հանրահավաքների հետ մակերեսի վրա է: (Իհարկե, տարբերություններն էլ են հսկայական. նախ՝ մեր պոպուլիստների մոտ բացակայում է գաղափարախոսությունը, երկրորդ՝ իշխանության գալուց հետո նրանց սանձազերծած բռնաճնշումները չեն համեմատվի 1930-ականների Գերմանիայի հետ):

Հիշեցման նպատակը պարզ է՝ մի՛ իդեալականացրեք Մարությանին: Անձամբ ես չեմ իդեալականացնում՝ պարզապես արձանագրում եմ հեղափոխական զինակիցների միջեւ միանգամայն օրինաչափ հակասությունները:

Բայց սիրված դերասանի ելույթն ու համապատասխան ոռնոցն ինձ հիշեցրեց մեկ այլ օրինաչափության մասին: Հոգեբանության եւ քաղաքագիտության մեջ այն կոչվում է «լռության պարուրագիծ», երբ մարդիկ ասում են ոչ թե այն, ինչ մտածում են, այլ այն, ինչ, իրենց կարծիքով, մտածում է մեծամասնությունը կամ, համենայնդեպս, այն, ինչը կարժանանա այդ մեծամասնության դրվատանքին: Եթե դուք մտնում եք սենյակ, որտեղ բոլորը, ենթադրենք, գովերգում են թմրանյութի օգտակարությունը, դուք, լինելով առողջ ապրելակերպի կողմնակից, այնուամենայնիվ, շատ հնարավոր է, զգուշավորություն կդրսեւորեք. կա՛մ կմեղմացնեք ձեր տեսակետը, կա՛մ էլ ընդհանրապես կլռեք:

Հասարակական կարծիքի այս տեսության տեսանկյունից, լռությունը կարող է տպավորություն ստեղծել, որ բարձր հնչող, աղաղակվող տեսակետը մեծամասնությանն է, բայց շատ դեպքերում այդ մեծամասնությունը կեղծ է՝ մեծամասնության պատկերն առաջանում է լռողների եւ հարմարվողների դիրքորոշման պատճառով: Երեւի չեք զարմանա, եթե իմանաք, որ այդ տեսության հեղինակը գերմանացի ընկերաբան Էլիզաբեթ Նոյել-Նորմանն էր, որը երիտասարդության տարիներին համագործակցում էր Յոզեֆ Գեբելսի հետ: Գեբելսյան քարոզչությունը դասական օրինակ է, թե ինչպես է կեղծ մեծամասնությունը դառնում իրական մեծամասնություն՝ «լռության պարուրագծի» հետեւանքով: 1931-32 թվականներին գերմանացիների հսկայական զանգված նացիստական գաղափարները հրեշավոր էր համարում, բայց լռում էր՝ վախենալով փոքրամասնության մեջ հայտնվելուց ու քարկոծվելուց:

Այսօր 2018 թվականի հեղափոխականների հիստերիկ ճչոցները շատերին արտառոց են թվում, իսկ մյուս կողմից՝ շատերը շարունակում էր հրճվել դրանցով, չնայած կարծում եմ, որ հրճվողների շարքերը նոսրացել են: Իսկ մի մասն էլ հրճվում է արտերկրում ապրող մեր հայրենակցի հայհոյախառն ելույթներով: Գուցե նրա՞նք են լինելու մեր հաջորդ «մեծամասնությունը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031