Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր երկիրը պետք է շահագրգռված լիներ Հայաստանի չեզոքության մեջ. «Սպիտակ թուղթ»

Դեկտեմբեր 23,2021 14:00

Սկիզբը՝ այստեղ:

«Չեզոքության տեսլականը Հայաստանի քաղաքական մտքի եւ, առավել եւս, նրա ղեկավարների ու
դիվանագետների համար անծանոթ տարածք է»

Զինված եւ միջազգայնորեն երաշխավորված չեզոքության գաղափարը

Հայաստանը կարող է սկսել մտածել նման տարբերակի մասին եւ այդ հարցի վերաբերյալ նախնական քննարկում նախաձեռնել իր երկու հարեւանների հետ: Ո՞ր երկիրը պետք է շահագրգռված լիներ Հայաստանի չեզոքության մեջ, որպեսզի այս տարբերակը իրագործելի դառնա:

Առաջին՝ Ռուսաստանը եւ Թուրքիան, երկրորդ՝ Իրանը, երրորդ՝ արեւմտյան գործընկերները (ԱՄՆ/ԵՄ): Բացասական արձագանքներ պետք է ակնկալվեն, առաջին հերթին, Ռուսաստանից: Տարբեր տարածաշրջանային թատերաբեմերում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցող մրցակցության/համագործակցության ընթացքում նրանք հակված չեն լինելու կորցնել ազդեցության գոտին ՀԿ-ում, եթե դրա դիմաց որեւէ բան չեն ստացել:

Նոր պայմանավորվածությունը կարող է լինել ավելի ընդգրկուն պայմանավորվածության բաղկացուցիչ մասը: Պատմականորեն միայն նահանջող կամ ժողովրդավարական կայսրություններն են ընդունել երրորդ երկրի չեզոքությունը: Թուրքիան եւ Ռուսաստանը մրցում են գերիշխանության համար եւ ուժեղ բռնապետական ռեժիմներ են: Այնուամենայնիվ, նրանց աշխարհաքաղաքական դիրքը եւ տնտեսական բարենպաստությունը կարող են ինչ-որ պահի ստիպել նրանց՝ ավելի ճկուն վերաբերմունք որդեգրելու: Դա կարող է լինել այն ժամանակ, երբ քննարկումները արագանան, եւ չեզոքության տարբերակն ավելի գործնական դառնա:

Եվրոպական, ամերիկյան, ռուսական եւ մյուս գործընկերների հետ այդ տարբերակի վերաբերյալ նախնական քննարկումներն ու շփումներն անհրաժեշտ կլինեն՝ գնահատելու համար իրագործելիությունը եւ թե ինչպիսի աջակցություն ու տնտեսական շահույթներ կարող է ակնկալել Հայաստանը՝ այդ քայլի նախապատրաստման ընթացքում:

Եթե որոշ միջազգային գործընկերներ ընդունում են Հայաստանի նպատակը, ապա պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն արտոնյալ պայմաններում պաշտպանողականորեն զինելու Հայաստանը՝ այս կարգավիճակը եւ նրա ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Ուստի, որքան շուտ Հայաստանն այսօր կարողանա համագործակցել տարբեր գործընկերների հետ, այնքան ավելի լավ հնարավորություն կունենա ապագայում անվտանգության դաշինքից անցնելու չեզոքության: Մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Հայաստանի հետ համագործակցության եւ զենքի գործարքների մակարդակը բարձրացնելու առաջարկներ են արվել: Գուցե արժե ուսումնասիրել այն հնարավորությունը, որ Ֆրանսիան, Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կարող են դառնալ զենքի առեւտրի գործընկերներ՝ ուղղված պաշտպանական միջոցներին:

Այս տարբերակը ձեռք է բերում արդիականություն եւ իրագործելիություն, եթե այն դառնա ՀԿ տարածաշրջանային տարբերակ, որով Վրաստանը կդադարեցներ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր քաղաքականությունը, իսկ Ադրբեջանը չէր զբաղվի Թուրքիայի հետ հետագա ռազմական համարկմամբ (integration): Այդ դեպքում, նույնիսկ Ռուսաստանի համար դա կարող է ընդունելի փոխզիջում լինել:

Եթե Հայաստանը որդեգրեր այդ կողմնորոշումը, ուրեմն այդ հեռանկարը կքննարկեր Վրաստանի եւ Ադրբեջանի հետ՝ փաստարկելով, որ ՀԿ երեք երկրները կլուծեն իրենց՝ անկախության եւ խաղաղության խնդիրները, եթե միասին ընտրություն կատարեն մի ընդհանուր չեզոք տարածքի օգտին: ԱՄՆ-ը եւ Եվրոպան միշտ երեք երկրներին նայել են որպես մի ընդհանուր փաթեթի. հետեւաբար, նրանք կողջունեին նման ընդհանուր առաջարկը:

Գերտները չեզոքության հարց է առաջ քաշում Արեւելյան գործընկերության մի շարք պետությունների համար.
«ԵՄ՝ հարեւանությանը վերաբերող քաղաքականության, ժողովրդավարության խթանման, օրենքի գերակայության եւ շուկայական տնտեսության սկզբունքները կարեւոր են: Արեւելյան Եվրոպայի երկրները (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Բելառուս) հանդիսանում են Եվրոպական հարեւանության քաղաքականության մասը (ԵՀՔ), որը կենտրոնանում է ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ առեւտուրը եւ ներդրումները, ֆինանսները, էներգետիկան եւ տրանսպորտը՝ մյուսների շարքում: Այս պետությունները հայտնվել են «աշխարհաքաղաքական երկընտրանքի» առջեւ՝ Բրյուսելի եւ Մոսկվայի նկատմամբ իրենց արտաքին ու անվտանգության քաղաքականությունների կողմնորոշմամբ. ԵՄ-ի հետ ավելի սերտ քաղաքական ասոցացում եւ տնտեսական համարկում՝ մի կողմից, Ռուսաստանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը եւ Ղրղըզստանը) հետ բարելավված գործընկերություն՝ մյուս կողմից: Այս երկրների չեզոքությունը կարող էր նպաստել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ավելի սերտ տնտեսական համագործակցությանը եւ վերջ դնել նրանց միջեւ եղած կացությանը, որն անկայուն է եւ անցանկալի»:

Այս տարբերակը պայմանավորված է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների որակով: Որպեսզի լիցքաթափումը հնարավոր լինի, անհրաժեշտ է նոր ձնհալ (détente) կամ Ռուսաստանի աստիճանական կամ դրամատիկ նահանջ: Նախնական խորհրդակցություններ սկսելու համար ճիշտ պահն ընտրելու հարցով Հայաստանը կարող է նաեւ մտածել ժամանակի այն հնարավոր կետի մասին, երբ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները դառնան առավել խոր եւ ամուր, իսկ Արեւելք-Արեւմուտք լարվածությունը թուլանա:

Արեւմտյան երկրները շահագրգռված կլինեին Արեւելյան Եվրոպայի չեզոք երկրների անվտանգության նոր ճարտարապետությանն ուղղված բանակցությունների հարցում՝ տարածաշրջանը կայունացնելու եւ Ռուսաստանի հետ պատերազմի ռիսկերը նվազեցնելու համար: Մշտական չեզոքությունն այս պետությունների համար (ամբողջ Արեւելյան գործընկերությունը) կդառնար անվտանգության այդ նոր ճարտարապետության առանձնահատկությունը:

Գնահատում. այս այլընտրանքը պետք է քննարկել՝ այն համեմատելով ամեն բան Ռուսաստանի գնացքին կապելու եւ այդ երկրի հետ ամբողջական ռազմավարական համարկման այլընտրանքի հետ: Ռուսական սցենարն ավելի հեշտ է եւ իրագործելի: Այստեղ Ռուսաստանի կորուստը Հայաստանի աշխարհառազմավարական ինքնավարությունն է, եթե ոչ ուղղակի ինքնիշխանությունը: Բացի այդ, ոչինչ չի վստահեցնում, որ հայ ժողովուրդը կբարգավաճի ռուսական տիրապետության ներքո: Եթե արտաքին քաղաքականության նպատակը պետական միջոցներով ազգային շահերի պաշտպանությունն է, ապա այդ սցենարի պարագայում չի բացառվում այդ նպատակից, այսինքն՝ ազգային շահերի հետապնդումից, հնարավոր հրաժարումը:

Մյուս կողմից, չեզոքության տեսլականը Հայաստանի քաղաքական մտքի եւ, առավել եւս, նրա ղեկավարների ու դիվանագետների համար անծանոթ տարածք է: Չկա իրագործելիության որեւէ երաշխիք՝ հաշվի առնելով այսօրվա համատեքստը: Բայց նոր կառավարությունը, որը նախ կվերականգնի երկրի կառավարելիությունը եւ կսկսի ամենահրատապ սահմանադրական բարեփոխումներ, գուցե նպատակահարմար համարեր այս սցենարը մանրակրկիտ ուսումնասիրել:

Շարունակելի «Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության
քաղաքականությունները

Ռոբերտ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
Ժիրայր ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
Թալին ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
22.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031